Ոստիկանության Դիլիջանի բաժին տեղափոխված մեքենայի սրահում «Կալաշնիկով» ինքնաձիգ է հայտնաբերվել

Ոստիկանության Դիլիջանի բաժին տեղափոխված մեքենայի սրահում «Կալաշնիկով» ինքնաձիգ է հայտնաբերվել

Դիլիջան-Վանաձոր ճանապարհի անշարժ պահակետում ծառայություն իրականացրած ոստիկանության Իջևանի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի լույս 7-ի գիշերը, ժամը 04.10-ին մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հետագա միջոցառումներով հայտնի է դարձել, որ տրանսպորտային միջոցի սրահում ապօրինի հրազեն կա։ «Դիլիջանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 21-ամյա ուղևորը «Ժիգուլու» հետևի նստելատեղի տակից ներկայացրեց «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ լիցքավորված 13 փամփուշտով։ Ինքնաձիգը զննությամբ վերցվել, փաթեթավորվել ու կնիքվել է՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկելու համար: Երիտասարդը հայտնել է, որ ինքնաձիգը գտել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի տարածքից: Այս տեղեկությունն ու այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Միացիր մեր կայքին