ՀՀ վարչապետը ը դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանի դեմ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից. Վարչապետը պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել ու պարտավորեցնել զրպարտության համար նախատեսված փոխհատուցում վճարել: Հայցը ներկայացվել է մարտի 12-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին: ՀՀ վարչապետի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ հայցի պատճառը Զարուհի Փոստանջյանի 2021 թվականի փետրվարի 8-ին «Հայելի» ակումբում հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունն է: Մասնավորապես Փոստանջյանի այս հայտարարությունն է հայցվոր կողմը համարում զրպարտություն. «Նրա երազանքն է եղել. դեռ, ինքը, 2008 թվականին է գրել, որ այդ հողերը երազում էին ինքն ու տիկինը հանձնել: Այսինքն՝ այս մարդիկ դրա մասին գրել են, դրա ներքո հավաքագրվել են, դրա վերաբերյալ, այդ գործարքը անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հետեւաբար, այս մարդկանց հետ ո՞ւր պետք է գնայի: Բայց ամենակարեւոր խնդիրը այն է, որ այս մարդկանց վերաբերյալ, նրանց գործակալ լինելու վերաբերյալ, այդ գաղտնիքը, նաեւ մատչելի է եղել նախորդ իշխանությանը: Հետեւաբար այդ նախորդ իշխանությունը ինչո՞ւ է այս մարդուն բերել, մտցրել խորհրդարան»: Հունանյանն ասել է, որ, ըստ հայցադիմումի, զրպարտությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ստացել են հողերը հանձնելու վերաբերյալ գումարներ, նրանք հանդիսանում են գործակալ, նախորդ իշխանությունը հայցվորին բերել, մտցրել է խորհրդարան: Հայցվորի ներկայացուցիչն ասել է՝ որպես փոխհատուցում Զարուհի Փոստանջյանից 2 մլն ՀՀ դրամ են պահանջում:
՝ https://factor.am/349492.html