Հայ-ադրբեջանական հնարավոր նոր «սահմանային պատերազմի» ու Արցախի հակամարտության ուժային լուծումը՝ ՄԱԿ ԱԽ-ով, իսկ քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ ՄԽ-ով

Հայ-ադրբեջանական հնարավոր նոր «սահմանային պատերազմի» ու Արցախի հակամարտության ուժային լուծումը՝ ՄԱԿ ԱԽ-ով, իսկ քաղաքական կարգավորումը՝ ԵԱՀԿ ՄԽ-ով

ՄԱՀՀԻ հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքում հրապարակած իր վերլուծական հոդվածում անդրադարձել է ՀՀ սահմանային իրադրության շուրջ՝ աշխարհաքաղաքական զարգացումներին։
«ՖՐԱՆՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՌԱՋԱՐԿԸ
Մայիսի 17-ին Factor.am-ը հրապարակեց իր երկու հիմնական հարցերին (ի՞նչ նշանակությամբ էր ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջալինի Փորտերը մայիսի 14-ին Սյունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ օգտագործվել «վիճելի տարածքներ» արտահայտությունը, և ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի նախագահի սպառնալիքի և լարվածության պայմաններում մեծամասշտաբ զորավարժություն սկսելու կապակցությամբ) ԱՄՆ դեսպանատան միջոցով տրամադրված պետքարտուղարության պատասխանը։ Դրանում երեք առանցքային պահ կար․
1) իրենք դեռևս «լրացուցիչ պարզաբանումներ են փնտրում Ադրբեջանի զինված սահմանապահների տեղաշարժի վերաբերյալ այն տարածքում, որտեղ սահմանի միջազգային սահմանազատում չկա»,
2) ի նկատի ունենալով «կողմերի միջև շարունակվող շփումը» և «ողջունելով նրանց հանձնառությունը հարցը խաղաղ ճանապարհով լուծելու գործում»՝ Վաշինգոնթիղ «հորդորել էին պաշտոնական քննարկումներ սկսել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանը խաղաղ ճանապարհով սահմանազատելու համար»,
3) «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ու խորապես հավատարիմ մնալով կողմերի հետ աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար», ԱՄՆ «հորդորել էր հնարավորինս շուտ վերադառնալ Մինսկի խմբի համանախագահների գլխավորած բանակցություններին»։
Օրեր անց՝ մայիսի 17-ին, ԱՄՆ կարծես թե գտավ 1-ին կետում փնտրվող տեղեկատվությունը Ադրբեջանի զինված սահմանապահների տեղաշարժի վերաբերյալ, և մայիսի 17-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հեռախոսազրույցում «ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ համարեց Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրեց, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից»:
Ադրբեջանի նախագահի հետ քիչ անց կայացած հեռախոսազրույցից հետո Սպիտակ տունը հրապարակեց ամփոփիչ հաղորդագրություն, որտեղ ասվում էր, թե Սալիվանը մտահոգություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության առնչությամբ՝ նշելով, որ «ռազմական տեղաշարժերը չսահմանազատված սահմանների երկայնքով անպատասխանատու են և սադրիչ»։ Ողջունելով «երկու կողմերի միջև շփումները» և «երկու առաջնորդների՝ խնդիրը խաղաղ լուծելու հանձնառությունը»։ Ողջունելով երկու կողմերի միջև շփումները և «երկու առաջնորդների՝ խնդիրը խաղաղ լուծելու հանձնառությունը», նա կարևորել էր, որ «երկու երկրները պետք է պաշտոնական քննարկումներ անցկացնեն` իրենց միջազգային սահմանը սահմանելու համար», «որպես Մինսկի խմբի համանախագահ փոխանցել Միացյալ Նահանգների հանձնառությունը տարածաշրջանային հաշտեցմանը` երկկողմ ներգրավվածության միջոցով»։
ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ ԵՎ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Եթե ամփոփենք ամերիկյան առաջարկը, ապա՝ կարճաժամկետ կտրվածքով Վաշինգթոնն ակնկալում է, որ սահմանազանցման խնդրով Երևանն ու Բաքուն չեն գնա ուժային լուծման, Բաքվից պահանջում է ետ քաշել իր «սադրիչ» զորքերը այն տարածքներից, որտեղ սահմանը միջազգայնորեն որոշված չէ, իսկ երկարաժամկետ հեռանկարով երկու կողմերին հորդորում է ներգրավվել Մինսկի խմբի շրջանակներում ու հասնել «տարածաշրջանային հաշտեցման», այն է՝ Արցախյան ու հայ-ադրբեջանական հակամարտության տևական լուծման և սահմանների միջազգային սահմանազատման։ Ոիշադրություն դարձնենք, որ «երկու կողմերի» շփումների մասին խոսելիս կամ դրանք ողջունելիս Վաշինգթոնը ձեռնպահ է մնում տալ Ռուսաստանի անունը, ում միջնորդությամբ մայիսի 13-ից «շարունակվում են շփումները», որոնք սպառիչ չեն լուծել թե’ իրավիճակի ապաշիկացման, թե’ ադրբեջանական սահմանախախտ խմբավորումների ելման դիրքեր վերադարձնելու խնդիրը։
Մինչ սահմանազատում+Արցախի հակամարտության կարգավորման փոխկապակցված խնդրով ԱՄՆ-ի՝ խաղի մեջ մտնելը, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան էին արել հայտարարություններ։
Մասնավորապես, մայիսի 13-ին BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Ադրբեջանում Միացյալ Թագավորություն դեսպան Ջեյմս Շարփը, պատերազմում հաղթանակի շուրջ որոշ պրոադրբեջանական ռեվերանսներից հետո, նշել էր, որ «Բրիտանիան կնախընտրեր, որպեսզի հրադադարի հաստատման բանակցությունները վարած լիներ ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ խաղաղապահ կոնտիգնետն էլ լիներ միջազգային, ու հավելել էր․ «պետք է ուսումնասիրել [ՌԴ խաղաղապահ ուժերի] մանդատը, ամփոփիչ/վերջնական տեսքի բերել այն <…> թե ի՞նչը կարող է լինել [ռուսական առաքելության] այլընտրանքը, ի՞նչ կարող է նրան փոխարինել»։ Նա նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չլուծված է մնում, հետևաբար ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է այս հարցերով վերաակտիվացնի իր աշխատանքները։ Միակ բանը, որը բրիտանացի դեսպանը դրական էր գնահատել, դա «Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացման ու տնտեսական համագործակցության օրակարգն» է։
Դժվար է ասել, թե որքանով է ՄԹ այս դիրքորոշումը ոգևորել Ալիևին՝ Զանգեզուրի «միջանցք» բացելու ու հետպատերազմյա ռուսական ճարտարապետությանը ձեռնոց նետելու հարցում, այդուհանդերձ այս վտանգավոր իրավիճակում, երբ իսկապես ռուսական գործընթացը ճաքեր է տալիս, դժվար չէ նկատել, որ տարածաշրջանում ևս մեկ խաղացող խոսում է հակամարտության կարգավորման համատեքստում Արցախի կարգավիճակի վերջնականացման ռուսական մանդատի «ամփոփման» անգամ՝ փոխարինման ցանկալիության մասին։ Իսկ այդ ամենը կարող է տեղի ունենալ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակտիվացման արդյունքում։
Մայիսի 13-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող զարգացումների թեմայով հեռախոսազրույց էր տեղի ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև՝ վերջինիսի նախաձեռնությամբ, որի ընթացքում Մակրոնը «հիշեցրել էր Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը», Ֆրանսիան պաշտոնապես պատրաստակամություն ու ցանկություն էր հայտնել, «որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարված իրավիճակին՝ տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար», և ինչպես ՀՀ վարչապետը Ազգային ժողովում մեջբերում կատարեց այդ հեռախոսազրույցից՝ «պատրաստակամություն էր հայտնել ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին»:
Որքան էլ Ֆրանսիայի առաջարկում Հայաստան-Ադրբեջան սահմանի միջազգային սահմանազատման հարցի մասին ուղիղ ակնարկ չկա, այդուհանդերձ, բացի կարճաժամկետ կտրվածքով ԱՄՆ դիրքորոշման հետ տեսանելի նույնությունը, որը ձևակերպվեց Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությամբ ու այդ նպատակով անգամ ՄԱԿ անունից ռազմական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ, տեքստում հիշատակված «տարածաշրջանում առկա լարված իրավիճակի» ու «կայունության և անվտանգությունը վերականգնելու համար» հանգուցալուծման շուրջ ՄԱԿ ԱԽ-ում Փարիզի առաջարկած քննարկումը տեսանելիորեն չի կարող շրջանցել ոչ Արցախի հակամարտության սպառիչ ու վերջնական կարգավորումը, ոչ էլ սահմանների միջազգային սահմանազատման հարցերը։
Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան ու ֆրանսիական առաջարկները միմյանց լրացնում են նաև երկարաժամկետ նպատակի առումով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ստանդարտներով սահմանազատման խնդրով, որն իր հետ ՄԱԿ կամ ԵԱՀԿ ձևաչափ է բերում նաև Արցախի հակամարտության կարգավորումը, կախված թե Երևանի ու Բաքվի հետ որ տարբերակի շուրջ ձեռք կբերվի «երկու կողմերի ներգրավվածության» պայմանավորվածությունը, և որին նրանք կհամաձայնեն։ Տպավորություն է, որ ՄԱԿ-ը սոսկ օգտագործվում է կարճաժամկետ խնդրի՝ ադրբեջանական ուժերի ետշպրտման համար ու Ադրբեջանին սարսափեցնելու առումով, կամ էլ վատթարագույն տարբերակի համար՝ եթե վերջին տարբերակ մնա ռազմական լուծումը, որի համար կպահանջվի ՄԱԿ ԱԽ բանաձև ընդդեմ Ադրբեջանի և խաղաղապահ զորքերի տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով, հատկապես՝ Գեղարքունիքից մինչև Սյունիքի վերջին սահմանային կետը։ Սակայն երկարաժամկետ կտրվածքով Վաշինգթոնի ու Փարիզի տեքստերում նկատելի է խնդիրների ողջ փաթեթը՝ սահմանազատումից մինչև Արցախյան խնդրի կարգավորումն առավելապես ԵԱՀԿ տանելու ցանկությունը։ Ի վերջո, երկու կառույցների տարբերության վրա շատ ծանրանալն այդքան էլ էական չէ, քանի որ ԵԱՀԿ-ն Արցախյան խնդրով զբաղվում է ՄԱԿ մանդատի ներքո։
Եթե հանրագումարենք, ստացվում է, որ պատերազմի և ուժային լուծման հարցը, որը անցանկալի է Վաշինգթոնի ու Փարիզի համար, կտեղափոխվի ՄԱԿ ԱԽ, իսկ քաղաքական լուծման հարցը՝ ԵԱՀԿ։ Սա է Վաշինգթոնի ու Փարիզի առաջարկը։ Թերևս մեծ փաստարկումների անհրաժեշտություն էլ չկա, որ Փարիզը և Վաշինգթոնը համաձայնեցված են գործում ու փոխլրացնող առաջարկություններ են արել, քանի որ մայիսի 16-ին տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դղիանի հեռախոսազրույցը, որի ժամանակ նրանք «նաև խոսել էին իրենց համագործակցության մասին՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ, և շեշտել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»։
ՌՈՒՍԱՏԱՆԸ ՏԵՍՆՈՒՄ ԵՎ ՀԱՍԿԱՆՈՒՄ Է ՖՐԱՆՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ
Վաշինգթոնի ու Փարիզի այսպիսի ուղերձափոխանակություններից հետո Ռուսաստանի Դաշնությունը մայիսի 18-ին նույնպես հանդես է եկել դիրքորոշմամբ, որտեղ տեսանելի է ֆրանսամերիկյան առաջարկին Մոսկվայի պատասխանը։
«Շարունակում ենք ուշադիր հետևել Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված վիճակին։ Ռուսական կողմը Բաքվին ու Երևանին օգնում է լարվածության թուլացման գործում բարձրագույն ու բարձր մակարդակներով կանոնավոր շփումների ժամանակ։ Մեր երկրների զինվորականների ու սահմանապահ ծառայությունների միջև օպերատիվ կապ է պահպանվում»,-հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ը, շեշտելով իրավիճակի վրա իր վերահսկողությունը։
Հաջորդ պարբերությամբ ու նաև նախկինում արված այլ հայտարարություններով Ռւոսաստանը պնդում է, որ տարածաշրջանում նոյեմբեր 9/10 և հունվարի 11-ին հաստատված խաղաղապահա-առևտրատնտեսային ճարտարապետությունը պետք է պահպանվի․ «Հաստատում ենք հրադադարի ռեժիմի խստագույնս պահպանման, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի նոյեմբերի 11-ի Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների այլ դրույթների անխտիր կատարման անհրաժեշտությունը»։
Ռուսաստանի դիրքորոշման երրորդ պարբերությունը վերաբերում է ֆրանսամերիկյան օրակարգի երակարաժամկետ խնդրին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի միջազգային սահմանազատմանը․ «Նման միջադեպերը պետք է լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։ Որպես երկարաժամկետ լուծում տեսնում ենք ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և դրան հաջորդող սահմանագծումը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է շարունակել ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը»։
Այսպիսով, Ռուսաստանի ու ֆրանսամերիկյան օրակարգերի երկարաժամկետ խնդրի մասով կա ընդհանրություն։ Ի տարբերություն նախորդ օրերի, որտեղ Մոսկվան ավելի վստահ էր պնդում, թե այս խնդիրն էլ ինքը պետք է լուծի միանձնյա (օրինակ, մեկ օր առաջ՝ մայիսի 17-ին ՌԴ ԱԳ փոխնախարարը հայտարարել էր, որ այդ հարցում էլ կօգնեն, եթե երկու կողմերն իրենց դիմեն, այժմ Մոսկվան տեսանելիորեն ընդհանուր դաշտ է բացում ԵԱՀԿ ՄԽ մյուս գործընկերների համար․ չի ասվում, թե Մոսկվան պատրաստ է դա անել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ինչպես Ֆրանսիան ու ԱՄՆ են հայտարարել, բայց նաև չի ասվում, թե միայնակ է անելու։ Ի վերջո, անգամ Հայաստանի հետ կապված այս աբվտանգային հարցում Ռուսաստանն ինքն է իրեն վերապահել միջնորդի, այլ ոչ թե Հայաստանի դաշնակցի դերը, հետևաբար՝ միջնորդի միջազգային մանդատ, այն էլ՝ միջազգային սահմանի ճշգրտման հարցում, նա ունի և կարող է ունենալ միայն ԵԱՀԿ ՄԽ խմբում։
Այսպիսով, չնայած ԵԱՀԿ ՄԽ խմբի ներսում առկա տարբերություններին, այս պահի դրությամբ երկարաժամկետ կտրվածքով էսկալացիաները բացառող խնդրի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցում երեք երկրներին միասնական դաշտ բերելու հնարավորություններն առկա են։ Ռուսաստանին մտահոգող հարցը մնում է Արցախի խնդրի կարգավորման հարցում Արևմուտքի ու իր միջև մոտեցումների տարբերությունները․ «կարգավիճակի որոշում ա՞յժմ», ինչպես պնդում են ԱՄՆ, Ֆրանսիան և միջազգային այլ խաղացողներ, թե՞ «կարգավիճակի որոշում ապագայում»։ Ռուսական կամ միջազգային խաղաղապահ մանդատի «ամբողջացման», «փոխարինման» անորոշություններն էլ մյուս մտահոգիչ ասպեկտներն են Մոսկվայի համար։ Ի վերջո՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման խնդիրն այլևս կարծես թե մեծ փաթեթի մեջ է՝ Արցախյան փաթեթի։ Եթե սահմանազտման հարցերը գնում են ԵԱՀԿ ՄԽ կամ ՄԱԿ, իր հետևից տանում են նաև Արցախի խնդիրը։
Սակայն, Ռուսաստանը ոչ կարող է առարկել, որ Հայաստանն ունի իր տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնամխլեիությունը վերականգնելու իրավունք, հետևաբար նաև՝ հարցը ՄԱԿ տանելու իրավունք, եթե խնդիրը քաղաքական եղանակներով չի լուծվում, ոչ էլ կարող է միանձնյա ստանձնել այս ու հետագա նմանատիպ էսկալացիաների պատասխանատվությունը, քանի որ Բաքուն հայտարարել է, որ այն «սիստեմատիկ ու ընդհանուր բնույթ է կրում ու կրելու»։ Հետևաբար, Ռուսաստանի քաղաքական խուսանավումների դաշտն էլ մեծ չէ, ու առնվազն այս պահին Մեծ փաթեթին հանգիստ տալու ու իր ստեղծած ճարտարապետությունը պահելու համար պետք է լուծի խնդիրը։
Այնպես չէ, որ Երևանին տրված է հարցը ռազմական եղանակով լուծելու կանաչ լույսը։ Հակառակը․ Երևանին հորդորել են, որպեսզի շարունակի Բաքվի հետ փնտրել կարճաժամկետ խնդրի քաղաքական հանգուցալուծման ուղիների փնտրտուքը, այդ գործընթացում իրենց դիրքորոշումներով ուժեղացնելով նրա դիրքերը։ Սակայն հենց Փարիզի ու Վաշինգթոնի այդ սատարող քաղաքական դիրքորոշումներով Երևանը ստացել ու ստանում է նաև իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու ու սահմանների անձեռնամխելիությունը ապահովելու իրավունք, ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի՝ միջազգային իրավունքի երկու սկզբունքները խախտող «սադրիչ» և «անընդունելի» քայլերը դատապարտելու երաշխիք, և որ ամենակարևորն է՝ ՄԱԿ-ի ռազմական աջակցության տրամադրում։ Սակայն, կրկնում եմ՝ սա բոլորի՝ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Հայաստանի համար վերջին ու վատագույն տարբերակ է, ու այժմ սոսկ Ադրբեջանին քայլերի դրդող միջազգային նախազգուշացում և ճնշում․ Փարիզին ու Վաշինգթոնին ոչ միայն պետք է, որ Ադրբեջանը չվտանգի միջազգային սկզբունքներն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ որ ետքայլից հետո Բաքուն և Երևանը «Արցախի խնդիր+միջազգային սահմանազատում» փաթեթով ներգրավվեն ԵԱՀԿ ՄԽ-ում։
Եթե ֆրանս-ամերիկայն համանախագահությունը Երևանի համար այդ խնդիրը չլուծեն կամ չօգնեն լուծել, պատերազմի դառն արդյունքները ճաշակող Հայաստանը դժվար թե հետաքրքրված լինի մնացյալում, ինչ առաջարկվում է, բայց իր խնդիրներից ոչ մեկ չի լուծում։ Իսկ եթե Բաքվին շատ ճնշեն ու ստորացնելով հասնեն արդյունքին, դժվար թե Բաքուն համաձայնի գնալ ԵԱՀԿ ՄԽ։ Դրա համար Վաշինգթոնը դեռևս խուսանավումների ու «դեմքը փրկելու» դաշտ է թողել Բաքվի համար։ Բաքվին ուժային տարբերակով իրենց մոտ տանելու վերջին ատյանը ՄԱԿ ԱԽ-ն է։
Ահա թե ինչու դեռևս X ժամանակ է տրված ռուսական միջնորդությամբ ու արևմտյան այս դիրքորոշումային ճնշումով Բաքվի ետնահանջի համար, մանավանդ որ մայիսի 19-ից վերսկսվում են հայ-ադրբեջանական բանակցությունները։ Ոչ թե մայիսի 19-ը, այլ դրանից մեկնարկող բանակցությունները ճշմարտության ժամ են միջնորդող Մոսկվայի համար, ով պետք է ապացուցի, որ ունակ է լուծել կարճաժամկետ խնդիրը՝ սահմանի երկու հատվածներում ադրբեջանական ետքայլի ապահովումը՝ համաձայնության ձեռք բերմամբ ու դրա կատարմամբ։ Այն նաև ճշմարտության պահ Բաքվի համար՝ արդյո՞ք համաձայնում է ետ քայլ անել ու գնալ Մինսկի խումբ, թե՞ ետ չի քաշվում ու իրեն «տանում են» ՄԱԿ ԱԽ։
Իսկ Երևանը մայիսի 19-ին վերսկսող բանակցությունների նախօրեին մի վերջին անգամ սպառնացել է իր իրավունքի մասին. Առանց նախապայմանների ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով․․․»,- գրել է  Ստյոպա Սաֆարյանը։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին