Մենք կհայտնենք մեր մտահոգությունները՝ կապված Ղազախստանում լրագրողների անվտանգության հետ․ Դանիել Իոաննիսյան

Մենք կհայտնենք մեր մտահոգությունները՝ կապված Ղազախստանում լրագրողների անվտանգության հետ․ Դանիել Իոաննիսյան

«Ժողովուրդը իշխանությունների դեմ է դուրս եկել փողոց, անհասկանալի է, թե ինչ գործ ունեն այնտեղ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները՝ պաշտպանելու մի ռեժիմի, որը բոլորովին վերջերս Արցախյան հաղթանակի կապակցությամբ շնորհավորել էր Ալիևին, ընդ որում՝ նույն այն ստորաբաժանումները, որոնք Արցախյան պատերազմում կռվել են Ադրբեջանի դեմ»,- Yerevanlur-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու որոշումը դատապարտող հասարակական կազմակերպությունների հայտարարությանը։

Իոաննիսյանի խոսքով՝ որոշմամբ վնաս է հասցվելու նաև Հայաստանի միջազգային վարկանիշին․ «Ենթադրենք, մեր զորքերին մոտենում են խաղաղ կամ ոչ խաղաղ ցուցարարներ, ի՞նչ են անելու մեր զորքերը, կրա՞կ են բացելու։ Այդ դեպքում ինչպե՞ս է դրան վերաբերվելու Ղազախստանում մեր սփյուռքը, կամ Ղազախստանն առհասարակ Հայաստանին ինչպե՞ս է վերաբերվելու։ Պատկերացնու՞մ եք 2018 թվականի ապրիլի իրադարձությունների ժամանակ ղազախական զորք գար Երևան և Ազգային ժողովը ռազմավարական օբյեկտ հայտարարելով՝ պաշտպաներ»։

Իոաննիսյանի դիտարկմամբ՝ հայտարարությունը, թե խաղաղապահ զորքերը Ղազախստանում երկար չեն մնա, կյանքը ցույց կտա, քանի որ, երբ ամերիկյան զորքերը Վիետնամ էին գնում, այդ ժամանակ էլ բոլորին թվում էր, թե բոլոր հարցերն արագ լուծվելու էին։

«Ուզում եմ հիշեցնել, որ կար Վարշավյան պայմանագրի կազմակերպություն, որ տասնամյակներ գործել է և միակ ռազմական օպերացիան, որ իրականացրել է, եղել է Չեխոսլովակիայում, երբ երկրի ժողովուրդը դուրս եկավ սոցիալիստական բարքերի դեմ։ Վարշավյան պայմանագրի կազմակերպության զորքերը Պրահայում հաստատեցին իրենց կարգերը։ Նույնն այստեղ է։ Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը որևէ մեկի ռազմական շահերը չի պաշտպանելու։ Ռազմական տեսանկյունից՝ սա գոյություն չունեցող կառույց է»,- նշեց զրուցակիցը։

Անդրադառնալով Ռուսաստանի հայտարարությանը, որ իրավապաշտպան կազմակերպություններից ոչ ոք չարձագանքեց Ղազախստանում լրագրողների նկատմամբ կատարվող գործողություններին՝ Իոաննիսյանը նշեց․ «Աշխարհում տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, որոնք մեզ դուր չեն գալիս, սակայն մենք կոչ ենք անում այն դեպքում, երբ հասկանում ենք, որ դրանից կարող է ինչ-որ բան փոխվել։ Երբ միջազգային հարթակներում այս իրադարձությունների հարցը բարձրանա, իսկ դրանք հաստատ կքննարկվեն, մենք կհայտնենք մեր մտահոգությունները՝ կապված Ղազախստանում լրագրողների անվտանգության հետ։ Ընդ որում՝ հարցը բարձրաձայնելու ենք երկու կողմից՝ լրագրողների թե՛ ֆիզիկական անվտանգության հետ, որը ոտնահարվել է, և թե՛ առհասարակ մամուլի ազատության հարցը, որի սահմանափակ լինելը ևս բերում է ոչ խաղաղ պրոցեսների»։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին