Ճիշտ ճանապարհն այն է, որ կարողանանք առանձին պետության գաղափարն իրացնել և Արցախը միջազգայնորեն ճանաչելի դարձնել աշխարհին․ Վահրամ Բալայան

Ճիշտ ճանապարհն այն է, որ կարողանանք առանձին պետության գաղափարն իրացնել և Արցախը միջազգայնորեն ճանաչելի դարձնել աշխարհին․ Վահրամ Բալայան

Yerevanlur-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

-Պարոն Բալայան, 1991 թվականի դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի օրն է։ 30 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեով վճռական «այո» ասաց արդեն հռչակված Արցախի Հանրապետությանը:Ի՞նչ խորհուրդ ունի այս օրը։

-Ընդհանուր առմամբ, իհարկե, դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետության տոնական օրացույցում կարևոր օր է։ Այն ոչ միայն հանրաքվեի, այլ միաժամանակ նաև մարդու ազատ ապրելու իրավունքի վերահաստատման օր է։ Եվ կարծում եմ, որ մեր պետությունն ստեղծելու ժամանակահատվածում այն որոշումներով ու իրավական ակտերով, որոնցով առաջնորդվել ենք, դրանք պետք է վերարժևորենք նորից, որովհետև դա թույլ կտա խորությամբ ընկալել պետություն հասկացությունն ընդհանրապես՝ այդ ամենը մատուցելով ժողովրդին։ Դա հնարավորություն կտա վերագտնել ուժերը և շարունակելու պայքարը, 1990-ական թվականների խորհուրդն ու գաղափարները փորձել իրականություն դարձնել։

Ես կարծում եմ, որ այս ճանապարհն իհարկե հեշտ չի լինելու, բավական տատասկոտ է լինելու, բայց ընդհանուր առմամբ ազատության ճանապարհը միշտ էլ մատչելի չի լինում, դժվար է լինում։ Եվ կարծում եմ՝ մեր ժողովուրդն ի վիճակի կլինի հաղթահարել։

Մի դիսկուրս է անընդհատ ծավալվում՝ ինչո՞ւ պետք է Արցախն անկախ հռչակվեր և ոչ թե լիներ Հայաստանի մի մաս։ Դուք ի՞նչ կասեք միավորման գաղափարի մասին։

-Վերջերս մի գիտաժողովում էլ ես այդ միտքը հնչեցրեցի։ Առ այս պահը կարծես թե հայ քաղաքական միտքը վերջնական կողմնորոշված չէ, թե ճիշտ ճանապարհը որն է՝ Արցախը Հայաստանի Հանրապետության մաս դարձնելը, վերամիավորվելը, թե՞ առանձին պետություն ստեղծելը։ Ես կարծում եմ, որ համենայնդեպս ճիշտ ճանապարհն այն է, որ կարողանանք առանձին պետության գաղափարն իրացնել և Արցախը միջազգայնորեն ճանաչելի դարձնել աշխարհին։ Ի դեպ, ասեմ, որ սա չի խանգարում առաջին գաղափարին։ Այսինքն՝ մենք կունենանք առանձին պետություն, նրանից հետո արդեն, ինչպես ասում են, հայկական երկու պետությունների որոշելիքը կլինի, թե ինչ ճանապարհով գնանք։ Ադրբեջանը մշտապես փորձ է արել և այսօր էլ Հայաստանին ներկայացնում է որպես ագրեսոր երկիր, որը «իրենց տարածքների նկատմամբ հավակնություններ ունի»։Մինչդեռ, իրականում Հայաստանի Հանրապետությունը որևէհավականություն չունի Ադրբեջանի տարածքների վրա։ Պարզապես արցախահայությունը փորձում է իրացնել միջազգային իրավունքի նորմերով, ինչու չէ, նաև ԽՍՀՄ տվյալ ժամանակահատվածում գործող օրենքներից բխող իրավունքները։ Ինչպես Ադրբեջանը ժամանակին օգտվեց այդ իրավունքից, երբ առանձին պետություն ձևավորեց, այդ իրավունքից օգտվում է նաև արցախահայությունը։ Մենք աշխարհին հարցն այսպես պետք է ներկայացնենք։

Արցախի խորհրդարանի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ նշելով․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ ենք անում տեսանելի քայլեր ձեռնարկել արցախահայության՝ ազատ ապրելու իրավունքից բխող պահանջների իրացման գործում»։ Այսինքն՝ Արցախում սպասում են հստակ քայլերի՞, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունիցակնկալիքնե՞ր կան։

-Այո, իսկապես այդպես է։ Ինչպես ասում են՝ ականջ շոյող հայտարարություններից պետք է դուրս գալ ու գործնական քայլերի դիմել։ Այսինքն՝ իսկապես պետք է քայլեր լինեն, որոնք կնպաստեն արցախահայության՝ իր հայրենիքում, իր բնօրրանում ազատ ապրելու իրավունքի ամրապնդմանը։ Ի դեպ ասեմ, թե ինչու ենք այս գաղափարը դրել․ սա շահեկան կլինի ոչ միայն արցախահայության, ընդհանրապես հայ ժողովրդի համար, այլ նաև տարածաշրջանում ապրող ժողովուրդների համար, որովհետև վերջիվերջո հակամարտությունն ինչ-որ լուծում կունենա։ Եվ դրանից հետո, կարծում եմ, որ հնարավորություն կստեղծվի, որպեսզի տարածաշրջանում իսկապես երկարատև խաղաղություն ստեղծվի ու ամրապնդվի։ Այսինքն՝ առանց Արցախի հարցի լուծման հնարավոր չէ տարածաշրջանում կայունություն ստեղծել։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին