Հայտնաբերվել ու վնասազերծվել է 58 պայթուցիչ, 23 հրթիռ, հրթիռակասետային 1 ռումբ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Հայտնաբերվել ու վնասազերծվել է 58 պայթուցիչ, 23 հրթիռ, հրթիռակասետային 1 ռումբ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

2022 թվականի մայիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 582 զանգ, որից 521-ը՝ ճանաչողական բնույթի:
Շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 12 կանչ: Փրկարարները կատարել են դռան 4 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի:
Ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ շաբաթվա ընթացքում ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է 1 հաղորդում՝ մայիսի 10-ին ժամը 20:57-ին: Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրին իրար են բախվել «Ուազ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները և տուժած քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու նպատակով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգը ստանալով ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համաատասխան օգնություն:
Մայիսի 11-ին՝ ժամը 10:50-ին, ծառայության, փրկարար ուժերի վարչության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման, հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետի «Վոլգա» կոչվող հատված` մայիսի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գետի տվյալ հատվածում անհետացած ՌԴ քաղաքացի, Օլգա Սանիկովային (ծնված. 1975 թ, բնակվում է Ստեփանակերտ քաղաքում) որոնելու նպատակով:
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում, մայիսի 14-ին՝ ժամը 12։30-ին Ստեփանակերտ քաղաքի Կարկառ գետում հայտնաբերվել է Օլգա Սանիկովայի դին: Փրկարարները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ դին գետից դուրս բերելու և տեղափոխելու նպատակով։
Հաշվետու ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության տարածքում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել ու վնասազերծվել է 58 պայթուցիչ, 23 հրթիռ, հրթիռակասետային 1 ռումբ, ականանետի 35 ական, 17 արկ, ձեռքի 3 և նռնականետի 9 նռնակ:
Աղբյուր՝ https://www.1lurer.am/

Միացիր մեր կայքին