Պոեզիայի միջազգային օրը ընթերցողներին ներկայացվեց Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուն

Պոեզիայի միջազգային օրը ընթերցողներին ներկայացվեց Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուն

 Բանաստեղծ Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուն հեղինակի ստեղծագործական ինքնատիպ կարելիությունների նոր արտահայտությունն է:

Գիրքը, որը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, ընթերցասերների դատին հանձնվեց Պոեզիայի միջազգային օրը՝ մարտի 21-ին, «Դարան» գրախանութում:

«Հարենցը վերջին տարիների Հայաստանի ամենաբեղուն բանաստեղծներից է: Առնվազն յոթ գիրք միասին ենք հրատարակել: Հարենցն այն ստեղծագործողներից է, որի ժողովածուները հրատարակելիս քննարկումներ չեն լինում: Երբ նա որևէ գիրք է բերում, մենք այն պարզապես հրատարակում ենք: Հարենցը մեր ժամանակների ամենահետաքրքիր մտածողությամբ պոետներից է, պոետ, որն իրացնում է բանաստեղծության՝ որպես գիտության մասին իր բոլոր պատկերացումները: Քիչ առաջ ասում էի, որ պոեզիան գիտություն է, իսկ Հարենցի պոեզիայում դա առավել ակնառու է»,- նշում է գրականագետ, «Անտարես»-ի գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը: 

Նրա խոսքով՝ «Մենակի ծնուշ»-ը կարդալիս անհրաժեշտ են ոչ միայն զգացողություններ, պատկերների շուրջ հետաքրքրվածություն, այլև գիտելիք, որ հնարավոր լինի հաղթահարել բանաստեղծության խութերը: Ըստ Նիկողոսյանի՝ խութերը հաղթահարելուց հետո գիրքը պարգևում է գերագույն հաճույք: «Այն բացառիկ լեզվազգացողությունը, լեզվաիմացությունը, կասեի լեզվագիտությունը, որն Էդուարդը դրսևորում է իր ժողովածուներում, մասնավորապես, «Մենակի ծնուշ» գրքում, ուղղակի աներևակալի է: Նրանց, ովքեր կծանոթանան գրքին, խորհուրդ կտամ բանաստեղծությանը երկու կերպ մոտենալ՝ որպես ընթերցող, որը կարդում է և փորձում է հաղթահարել, և  որպես տեսանող՝ ոչ միայն այդ բառի սուր տեսլական իմաստով, այլև ընդգրկել բանաստեղծությունների վիզուալ պատկերները, որովհետև դրանք շատ բան կփոխեն և՛ ընկալումներում, և՛ մոտեցումներում»,-շեշտում է գրականագետը: 

Նա տեղեկացնում է, որ գրքում կարելի է հադիպել բազմաթիվ, գուցե մեզ համար անծանոթ տառադարձական, գրադարձական ձևերի, հանդիպել շեղատառերի: Ըստ Նիկողոսյանի՝ կարևոր է նաև բանաստեղծական տողի դադարը, որը Հարենցը շատ լավ է կիրառում իր գործերում: «Երբ Հարենցի տրամաբանությամբ կարդաք նրա պոեզիան, դադարները կօգնեն հստակ պատկերացնել գիրքը»,- եզրափակում է Արքմենիկ Նիկողոսյանը: 

Էդուարդ Հարենցը (Հարությունյան) տպագրվել է Թեհրանի «Ալիք», «Գրական թերթ», «Նոր հայացք», «Գրեթերթ» և այլ պարբերականներում։ 2007 թվականին արժանացել է Հայաստանի գրողների միության և Երևանի պետական համալսարանի համատեղ ստեղծագործական մրցույթի երկրորդ կարգի մրցանակի։ Մի քանի անգամ արժանացել է «Գրեթերթի» մրցանակի՝ պոեզիա՝ թերթի 2007 թվականի թիվ 5-ում տպագրած բանաստեղծական շարքի համար, թարգմանություն արաբերենից՝ Ադոնիսի բանաստեղծական շարքի թարգմանության համար (2009, թիվ 1), պոեզիա, բանաստեղծական շարք (2011, թիվ 1), թարգմանություն, Մարալ-Ալ Մասրի, (2011, թիվ 4), թարգմանություն, «Հելենա Կրուկ» (2013)։ Էդուարդ Հարենցը հայերեն է թարգմանում արաբական ու ֆրանսիական հին ու ժամանակակից ստեղծագործություններ։

Պոեզիայի միջազգային օրը ընթերցողներին ներկայացվեց Էդուարդ Հարենցի «Մենակի ծնուշ» ժողովածուն | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն (armenpress.am)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին