Պետք է ապրել Հայաստանում՝ «3+3»-ի հնարավորությունների մասին խորհուրդ տալու համար. Մանասերյանը՝ ռուսաստանցի պրոֆեսորին

Տարածաշրջանային համագործակցության «3+3» բանակցային հարթակի նախաձեռնությունը անմիջական կապ ունի եվրասիական ինտեգրման և Եվրասիական տնտեսական միության տնտեսական օգուտների մեծացման հետ: Այդ մասին ասել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և տարածաշրջանագիտության պրոֆեսոր, պատմագիտության դոկտոր Թամարա Գուզենկովան՝ իբրև հրավիրված բանախոս ելույթ ունենալով Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա համաժողովի շրջանակներում:
Այդ համատեքստում Գուզենկովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ դիվանագիտական և փորձագիտական քննարկումներին՝ բարձրացնելով այն հարցը, թե նոր բանակցային ձևաչափը ինչ նոր բան կարող է առաջարկել տարածաշրջանային իրավիճակի հանգուցալուծմանը:
«Ես այդ առումով հանգիստ եմ նայում գործընթացներին և հասկանում եմ, որ «աստղերը վառվում են»՝ նշանակում է, որ դա ինչ-որ մեկին պետք է: Այլ խոսքերով՝ հնացած բանակցային հարթակներին, որոնք հոգեբանորեն և դիվանագիտորեն սպառել են իրենց և չեն կարող սկզբունքորեն նոր բաղադրիչ առաջարկել հիմնախնդրի լուծմանը, փոխարինում են բանակցային նոր հարթակներ: Եվ դա շատ նորմալ է ու բնական», – կարծում է պրոֆեսորը:
Միևնույն ժամանակ, անդրադառնալով նմանատիպ նախաձեռնությունների նկատմամբ հայ հասարակության մտավախություններին և զգուշավորությանը՝ Թամարա Գուզենկովան շեշտեց, որ դա խորհրդակցական՝ «կոնսուլտատիվ» հարթակ է, որը միտված է տնտեսական խնդիրների լուծմանը:
«Եթե խոսենք, օրինակ, հայկական կողմի մասին, հույս ունեմ, որ իմ հայ գործընկերներն ու բարեկամները ինձնից չեն նեղանա, բայց իմ կարծիքով՝ հայ ժողովրդին և քաղաքական իսթեբլիշմենթին զգալի չափով հատուկ է «վիկտիմության»՝ պատմական զոհի սինդրոմը, հայ ժողովրդի հանդեպ պատմական անարդարության սինդրոմը: Իսկ ինչպե՞ս է դա փոխակերպվում քաղաքական պրակտիկայում: Դրանք կասկածամտության, զգուշավորության տարրերն են, հավելյալ հարաբերությունների և դաշինքների մեջ մտնելու մտավախությունը՝ հայ հասարակության վիճակին չվնասելու համար: Այդ ամենն, իհարկե, հարկավոր է հաշվի առնել, հասկանալ և հաղթահարել: Բայց ինձ թվում է, որ այս իրավիճակում շատ կարևոր է նաև այդ գործընթացին մասնակցող քաղաքական դասի կամային ինքնակազմակերպումը», – նշեց Գուզենկովան:
Ռուսաստանցի պրոֆեսորի կարծիքով՝ հայ քաղաքական գործիչները «չափից ավելի շատ են կախված հանրային կարծիքից»: Ըստ նրա՝ քաղաքական գործիչները, դիվանագետները և ոչ կառավարական կազմակերպությունները լուրջ աշխատանք պետք է իրականացնեն երկրում լարվածության աստիճանը իջեցնելու համար:
«Ես կուզեի նախազգուշացնել և որպես կին խորհուրդ տալ հայ գործընկերներին և բարեկամներին ուշադիր հետևել այս իրավիճակին և պահը բաց չթողնել, բաց չթողնել իրենց հնարավորությունների պահը, քանի որ իրավիճակը չափից ավելի շատ լարելը, սեփական շահերի բացարձակացումը և զիջելու ծայրահեղ դժկամությունը կարող են զրկել ձեզ այն հեռանկարներից, որոնք այժմ բացվում են ձեր առջև», – հավելեց Թամարա Գուզենկովան:
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հակադարձեց ռուսաստանցի պրոֆեսորին՝ ընդգծելով, որ պետք է ապրել Հայաստանում այդ տեսանկյունից հայ հասարակությանը խորհուրդներ տալու համար:
«Հայ հանրության զգուշավորության և «վիկտիմության» սինդրոմի վերաբերյալ պետք է ասեմ, որ, իհարկե, նման բան կա, դրա համար էլ մենք քննադատում ենք ինքներս մեզ և մեր առջև խնդիր ենք դնում առաջ շարժվելու, բայց հիշողությունը ոչ ոքի մոտ չի կորել, և մենք սովորում ենք թե՛ մեր և թե՛ բարեկամների ստացած դասերով: Ինչ վերաբերում է հնարավորությունները բաց թողնելուն՝ ես Ձեզ խորհուրդ կտամ, Դուք իմ շատ լավ գործընկերն եք, բայց պետք է ապրել Հայաստանում, որպեսզի այդ տեսանկյունից խորհուրդ տալ բաց չթողնելու «3+3»-ի հնարավորությունները: Շատ դժվար է բարեկամություն անել մի երկրի կամ երկրների հետ, որոնք դեռ նույնիսկ չեն էլ ավարտել մեր դեմ պատերազմը, որոնք հերոսացնում են քնած մարդուն գլխատողին, որոնք այսօր խոսում են տրանսպորտային կոմունիկացիաները բացելու մասին, բայց չեն բացում ներքին կոմունիկացիաները, որպեսզի մարդիկ կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմանները հարևան գյուղերում: Դա զուտ հումանիտար խնդիր է», – դիմելով Թամարա Գուզենկովային՝ ասել է Թաթուլ Մանասերյանին:
Տնտեսագետը կարծում է, որ այդ խնդիրների լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է հասնել նրան, որ ազնվությունն ու արդարությունը գերակայեն մեր փոխհարաբերություններում:
«Մենք չենք կարող նման հիմքեր ունենալով ասել՝ «բարի գալուստ մեր երկիր, պարոն Ալիև», որը նույնիսկ Երևանն է համարում «բնիկ ադրբեջանական հող»», – շեշտեց Թաթուլ Մանասերյանը:
Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա ժողովը և «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամության 7 տարին. եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» թեմայով համաժողովը կազմակերպել էին Եվրասիական փորձագիտական ակումբը և «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը: Համաժողովին մասնակցում էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը, Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի դեսպանությունների դիվանագետները, Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները և Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները, այդ թվում՝ համաժողովի բանախոսները՝ ռուսաստանցի պրոֆեսոր Թամարա Գուզենկովան, տնտեսագետ Աշոտ Թավադյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը և սոցիոլոգ Սամվել Մանուկյանը:
Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակի առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ա. Ռուդենկոյի, Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խ. Խալաֆովի, Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վ. Գևորգյանի, Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ս. Օնալի և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ա. Հագիգիանի համանախագահությամբ: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ կողմերը պայմանավորվել են հարթակի աշխատանքները կենտրոնացնել այնպիսի գործնական հարցերի վրա, որոնք հետաքրքրում են բոլոր մասնակիցներին:
Ըստ Թուրքիայի արտգործնախարարության դեկտեմբերի 9-ի հայտարարության՝ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը առաջարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: