Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր բան չէ, բայց պրոֆեսիոնալ դիվանագիտական աշխատանքի կարիք կա․ Տաթևիկ Հայրապետյան

Yerevanlur-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
-Տիկին Հայրապետյան, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու նպատակով Անկարան ու Երևանը հատուկ բանագնացներ կնշանակեն։ ՀՀ ԱԳՆ-ն դրական արձագանքեց այս հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին։ Ինչո՞ւ է Թուրքիան այս փուլում հանդես գալիս նման հայտարարությամբ և ի՞նչ սպասել այս գործընթացից։
-Ակնհայտ է, որ գաղտնի գործընթաց է գնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով։ Եվ մեկ ուղղությամբ չի գնում այդ գործընթացը, մի քանի ուղղություններով է գնում։ Տարօրինակ է, որ վերջերես տեսանք, որ հայկական կողմը մասնակցեց նաև «3+2» ձևաչափին։ Ուշագրավ է, որ այս հանդիպումից մոտ 1,5 ամիս առաջ նույն Չավուշօղլուն էր հայտարարել, որ դրական ազդակներ կան հայկական կողմից այս ձևաչափի առումով։ Եվ հայկական կողմից դրան որևէ արձագանք չէր եղել։ Փաստորեն Չավուշօղուն ճիշտ էր նշում, և հայկական կողմը հավանաբար ներքին կարգով արդեն տվել էր իր համաձայնությունը այդ ձևաչափի առումով։
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ապա ինքնին այդ հանգամանքը կամ գործընթացն իրենից նոր բան չի ներկայացնում։ Բոլորս շատ լավ հիշում են 2008 թվականի կարգավորման հայտնի գործընթացը։ Ընդ որում, նշեմ, որ այնտեղ շատ պրոֆեսիոնալ դիվանագիտական աշխատանք էր տարվել՝ բոլոր հնարավոր խութերից խուսափելու համար։ Եվ այն ժամանակ եղան քննադատություններ, բայց այն ժամանակ մի կարևոր հանգամանք կար՝ Թուրքիան ղեկավարում էր Աբդուլա Գյուլը։ Ես, ցավոք սրտի, խիստ կասկածում եմ, որ պրոֆեսիոնալ դիվանագիտական աշխատանք է տարվելու այս պահին։ Իմ տպավորությամբ՝ այս աշխատանքը վստահվելու է կուսակցական որոշ ներկայացուցիչների։ Շատ են մտավախությունները, բազմաթիվ խնդիրներ կան, ինքնին հարաբերությունների կարգավորման դեմ ոչ ոք երբեք հանդես չի եկել։ Մարդիկ նշում են նախապայմաններով հարաբերությունների կարգավորման հանգամանքը։ Եվ որքան էլ ցավալի է, իշխող ուժի ներկայացուցիչները, անգամ պետության ղեկավարն ինչ-որ հայտարարություն են անում, բայց իրականությունը ցույց է տալիս, որ ամբողջությամբ հակառակն է լինում։ Կան պետության շահի հետ կապված խնդիրներ, որոնք վախենում եմ, որ կոտնահարվեն, և հավուր պատշաճի չենք կարողանա պաշտպանել։
-Այսինքն՝ այս գործընթացում Թուրքիան շարունակելո՞ւ է նախապայմանների լեզվով խոսել։
-Թուրքիան իր առջև խնդիր է դրել «միջանցք» կոչվածի հետ կապված։ Իհարկե, նախապայմաններ են դրվում։ Չավուշօղլուն բացահայտ հայտարարել է, որ լավ կլինի Հայաստանն ստորագրի Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը։ Իսկ այդ խաղաղության պայմանագիրը նշանակում է վերջ դնել Արցախի հիմնահարցին, այլ խնդիրներ նույն «անկլավների» հետ կապված և վերջո նաև «միջանցք» տրամադրել։ Սա է այս գործընթացի վերջնարդյունքը լինելու։ Մարդիկ պարզ տեքստով ասում են, հիմա եթե դու մտնում ես այդ գործընթացի մեջ՝ առանց ունենալու քո սեփական օրակարգը, բարդ է լինելու։ Եթե իշխանության խաղաղության օրակարգը ձևակերպված լիներ, կունենայինք այլ իրողություն։ Բայց իշխանության խոստումները բացարձակ ձևակերպված չեն, չգիտենք՝ որոնք են կարմիր գծերը։ Եթե խաղաղության ես գնում, ինչը ենթադրում է ինչ-ինչ հարցերում հետքայլ անելը, ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ այլևս հետքայլ չես անելու։
Նախկինում ասվում էր՝ բացառվում է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Այսօր վարչապետի կուսակիցներն ակտիվ տարածում են տեղեկություն, թե իբր 2016-2018 թվականներին սպառվել էին բանակցելու հնարավորությունները, բայց դա ամբողջությամբ կեղծ թեզ է։ Եթե այդպես լիներ, Ադրբեջանն արագ կգնար խաղաղ կարգավորմանը և այլևս չէր ընտրի ռազմական ճանապարհը։ Ալիևն ինքը խոստովանել է, որ գնացել է այդ քայլին, որովհետև չէր պատրաստվում Արցախն ընդունել Ադրբեջանի կազմից դուրս։
-«3+2» ձևաչափով հանդիպման կայացումը, դրան հաջորդած Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը փոխկապակցված գործընթացնե՞ր են։
-Եվ այո, և ոչ։ Մոտ մեկ ամիս առաջ էր, որ ռուսական կողմը հայտարարեց, որ Հայաստանը դիմել է միջնորդության խնդրանքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Եվ այս անգամ էլ թուրքական կողմը տարածեց հայտարարությունը, որ Հայաստանը և Թուրքիան հատուկ բանագնացներ են նշանակում։ Անհիմն չէ այն ենթադրությունը, որ դա չի լինելու դիվանագիտական, չի լինելու պրոֆեսիոնալ աշխատանք։ Դա լինելու է կուսակցական աշխատանք և բազմաթիվ խնդիրներ է բերելու։