Պետք է վերջնագիր ներկայացնել, եթե Ադրբեջանը դրանով չառաջնորդվի, պետք է մշակենք ռազմական օպերացիա․ փորձագետ

«Ադրբեջանի գործողությունները սադրիչ են, և նա այդ կերպ առայժմ ցանկանում է այս հատվածում ևս հոգեբանական գրոհ սկսել, բայց կարծում եմ՝ մենք պետք է խառնենք Ադրբեջանի հաշվարկները, քանի որ նա այլևս անցել է ՀՀ սուվերեն տարածքը և ոտնձգություն է կատարել Հայաստանի նկատմամբ»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական կողմի սադրանքին՝ Սև լճի տարածքում ՀՀ սահմանից 3․5 կմ առաջ անցնելու փաստին։
Ըստ նրա՝ ոչ միայն Իշխանասարը, այլև Հայաստանի Հանրապետության նմանատիպ բարձունքները ռազմավարական առումով ունեն շատ կարևոր նշանակություն։ Հովհաննիսյանի համոզմամբ՝ եթե ռազմավարական ասելով հասկանում ենք միայն Հայաստանը պաշտպանող տարածքները, ապա դա թյուրըմբռնում է, որովհետև ռազմավարական առումով նաև կարևոր են այն տարածքները, որոնք մեր վերահսկողության տակ լինելով հանդերձ, վերահսկողության տակ են պահում Ադրբեջանի ռազմավարական օբյեկտները։ Իշխանասարը, նրա խոսքով, ևս մտնում է այդ ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների մեջ և այն շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի, որովհետև այդտեղից ոչ միայն վերահսկվում է Սիսիան-Գորիս ճանապարհը, այլ նաև Սիսիանի օդանավակայանը։
Փորձագետի կարծիքով՝ այսօր Հայաստանը բանակցելու ոչինչ չունի․ «Մենք միայն վերջնագիր կարող ենք ներկայացնել իրենց զինված ուժերը կամ ներկայացուցիչներին հետ քաշելու առումով։ Եթե Ադրբեջանը վերջնագրով չառաջնորդվի, ապա մենք պետք է մշակենք ռազմական օպերացիա և դրա միջոցով ետ շպրտենք իրենց, քանի որ դա ՀՀ սուվերեն տարածքն է»։
Թե ինչպե՞ս է հակառակորդը կարողացել 3․5 կմ առաջ գալ և ո՞վ է կրում պատասխանատվություն, Կ․Հովհաննիսյանը նշեց․ «Պատասխանատուն միայն ու միայն ՀՀ իշխանությունն է։ Այլ պատասխանատուներ կամ սլաքներն այլ տեղ ուղղել չի կարելի։ Պատասխանատուն իշխանությունն է և այդ պատասխանատվությունը ՀՀ Սահմանադրությամբ է ամրագրված։
Միջազգային փորձի համաձայն՝ նմանատիպ դեպքերում, եթե իրավիճակը տեղի է ունեցել, ներկայացվում է վերջնաժամկետ։ Վերջնաժամկետին չենթարկվելու դեպքում դրան հետևում է ռազմական էսկալացիան։ Իսկ նորմալ երկրներում, որպես կանոն, այլ պետություն չի ներխուժում այլ պետության տարածք։ Մեր դեպքում այդպես է, ցավոք սրտի, և մենք հաշվի չենք առնում փորձագիտական դաշտին։ Ես հունվար-փետրվար ամիսներին բարձրաձայնել եմ, որ մեր երկրում նմանատիպ իրավիճակներ են լինելու և, այդ ամենը հաշվի չառնելով, այսօր ունենք այս խնդիրը։ Այսինքն, այստեղ նաև պետությունը պետք է աշխատի փորձագիտական դաշտի հետ, որը, ցավոք սրտի, չկա»։