Ռուսաստանի դիրքորոշումը փաստացի գործառույթով արտահայտված է․ Բերձորում կանգնած են ռուս խաղաղապահները. Սուրեն Պետրոսյան

Ռուսաստանի դիրքորոշումը փաստացի գործառույթով արտահայտված է․ Բերձորում կանգնած են ռուս խաղաղապահները. Սուրեն Պետրոսյան

Yerevanlur–ի զրուցակիցն է  «Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

Երեկ Բրյուսելում Ադրբեջանի նախագահը եռակողմ բանակցություններից առաջ հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի նման՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն։ Ի՞նչ է փորձում իրականացնել Ադրբեջանը և ի՞նչ վտանգներ եք տեսնում այստեղ։

Սա Հայաստանի Հանրապետության համար առաջնային սպառնալիք է, ըստ որի Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ։ Սա մոտ 80 և ավելի տարիների քաղաքականություն է։ Իրենք դեռ նախկինում էին առաջ քաշում այդ օրակարգը և հետևողականորեն իրականացնում են իրենց նպատակները։ Ես վախենում եմ, որ հնարավոր է այս օրակարգը մատուցվի հենց Հայաստանի իշխանությունների կողմից, իրենք կասեն՝ գիտեք, եթե մենք ցանկանում ենք Արցախի հետ հաղորդակցվել, ապա իրենց էլ է պետք հնարավորություն տալ՝ Նախիջևանի հետ հարաբերվելու։ Այսինքն, հասարակությանը կմատուցվի որպես հավասարը հավասարին փոխանակում, բայց, բնականաբար, այստեղ դրա մասին խոսք անգամ չի կարող լինել, սա ազգային անվտանգության առաջնային սպառնալիքն է։

 Մենք խնդիր ունենք կանխելու «միջանցքի» տրամաբանությունը։ Խոսքը չպետք է հասներ այս ամենին, սակայն իշխանությունը նույն տրամաբանությամբ կարող է մեզ ասել՝ Լաչինում, Բերձորում մաքսակետեր չեն դնում, հետևաբար այստեղ էլ պետք է հավասարություն պահել, բայց չպետք է մոռանալ, որ Արցախը, Բերձորն ու Լաչինը մեր վերահսկողության ներքո են, անկախ ռուս խաղաղապահներն են վերահսկում, թե ոչ և չպետք է որևէ պարագայում դա սակարկել։

Դեռ նախորդ ամսին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովն ակնարկում էր Լաչինի միջանցքի հարցը, երբ մեղադրում էր Հայաստանին եռակողմ հայտարարության իրագործումը ձգձգելու մեջ, Ալիևը ևս օրեր առաջ «Զանգեզուրի միջանցքը» Սյունիքում Լաչինի կրկնօրինակը դարձնելու մասին ակնարկներ արեց, իսկ Ռուսաստանն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում։

Ռուսաստանի դիրքորոշումը փաստացի գործառույթով արտահայտված է․ Բերձորում կանգնած են ռուս խաղաղապահները։ Եթե սա հակասեր Ռուսաստանի պետական ու ազգային շահերին, նա երբեք չէր ներկայանա այդ տարածքում, հետևաբար իր շահերից էլ է բխում։

Իսկ Ռուսաստանի համար Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի հնարավոր ներկայությունը Սյունիքում մտահոգիչ չէ՞։

– Իրականում դա լրջագույն խնդիր է Ռուսաստանի համար։ Ռուսաստանը մինչև այսօր կարողացել է տարածաշրջանից հեռու պահել Թուրքիային, հիմնական մենաշնորհը պատկանում է իրեն, բայց այսօր նա ոչ միայն ռազմական առումով է ներկա տարածաշրջանում, որի վառ օրինակը Աղդամում ռուս-թուրքական մոնիտորինգի հիմնումն է, այլև լեգիտիմ շրջանակներում՝ «3+3» ֆորմատի գործարկումը, բայց այստեղ Ռուսաստանը չունենալով այլընտրանք՝ գնում է սակարկությունների, որովհետև նա Թուրքիայի հետ ունի հակամարտության 7 ակտիվ կետ, և եթե նախկինում կարողանում էր ինչ-որ կերպ զսպել վերջինիս, այժմ չի կարող։ Մյուս տարբերակն այն է, որ չգիտենք, թե ռազմավարական ինչ նպատակներ ունի Ռուսաստանը և ինչպես է սպասարկում իր պետական շահը։

Պարոն Պետրոսյան, բրյուսելյան հանդիպման արդյունքում կողմերը վերահաստատեցին երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը, որով Հայաստանը երկաթուղային կապ կունենա դեպի Իրան և Ռուսաստան։ Ի՞նչ է սա տալու Հայաստանին։

– Երկաթուղին ոչ տնտեսական, ոչ մնացած առումներով ոչ մի խնդիր չի լուծելու։ Կարևոր է, թե ինչ համատեքստում է երկաթուղի բացվում։ 30 տարի Թուրքիան Հայաստանի նկատմամբ իր պահանջներից չի հրաժարվել, ինչու՞ որոշեց հիմա հարաբերություններ հաստատել՝ Հայաստանի տապալված պայմաններում․ արդյո՞ք Հայաստանը բավարարել է Թուրքիայի պահանջները և արդյո՞ք այս գործընթացն այդ կոնտեքստում է տեղի ունենում։ Սրան գումարենք նաև այն փաստը, որ օրերս Հայաստան ժամանեց Ժիրայր Լիպարիտյանը, ով Հայաստանին «պատրաստում» էր հայտնի օրակարգի լեգիտիմացմանը։

 Մարիամ Ասատրյան

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին