«Հայաստան» դաշինքի նախաձեռնությունը քարոզչական նպատակ է հետապնդում․ Արմեն Բաղդասարյան

««Հայաստան» դաշինքի նախաձեռնությունը քարոզչական նպատակ է հետապնդում, որովհետև ակնհայտ է, որ խորհրդարանում իշխող քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն ունի և դեմ է լինելու նախագծին»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի կողմից շրջանառվող՝ Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջող նախագծին։
Քաղաքագետի կարծիքով՝ ընդդիմությունը հաջողության չի հասնի, առավել ևս, երբ Ալեն Սիմոնյանը կրկնել է իր քաղաքական առաջնորդի և քաղաքական թիմի տեսակետը։ Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը պետք է նախաձեռներ նրա պաշտոնանկությունը։
«Քաղաքակիրթ երկրում Ալեն Սիմոնյանը հրաժարական կտար դեռևս հունական կղզիների կադրերից և բազմաթիվ այլ հայտնի դարձած փաստերից հետո, օրինակ՝ իր եղբոր կոռուպցիոն սկանդալների կամ «Լավրովի պլանի» մասին անհեթեթ հայտարարություններից հետո, որը դիվանագիտական կոշտ հակազդեցության արժանացավ Ռուսաստանի կողմից։ Ակնհայտ է, որ նա չի համապատասխանում Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնին»,- նշեց Բաղդասարյանը։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ընդդիմության նախագիծը խոսում է քաղաքական ապիկարության և իր՝ մինչ այժմ ճիշտ գործելուն՝ քաղաքագետը նշեց․ «Ալեն Սիմոնյանը, իհարկե, ճիշտ ուղով չի գնում, հասկանալի է՝ փորձում է պաշտպանվել։ Այստեղ, սակայն, խնդիրը Ալեն Սիմոնյանը չէ․էական չէ՝ այդ պաշտոնին նա կլինի, թե մեկ ուրիշը, խոսքն ավելի լուրջ իրավիճակի մասին է, որ քաղաքական իշխանություններն ի վիճակի չեն իրականացնել իրենց ստորագրած պարտավորությունները։ Չեմ կարծում՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնանկությունն ինչ-որ լուրջ հետևանքներ կունենա»։
Բաղդասարյանի գնահատմամբ՝ խորհրդարանում իշխանությունն ու ընդդիմությունը որևէ բանով զբաղված չեն․ «Այնտեղ կոճակ սեղմողներ են, կամ ինչպես իրենցից մեկն էր ասում՝ «ուսապարկեր», որոնք դակում են գործադիր իշխանության ցանկացած որոշում՝ առանց հաշվի առնելու հետևանքները։ Ընդդիմությունը նույնպես չի վայելում հասարակության աջակցությունը։ Իմ պատկերացմամբ՝ ընդդիմության քայլերը քարոզչական նպատակ ունեն, որպեսզի հասարակության մեջ փորձեն բարձրացնել իրենց վարկանիշը»։
Մարիամ Ասատրյան