Նույնիսկ մենք պետք է նախապայմաններ ունենայինք, եթե մինչ սա ամեն ինչ գրագետ կազմակերպվեր․ Անդրանիկ Իսպիրյան

Նույնիսկ մենք պետք է նախապայմաններ ունենայինք, եթե մինչ սա ամեն ինչ գրագետ կազմակերպվեր․ Անդրանիկ Իսպիրյան

Yerevanlur-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

 – Պարոն Իսպիրյան, ամիսներ շարունակ միմյանց փոխանցվ դրական ազդակների արդյունքում Հայաստանն ու Թուրքիան հայտարարեցին հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին երկու երկրների միջև հաշտեցման հեռանկարներ նշմարվու՞մ են, թե գործընթացը փակուղում կհայտնվի, ինչպես օրինակ 2008 թվականին։

Սա գլխավորապես կախված է նրանից, թե ինչպիսի բանակցություններ կվարի հայկական կողմն ու ինչպես դրան կարձագանքի Թուրքիան։ Դրական ազդակներ եղել են միայն Հայաստանի կողմից, Թուրքիայի կողմից եղել են նախապայմաններով պահանջներ։ Չավուշօղլուն շեշտեց, որ կարգավորմանն ուղղված քայլերն արվելու են Ադրբեջանի հետ համաձայնեցված, դա արդեն նախապայման է, այսինքն՝ Հայաստանի հարաբերությունները պայմանավորել այլ երկրի և Հայաստանի միջև հարաբերություններով։ Մինչ այդ հայտարարությունը Թուրքիան մշտապես ասել է, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները, բայց մի շարք նախապայմաններով թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի ժամանակ և հիմա էլ է այդպես, այսինքն Թուրքիայի կողմից ոչ մի դրական ազդակ չենք տեսել, ավելին՝ այն Սերժ Սարգսյանի ժամանակ կար, երբ Թուրքիան առանց նախապայմանների ստորագրեց արձանագրություններ, բայց բանավոր նախապայման առաջադրեց հետո։ Ունենալով դառը փորձը, որ Թուրքիան իր խոսքի տերը չէ, ի՞նչ երաշխիք կա, որ սկսելով գործընթաց՝ ամեն պահի հետ չի կանգնի դրանից։

Իշխանությունը, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետական շահերից բխող գործընթաց է բնորոշում և պատրաստ է առանց նախապայմանների կարգավորման, մինչդեռ Ադրբեջանի հետ համաձայնեցված քայլերի հիմքում ի սկզբանե առաջ էր քաշվում «միջանցքի» գաղափարը։

Կարծում եմ՝ նույնիսկ մենք պետք է նախապայմաններ ունենայինք, եթե մինչ սա ամեն ինչ գրագետ կազմակերպվեր, այսինքն՝ թե՛ բանակցություները, թե՛ ընթացքը։ Պատերազմից հետո Թուրքիան պետք է խնդրեր հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում, քանի որ վերջինս հենց իր օգտին է, ոչ թե Հայաստանի։ Եթե Հայաստանը չշտապեր և ժամանակից շուտ չխնդրեր հարաբերություններ կարգավորել, կարող էր առաջադրել պայմաններ և ունենար իր դիրքը։ Սակայն այժմ ծիծաղելի իրավիճակում ենք, երբ Թուրքիան Ադրբեջանի հետ Արցախում կոտորեց մեզ, այդքանից հետո ոչ միայն սահմանները բացել ենք խնդրում, այլև հանդիպում իրենց նախագահի հետ, ինչը բացահայտեց Վրաստանի վարչապետը։ Սա աբսուրդային է, Հայաստանը չպետք է լիներ նախաձեռնողը։

Ի տարբերություն ֆուտբոլային դիվանագիտության ձախողված գործընթացին, որտեղ Թուրքիայի նախապայմանները պտտվում էին Ղարաբաղյան հարցի շուրջ, այժմ պահանջները նույնը չեն․ Անկարայի այսօրինակ շահագրգռությունը կարո՞ղ ենք պայմանավորել նաև խոչընդոտների բացակայությամբ, քանի որ ինչպես Ալիևն է բազմիցս նշել՝ Ղարաբաղյան հարց չկա, դրա շուրջ քննարկումներ՝ ևս։

Նախկին փորձի ժամանակ Հայաստանը գոնե ուժեղ, կայացած բանակ ունեցող պետություն էր և Թուրքիան անգամ խնդրում էր մեկ շրջան տալ՝ Ադրբեջանին լռեցնելու համար։Այն ժամանակ Հայաստանն ավելի պատրաստ էր Թուրքիայի հետ սահմանների բացմանը, քան հիմա։ Թուրքիայի պես երկիրը, ով ուզում է մեզ խժռել՝ տնտեսական, քաղաքական առումներով, ցանկանու՞մ ենք այդպիսի Հայաստան ունենալ, որտեղ որոշիչ կլինի թուրքական կապիտալը․ իսկ մենք ինչ որ բան արե՞լ ենք այս մեկ տարվա ընթացքում՝ ոչ։ Երբ սահմանը բացվի, իմ նշած վտանգները բավական են իշխանության համար անհանգստության առիթ հանդիսանալու։

Հարաբերությունների կարգավորման բուն գործընթացը ե՞րբ կարող է սկսվել, արդեն իսկ երկու կողմերը բանագնացներ են ներկայացրել այդ նպատակով։

Թուրքիան տեսնում է, որ Հայաստանը խղճուկ իրավիճակում է հայտնվել, հետևաբար փորձում է պոկել առավելագույնը։ Ի վերջո, կգնա սահմանների բացման՝ ստանալով առավելագույնը, թե ինչ կստանա, կախված է մեր իշխանությունների հնարավոր զիջումներից։

Պարոն Իսպիրյան, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանը ստանձնել է միջնորդական առաքելության դերը։ Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերն ի՞նչ արդյունք կտան։

Ռուսաստանն այստեղ անցանկալի կողմ է, նրա շահերից չի բխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, քանի որ Թուրքիան ազդեցությունը կմեծացնի տարածաշրջանում։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո զգալի չափով մտել է թուրքական ազդեցության գոտի, հիմա Թուրքիայի համար խոչընդոտ է մնում Հայաստանը և սահմանների բացումով վերջինս կփորձի Հայաստանում ռուսական ազդեցությունը նվազեցնել։ Դա լավ հասկանում են Ռուսաստանում։ Սահմանների բացման հիմնական կողմնակիցն Արևմուտքն է, որը համարում է՝ Թուրքիայի միջոցով Հայաստանն ու Կովկասը դուրս կգան Ռուսաստանի ազդեցության գոտուց։

Մարիամ Ասատրյան

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին