Մարությանը ծանր հոգեբանական վիճակում է պաշտոնավարել․ Իզաբելլա Աբգարյան

Մարությանը ծանր հոգեբանական վիճակում է պաշտոնավարել․ Իզաբելլա Աբգարյան

«Սա հակաժողովրդավարական և երևանցիների կարծիքն արհամարելու, «Քաղաքացիական պայմանագրի» որդեգրած՝ «մեր դեմը խաղը չկա» ոճի գարշելի արարք է, երևանցիների հանդեպ վատ արարք է»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ անդրադառնալով քաղաքապետին անվստահություն հայտնելու՝ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած գործընթացին։

««Քաղաքացիական պայմանագրի» առանձին անդամների, նաև Անի Խաչատրյանի ու մյուսների կողմից հիմնավորում է բերվում, որ քաղաքապետի պաշտոնը քաղաքական է, ավագանու ընտրությունները՝ նույնպես, քաղաքապետը չի կարող լինել իշխող մեծամասնությունից, սակայն հիմնավորումները որևէ քննադատության չեն «դիմանում», որովհետև Հայկ Մարությանը խզել է կապերը և դուրս է եկել խմբակցությունից դեռ նախորդ տարվա դեկտեմբերին։ Այսինքն, եթե դա լիներ պատճառը նրանք պարտավոր էին հունվարին դնել հրաժարականի հարցը, որը չի արվել։ Այսօր ստորագրածներից շատերը Մարությանի նվաճումները, ավտոբուսների լուսանկարները դնում էին իրենց պատերին և հպարտանում»- նշեց Երևանի ավագանու անդամը։

Անդրադառնալով օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հոդվածին՝ Աբգարյանը նշեց, որ դա Հայկ Մարությանին վարկաբեկելու փորձ էր և հողի նախապատրաստումն էր, որպեսզի հետագայում երևանցիները պաշտոնանկման լուրն այդքան ցավոտ չընդունեն։

«Քաղաքապետը շատ հաճախ խնդիրներ էր ունենում ավագանու հետ։ Փորձում էին հասցնել նրան, որ Մարությանը դիմում գրի, բայց վերջին պահին նա չէր գրում՝ ասելով, որ չի թողնի Երևանը։ Դա է եղել խնդիրը։ Քանի որ ինքս եղել եմ «Իմ քայլից», լավ ծանոթ եմ, թե ինչ ծանր հոգեբանական վիճակում է Մարությանը պաշտոնավարել՝ հաշվի առնելով ավագանու կողմից ոչ թե քաղաքապետին օգնելը, այլ հակառակը՝ պարբերաբար տհաճ անակնկալներ մատուցելը։ Քաղաքապետի հետ ջրերը նույն հունով չէր հոսում, իսկ դա գալիս էր «Քաղաքացիական պայմանագրի» սխալից, որովհետև ավագանու ցուցակը կազմելիս քաղաքապետի կարծիքը հաշվի չէին առել, ինչը սխալ էր, որովհետև նա պետք է աշխատեր կազմի հետ»,- նշեց Աբգարյանը՝ հավելելով, որ այնտեղ ներքին խմբավորումներն ինչ-որ մեկի մարդիկ էին ու ծառայում էին իր հետևում կանգնած մարդուն և նրանց հարաբերություններին քաղաքապետի հետ։

Թե ինչ զարգացում կունենա գործընթացը Աբգարյանը դժվարանում է կանխատեսել․ «Ամեն ինչ կախված է քվեարկությունից։ Ինչպես տեսնում ենք, արդեն ընդդիմությանն են կարողացել ինչ-ինչ եղանակներով իրենց կողմը ներքաշել։ Այն ընդդիմությանը, որը միշտ ասում էր՝ սիրում և հարգում է Հայկ Մարությանին։ Այսպիսի տարօրինակ իրավիճակ է»։

Աբգարյանի խոսքով, սակայն, ամբողջ հարցը նրանում է, թե արդյո՞ք պաշտոնանկ անելու դեպքում ընտրված նոր քաղաքապետը կկարողանա քաղաքապետարանի աշխատակազմի հետ աշխատել, կամ առհասարակ կկարողանա՞ հանգիստ աշխատել՝ իմանալով, որ երևանցին չի ցանկացել իրեն տեսնել քաղաքապետի պաշտոնում։

Մարիամ Ասատրյան

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին