Հայկ Մարությանն արժանի չէ անվստահության քվեի, կարելի էր սպասել և երկու տարի անց գնալ նոր ընտրությունների․ «Իմ քայլի» անդամ Օվսաննա Հովսեփյան

Yerevanlur-ի զրուցակցին է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանը։
–Տիկին Հովսեփյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ նախաձեռնել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Հիմնավորումն այն է, որ Հայկ Մարությանը բավարար արդյունավետությամբ չի իրականացրել և չի իրականացնում «Իմ քայլը» դաշինքի՝ Երևանի քաղաքացիների առաջ ստանձնած և նախընտրական ծրագրով ամրագրված պարտավորությունները։ Դուք կո՞ղմ եք այս նախաձեռնությանը։
-Ես չեմ միացել այդ նախաձեռնությանը։ Ես քաղաքապետի աշխատանքը բավական բարձր եմ գնահատում, չնայած որ միգուցե եղել են թերացումներ, որովհետև քաղաքապետարանը բավական մեծ օրգանիզմ է։ Եվ աշխատանքը, բնականաբար, չէր կարող լինել 100 տոկոսանոց։ Բայց ընդհանուր առմամբ բավական բարձր եմ գնահատում քաղաքապետի կատարած աշխատանքը, և իմ տեսակետն այն է, որ նա արժանի չէ անվստահության քվեի։ Այսինքն՝ կարելի էր սպասել և երկու տարի անց գնալ նոր ընտրությունների։ Եվ ես ինքս կողմ չեմ քվեարկելու Հայկ Մարությանի հեռանալուն։
–Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շեշտում է, որ Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած քաղաքացիների մեկ հեղափոխական մանդատի արդյունքում։ Այսինքն՝ եթե նա դադարեցնում է անդամությունը կուսակցությանը, ուրեմն պետք է նաև հրաժարական ներկայացնի։ Այս օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը հարցադրում են անում՝ իսկ ինչո՞ւ երևանիցների կարծիքը հաշվի չեն առնում այս հարցում։
-Մարդիկ ընտրել են «Իմ քայլին», այսինքն՝ կարգն այնպես է, որ ընտրել են ամբողջական թիմին, որի առաջին համարը եղել է Հայկ Մարությանը։ Ճիշտ է, ինքն է եղել սիմվոլը, բայց ընդհանուր առմամբ ընտրողները քվեարկել են «Իմ քայլի» օգտին։ Հայկ Մարությանից հետո ցուցակում «Իմ քայլից» հաջորդ համարն է՝ Երևանի առաջին փոխքաղաքապետը։ Այսինքն՝ մարդկանց քվեն, որը տրվել էր «Իմ քային», էլի շարունակում է փաստացի մնալ «Իմ քայլի» օգտին։
–Այսինքն՝ ընտրողի շահերի ոտնահարում չեք տեսնո՞ւմ։
-Չէ, իրականում հանրության շահի ոտնահարում ինչ-որ չափով տեսնում եմ։ Այդ պատճառով էլ շատ ու շատ հարցերից ելնելով՝ ես ինքս դեմ եմ, որպեսզի այս գործընթացը տեղի ունենա։
–Ավագանիում այս հարցի քննարկումներն ինչպե՞ս են ընթացել, փաստացի տեսնում ենք, որ խմբակցությունն այս հարցում կիսվել է երկու մասի։
-Ինչպես արդեն ինֆորմացին տրվել է, մոտ 40 հոգի կողմ են գործընթացին։ Եվ ըստ այդ տրամաբանության՝ մնացածն էլ դեմ են կամ ձեռնպահ։ Այնպես որ, այո, քննարկումներ եղել են, բոլոր կողմերից խոսակցություններ եղել են, ինչ-որ մարդիկ, եթե ինչ-որ բաներ չէին հասկացել, փորձել են հասկանալ։ Եվ նոր թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է, ով առաջին փոխքաղաքապետն է։
-Դուք ի՞նչ եք կարծում, քաղաքի կառավարման տեսանկյունից ի՞նչկարևոր խնդիրներ պետք է լուծի համայնքապետը։ Եվ այս տարիներին արդյոք Հայկ Մարությանը մարդկանց հուզող խնդիրներին լուծում տվել է՞։
-Իմ կարծիքով՝ մեր քաղաքին պետք է շատ նվիրված և ազնիվ քաղաքապետ և շատ աշխատասեր։ Երևանում այսօր շատ գործ կա անելու, շատ բացեր կան։ Այդ պատճառով, քանի որ քաղաքապետի աշխատավարձն էլ իրականում այդքան բարձր չէ, նվիրվածություն է պետք։ Քաղաքապետը, կարելի է ասել, գրեթե հասարակական հիմունքներով է աշխատում ցածր աշխատավարձի պայմաններում։ Այսինքն՝ շատ նվիրված մեկը պետք է լինի, որպեսզի առանց կոռուպցիայի ազնվորեն աշխատի։ Եվ իմ կարծիքով՝ Հայկ Մարությանը հենց քաղաքին նվիրված այդ մարդկանցից էր։
-«Իմ քայլի» այս որոշումը քննադատվում է, կան մեկնաբանություններ, որ այսպիսով փորձում են երկրում միակուսակացական համակարգ ձևավորել։ Դուք ինչպե՞ս կանձագանքեք այս մեղադրանքներին։
-Ես չեմ ուզում մեկնաբանել այդ մեղադրանքները։