Ունենալու ենք շատ «սև» և «կեղտոտ» քարոզչական գործընթացներ․ Աղասի Մարգարյան

Ունենալու ենք շատ «սև» և «կեղտոտ» քարոզչական գործընթացներ․ Աղասի Մարգարյան

Yerevanlur-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանը։

Պարոն Մարգարյան, արդեն հայտնի է, թե որ ուժերն են մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ի՞նչ ընտրական գործընթաց է սպասվում Հայաստանում։
– Այսօր կանխատեսումներ անելը շատ անշնորհակալ գործ է, քանի որ ես անքան էլ վստահ չեմ, որ մենք այսօր տեսնում ենք այն լիարժեք պատկերը, որը կտեսնենք քարոզարշավի մեկնարկի օրը։ Հիմա, կարծես թե, ներքին լուրջ խմբավորումների գործընթացներ են, բանակցություններ են, ինչը շատ նորմալ քացաքական գործընթաց է, երբ քաղաքական դաշինքներ են ձևավորվում կամ ձևավորմանը միտված բանակցություններ են։
Մենք գտնվում ենք չափազանց անկայուն և լարված ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրադրության մեջ։ Սրան գումարած ապատեղեկատվության ու ինֆոտեռորի այն մթնոլորտը, որը մենք հիմա ունենք, հաճախ տեղ չի թողնում առողջ մտքի ու քաղաքական առողջ տեքստերի համար։
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ նախընտրական գործընթաց ու քարոզարշավ է սպասվում մեզ, եթե մեկ բառով ասեմ՝ «կեղտոտ»։ Ես չեմ ուզում հոռետեսական հայտարարություններ անել, բայց դա մեր իրականությունն է, և պետք չէ ռոմանտիկ ցանկություններ ունենալ։ Չէ, ինչ էլ ցանկանանք, մենք ունենալու ենք շատ «սև» և «կեղտոտ» քարոզչական գործընթացներ։ Այնպես չէ, որ այդ գործընթացները պետք է նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը սկսվեն, դրանք արդեն իսկ կան։ Եվ դրանք կան երևի վերջին 2-3 տարում։ Ուղղակի ուժգնության հարցն է, բայց այնպես չէ, որ այս փուլում պակաս թափով են ընթանում։ Այդտեղ և՛ ապատեղեկատվությունն է, և՛ կեղծ տեղեկատվությունը, և՛ մանիպուլյատիվ քարոզչական տեղեկատվությունը, և՛ կիսաճշմարտությունը։
Այստեղ, իհարկե, զանգվածային լրատվության միջոցները մեծ դեր ունեն խաղալու, բայց այդտեղ էլ մենք խնդիր ունենք, որովհետև Հայաստանում ներկա իրադրության մեջ չափազանց քիչ են այն կազմակերպությունները, որոնք կարող են համարվել ԶԼՄ։ Տեղեկատվական դաշտի գերակշիռ մասը ես համարում եմ, որ ինֆոբիզնեսով զբաղվող ձեռնարկություններ են, որոնց բիզնեսի առարկան ապատեղեկատվության այդ տեքստերն են։ Եվ այս ֆոնին հուսալ, որ մենք կունենանք առողջ քաղաքական բանավեճ, քննադատություն կամ ինքնաքննադատություն ու առողջ քարոզարշավ, կարծում եմ՝ այնքան էլ իրատեսական չէ։
Բայց այնուամենայնիվ, դաշտում ունենք նաև բավական նորաստեղծ երիտասարդ քաղաքական ուժեր, որոնց առաջնային խնդիրը պետք է լինի քաղաքական օրակարգի ձևավորումը և հնարավորինս այնպիսի քաղաքական տեքստերի հրապարակումը, որոնք կհետապնդեն հանրային, պետական շահը և, ընդհանրապես, միտված կլինեն մեր քաղաքացիների քաղաքացիական գիտակցության բարձրացմանը։ Թե ինչքանով դա կստացվի, չեմ կարող կանխատեսումներ անել, որովհետև ամեն դեպքում դաշտում կան այնպիսի ուժեր, որոնք տիրապետում են ֆինանսական, ֆինանսատնտեսական միջոցների։
Այսինքն՝ այդ ֆինանսական միջոցներն ու լծակները կարող են մեծ դեր խաղա՞լ այս ընտրություններում։
-Ոչ միայն այս ընտրություններում։ Մեր հավերժական խնդիրներից մեկը եղել է այդ ռացիոնալից հեռանալն ու ռոմանտիկ իդիոլոգիական բաներին տրվելը։ Միշտ բոլոր երկրներում բոլոր ժամանակներում ու բոլոր ընտրություններում որոշիչ դառնալու ամենամեծ հնարավորություններն ունեն ռեսուրսները՝ մարդկային, ֆինանսական, կապիտալի։ Չենք կարող այդ ամենն անտեսել։ Լինում են բացառություններ, որոնք հեղափոխություններ են, այդ թվում՝ 2018 թվականի շարժումը։ Բայց ընտրական գործընթացներում կապիտալն ամենամեծ ազդեցությունն է ունենում։ Հիմա այստեղ մեր հանրությունը մի դիլեմայի առաջ է հայտնվել՝ որոշիչ դեր կունենա շատ փոքր, նեղ ուժային կենտրոնը կամ խո՞ւմբը, որն ունի հսկայական ռեսուրսներ և փորձելու է դա ռեալիզացնել, թե՞ այնուամենայնիվ մեր հանրության լայն շերտերը կկարողանան դիմակայել այդ ռեսուրսներին, և մենք կունենանք գոնե մրցակցային ու ժողովրդավարությանը մոտ ընտրություններ։
Մարդկանց մասնակցությունն ինչպիսի՞ն կլինի։ Տեսանելի է, որ ընտրական գործընթացների նկատմամբ անտարբերություն կա։
– Ոչ միայն անտարբեր են, ես կասեի՝ ավելի շատ զզված են, որովհետև քաղաքական ու մերձքաղաքական քարոզչության այս ծայրահեղ կատալիզացումն ուղղակի մարդկանց հոգնեցնում է։ Եվ դա նորմալ է։ Շատ վատ է, որ այդպես է, բայց նաև նորմալ է, որովհետև մենք ունեցել ենք պատերազմ, կորոնավիրուսային համավարակ, սահմանափակումներ, այդ ամենն ազդում է քաղաքացիների և՛ հոգեբանության, և՛ վերաբերմունքի վրա։ Պատերազմում մեր կրած պարտությունից հետո հուսալ, որ մենք կունենանք քաղաքականացված ու շատ հետաքրքրված շերտ, այդքան էլ իրականությանը մոտ չի լինի։ Պետք է ցավով արձանագրենք, որ այն քաղաքական ապատիան, որը տիրում է մեր հանրության որոշակի շերտերի մոտ, ինքնին մեծ վտանգ է իր մեջ պարունակում։ Երբ քաղաքացուն այլևս չի հետաքրքրում այն ամենն, ինչ կատարվում է իր երկրում, իր կենցաղում, առօրյայում, ապա ուղղակի խզվում է այդ մարդու կյանքն իր ապրած տարածքի, իր պետության ու հայրենիքի հետ։ Սա վտանգավոր միտում կարող է ունենալ արտագաղթի տեմպերի աճի առումով։ Այստեղ էլ նորից պետք է գանք այն հարցին, որ որոշակի անելիք պետք է ունենան բոլոր քաղաքական ուժերը, որպեսզի փորձեն գոնե առողջ տեքստերով, նորմալ քաղաքական քարոզչությամբ ու քննադատությամբ մեր հանրության հնարավորինս մեծ հատվածի մասնակից դարձնեն ընտրական գործընթացներին։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին