Շատ կոնկրետ հարցեր ներկայի, անցյալի ու ապագայի մասին

Շատ կոնկրետ հարցեր ներկայի, անցյալի ու ապագայի մասին

Արտահերթ ընտրությունը իբրև ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծում դիտարկելը, անկասկած, ունի մի շարք բաղադրամասեր: Եթե արտահերթ ընտրությունը Հայաստանում դառնալու է այսպես ասած փողոցային քաղաքականության ավարտ, փողոցից ինստիտուտներ քաղաքական գործընթացների անցում, ապա դա, լինելով ողջունելի, չի լինի էֆեկտիվ, եթե շարունակվի փողոցային հռետորաբանությունը: Ավելին, մենք կստանանք առավել խեղված պատկեր՝ ինստիտուցիոնալ քաղաքական գործընթացներ, քաղաքական ինստիտուտներ, բայց փողոցային հռետորաբանությամբ և տրամաբանությամբ: Իսկ այն հռետորաբանությունը, որ կա այժմ, փողոցային որակելը նույնիսկ մեղմասացություն է:

Հետևաբար, երբ խոսում ենք հանգուցալուծումից, պետք է դիտարկվի խնդիրը առնվազն այդ համատեքստով: Անցնո՞ւմ է հայկական քաղաքականությունը ոչ միայն այլ գործընթացային տիրույթ, այլ նաև այլ բովանդակության, թե՞ ոչ: Լուծում կարող է համարվել միայն այդ անցման փաթեթը, այսինքն՝ նաև բովանդակությունը, ոչ թե լոկ ձևը: Այդ դեպքում մենք հունիսի 20-ին կմոտենանք, իսկ հունիսի 21-ին կարթնանանք այլ իրականությամբ, բոլորովին այլ մթնոլորտում և այլ արդյունքներով: Եթե գործընթացը համարվելու է արդեն դե յուրե նախընտրական, սակայն դե ֆակտո չի տարբերվելու այն անբովանդակ, փողոցային որակներով պայքարից, որ տեսնում ենք հատկապես վերջին ամիսներին, ապա մենք ճգնաժամ հաղթահարելու փոխարեն կարող ենք մոտենալ հետընտրական ճգնաժամի: Ըստ այդմ, հունիսի 20-ին արտահերթ ընտրության արտահայտումը կարևոր, ողջունելի քայլ է, որպես միջոց, սակայն, իհարկե, բավարար չէ որպես հանգուցալուծում: Այստեղ նաև իր անելիքն ունի հանրությունը: Առաջին փուլում այն արել է իր գործը, այսինքն՝ տուրք չի տվել անբովանդակ փողոցային պայքարին: Պետք է գործը շարունակել նաև այս՝ արդեն ընտրական փուլում և տուրք չտալ փողոցային հռետորաբանությանը, տուրք չտալ անբովանդակությանը, տուրք չտալ զգայական գործոնների վրա կառուցվող մանիպուլյատիվ խաղերին, և քաղաքական ուժերին տալ շատ կոնկրետ հարցեր Հայաստանի ու Արցախի ոչ վաղ անցյալի, ներկայի և մոտ ու հեռու ապագայի մասին:

Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Շատ կոնկրետ հարցեր ներկայի, անցյալի ու ապագայի մասին | 1in.am

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին