«Մարտի 1»-ի գործով դատավարությունը մտավ դատաքննության փուլ

«Մարտի 1»-ի գործով դատավարությունը մտավ դատաքննության փուլ

2,5 տարի տևած դատական նիստերից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հայտարարեց դատաքննության փուլ անցնելու մասին:

Այսօրվա դատական նիստի սկզբում ամբաստանյալներից սահմանադրական  կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ Դատարանը, սակայն, միջնորդությունը թողեց առանց քննության:

Ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը հետաձգելու մասին: Նա առաջարկեց սպասել ՍԴ-ի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ որոշմանը:  «Որովհետև ՍԴ-ն կարող է միջնորդություն ներկայացնել և 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչել»,- ասաց նա: Սակայն դատարանը միջնորդությունը թողեց առանց քննության: Դատավորը նաև սանկցիա կիրառեց ամբաստանյալներից նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ, քանի որ փաստաբանը չէր մասնակցել փետրվարի 23-ի նիստին: 

Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ այլևս չի քննվել որևէ միջնորդություն, և անցնում են մեղադրական ճառի եզրափակիչ մասի ընթերցմանն ու դատաքննության փուլին։ Ի նշան բողոքի ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը։ 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 30-ին: 

https://www.1lurer.am/hy/2021/03/23/%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB-1-%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%BE-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%BF%D5%A1%D5%BE-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%83%D5%B8%D6%82%D5%AC/439678

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին