Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը նվաճած ոսկե մեդալը նվիրել է իրեն վիրահատած բժշկին
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ՀՀ սպորտային մարմնամարզության մրցաշարում օղակներ մարզաձևում նվաճած ոսկե մեդալը նվիրել է բժիշկ Հայկ Աղամալյանին։ Ավետիսյանը ուսահոդի բարդ վիրահատության է ենթարկվել ամիսներ առաջ ու ապաքինվելուց հետո տարած առաջին մրցանակը նվիրել է բժշկին։ Հայկ Աղամալյանը այս մասին հայտնել է Facebook-յան իր էջում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր առավոտյան գեղեցիկ նվեր ստացա շատ շնորհալի մարզիկ ԱՐԹՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ կողմից։ Արթուրը ընդամենը չորս ամիս առաջ վիրահատվել է ուսահոդի բարդ վնասվածքի կապակցությամբ ՈւԻԳՄՈՐ Քլինիքում,որտեղ մեր կողմից արթրոկոպիկ եղանակով կատարվել է ջլերի վերականգնում և այսօր նա կրկին մրցահարթակում է։ Մի քանի օր առաջ տեղի ունեցած ՀՀ սպորտային մարմնամարզության մրցաշարում օղակներ մարզաձևում Արթուրը ճանաչվել է հաղթող և իր ոսկե մեդալը նա այսօր նվիրեց ինձ։ Արթուր ջան ես իսկապես հիացած եմ քեզնով և շատ ուրախ ,որ կարողացել եմ օգնել քեզ վերադառնալ մեծ սպորտ։ Ես քեզ մաղթում եմ բազմաթիվ հաղթանակներ ու նվաճումներ,միջազգային մեդալներ միմյայն ոսկե փայլով։ Լինես առողջ ու միշտ հաղթող։ Շնորհավոր հաղթանակդ»,-ասված է գրառման մեջ։