Պատերազմն ավարտվեց․ նոր պատերազմի խնդիրը
«Պատերազմը չի ավարտվել»: Հայաստանում հաճախ է հնարավոր լսել այդ արտահայտությունը, տարբեր քաղաքական և ոչ այնքան քաղաքական առիթներով: Հասկանալի է, որ այդ արտահայտության իմաստը վտանգների և սպառնալիքների առկայությունն է այնպես, ինչպես պատերազմի ընթացքում էր կամ դրանից առաջ: Այդուհանդերձ, հիշյալ արտահայտությունը, խոշոր հաշվով, ոչինչ չասող և ավելին, իրական քաղաքականության հետ աղերս չունեցող կամ քիչ աղերս ունեցող հայտարարություն է, որքան էլ հասկանալի է դրա ներքո նկատի առնվող միջավայրային իրավիճակից բխող տագնապի օբյեկտիվ հիմքը: Բանն այն է, որ տագնապի շեփոր խփելն ինքնին դեռ ոչինչ է, եթե հանգամանալից և առավելագույնս ճշգրիտ առումով սահմանված չէ վտանգի, սպառնալիքի, ռիսկի տեսակը, բնույթը, ուղղությունը՝ որտեղից այն կարող է գալ, բովանդակությունը, մոտիվը և այլն: Այդ տեսանկյունից, Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունն ու կերպարը ինքնին բոլորովին բավարար չեն այդ եզրահանգումների համար, որովհետև Թուրքիայի և նրա սատելիտ Ադրբեջանի գործողությունները կարող են լինել ամենատարբեր և, ընդհանուր առմամբ, դրանք իրենց վրա կրելու են նաև աշխարհաքաղաքական միջավայրային ազդեցություն:
Հետևաբար՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Անկարան ու սատելիտ Բաքուն միշտ ունենալու են Հայաստանի հանդեպ նկրտումներ և ագրեսիվ հակումներ, սակայն դա ինքնին բավարար չէ մեր դիմադրունակությունը կազմակերպելու և կառուցելու համար: Դրա համար մեզ պետք է հանգամանալից հասկանալ, թե ինչ միջավայրեր կարող են լինել, որովհետև այդ միջավայրերում նկրտումներն ու ագրեսիվ հակումները կարող են ունենալ տրամագծորեն տարբեր դրսևորումներ: Այդ իմաստով է, որ պատերազմը չի ավարտվել արտահայտությունը, հանրային զգայական սպառման դաշտում լինելով հասկանալի, ռացիոնալ գնահատումների դաշտում քիչ աղերս ունի իրականության հետ: Պատերազմն ավարտվել է, Արցախի դեմ թուրք-ահաբեկչական 44-օրյա պատերազմն ավարտվել է: Այն չի շարունակվելու: Ավարտվել է, ինչպես ավարտվել էր Արցախի առաջին պատերազմը, ինչպես ավարտվել էր Քառօրյա պատերազմը 2016-ին, ինչպես դրանից առաջ ավարտվել էր ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Այս պատերազմն էլ ավարտվել է: Դա նշանակո՞ւմ է, որ այլևս չկա պատերազմի սպառնալիք, վտանգ, չկան անվտանգային ռիսկեր: Իհարկե, ոչ:
Ասել, որ պատերազմն ավարտվել է, չի նշանակում ասել, թե չի լինի նոր պատերազմ: Բայց նոր պատերազմն ու չավարտված պատերազմը տարբեր բաներ են: Պատերազմները կառուցված են բազմաթիվ մեծ ու փոքր բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրը բերում է վճռորոշ տարբերության:
Ինչպես որ էապես տարբեր էին Արցախի առաջին պատերազմն ու Ապրիլյան քառօրյան, տարբեր էին Ապրիլյան քառօրյան և 44-օրյա պատերազմը:
Հիմա ներկայիս մի էական հանգամանքի մասին: 44-օրյա պատերազմը սկսվել էր առանց պատերազմի գոտում ռուսական ռազմական ներկայության:
Հիմա կա ռուսական ռազմական ներկայություն: Սա հիմնարար նշանակության տարբերություն է՝ խոսելու համար, որ չկա պատերազմի շարունակություն, ռազմական գործողությունների դեպքում գործ ենք ունենալու արդեն նոր պատերազմի հետ: Կլինի դա, թե ոչ, սա արդեն այլ հարց է: Ընդհանրապես, պատերազմի կանխատեսման մասին խոսակցությունը լուրջ կարող է լինել, եթե կանխատեսումն ուղեկցվի գոնե մոտավոր ժամանակահատվածով: Այլապես, միայն Կովկասի պատմությունը բավարար է ասելու համար, որ այս ռեգիոնում պատերազմ դեռ լինելու է: Առավել ևս, որ գոյություն չունի կայուն աշխարհակարգ և նույնիսկ պարզ չէ՝ մենք նոր աշխարհակարգի ձևավորման փուլ ենք մտել, թե դեռ հնի ապամոնտաժման փուլում ենք: Բայց, անկախ նոր պատերազմի հավանականությունից, Հայաստանն՝ իբրև պետություն, պետք է իր կենսագործունեության հիմք վերցնի պատերազմի հավանականության կանխավարկածը և ապրի ու զարգանա այդ, ոչ թե պատերազմի բացառման կանխավարկածով: Այդ մասին ասել եմ միշտ, որ, օրինակ, ոչ մի կապ չունի՝ Ալիևը կամ Էրդողանը հոխորտում են, թե առավոտից երեկո խոսում խաղաղությունից, մենք պետք է աներկբա առաջնորդվենք պատերազմի կանխավարկածով և պատրաստ լինենք դրան: Ամբողջ հարցն այստեղ այն է, որ մենք պետք է պատրաստվենք ոչ թե վերացական՝ պատերազմ երևույթի սպասումով, այլ ձգտելով առավելագույնս «ճանաչել» հնարավոր պատերազմը, մինչ այն կմոտենա մեզ կամ կշրջվի դեմքով: Այդ տեսանկյունից, երբ մեր խոսույթում «պատերազմը չի ավարտվել» տրամաբանությունն է, մենք հոգեբանորեն շարունակում են ճանաչել մի բան, որն արդեն անցյալում է: Հենց այդ պատճառով է, որ մենք պետք է խոսենք նոր պատերազմի և այն ճանաչելու կանխարգելիչ քայլերի մասին, որպեսզի այդ խոսակցությունը զգայական-հռչակագրայինից առավելագույնս տեղափոխենք առարկայական դաշտ՝ մեր անելիքները հասկանալու և որոշելու իմաստով:
Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Պատերազմն ավարտվեց․ նոր պատերազմի խնդիրը | 1in.am