Հայաստանն այդ պահին նախագահող լիներ, թե ոչ՝ հարցը որոշվելու էր այնպես, ինչպես որոշվեց․ Նարեկ Գալստյան

Հայաստանն այդ պահին նախագահող լիներ, թե ոչ՝ հարցը որոշվելու էր այնպես, ինչպես որոշվեց․ Նարեկ Գալստյան

«Նմանատիպ իրավիճակներում ամեն ինչ փոխկապակցված է քաղաքական շահի հետ․ այն, որ ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ նախատեսված դեպք կա, թե ոչ, դրանց մեկնաբանությունն անգամ քաղաքական է։ Հայաստանի շահը ստորադասված է մյուս հարցից․ կարո՞ղ էր Հայաստանը հրաժարվել խաղաղապահ զորքեր ուղարկելուց, որովհետև առաջին հայացքից ակնհայտ չէ, թե մենք դրանից ինչ օգուտ ենք ստանում»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։

 Քաղաքագետի դիտարկմամբ՝ այն հանգամանքը, թե որ պետությունն է ղեկավարում խաղաղապահ զորախումբը, արդեն իսկ հուշում է տեղի ունեցածի մասին․ «Իհարկե, այդտեղ իր շահերը պաշտպանելու խնդրով ամենաշագրգիռը Ռուսաստանն է։ Եթե Ռուսաստանն այդքան արագ որոշում կայացրեց և դրան մասնակից եղան ՀԱՊԿ մյուս անդամները, սա խոսում է առկա զգայուն հարցերի մասին, իսկ այստեղ Հայաստանի պետական շահն ակնհայտ չէ»։

Գալստյանի խոսքով՝ գուցե Հայաստանի համար անարդարության զգացում լինի, երբ մայիսյան դեպքերին ոչինչ չիրականացվեց, սակայն Ղազախստանի ներքին անկայունության դեպքում արագ արձագանք եղավ․ «Այստեղ կարող ենք մեզ հետ զուգահեռներ անցկացնել․ այս 30 տարիների ընթացքում Ղազախստանի իշխող ռեժիմն ամեն ինչ արել է, որ ժողովրդի մոտ անարդարության զգացումն առաջանա, արդյունքում՝ ոչ քաղաքական հարցի պատճառով հսկայական քաղաքական պրոցես կատարվեց»,- ընդգծեց զրուցակիցը։

Անդրադառնալով որոշմանը՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանի դերն աշխարհում մնում է անփոփոխում․ «Սա ոչ մի ազդեցություն չունի, որովհետև բոլորն են հասկանում, որ Հայաստանն այդ պահին նախագահող լիներ, թե ոչ, այս հարցը որոշվելու էր ինչպես որոշվեց։ Այստեղ խնդիրը ոչ թե Հայաստանի դերն է, այլ Ռուսաստանի, ով հստակ արձագանք է տվել և ասել՝ պետք է այսպես արվի։ Այստեղ գլխավոր պատճառը Ռուսաստանի դիրքորոշումն է․ նույն տրամաբանությամբ նշեմ նաև տարաձայնությունները, երբ Սիրիայում գործողությունների ժամանակ ՀԱՊԿ շրջանակներում ոչ մի պետություն չաջակցեց Ռուսաստանին, միայն Հայաստանը միացավ, այն էլ ներկայիս կառավարող էլիտայի կողմից»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ այստեղ խնդիրն այն է, թե ով և ինչքանով է պատրաստ դիմակայել Ռուսաստանի պահանջներին․ «Այստեղ երրորդ պետության հարց չէ, ուստի  որոշում կայացնելն ավելի հեշտ է եղել, իսկ դա նշանակում է, որ մինչև հրապարակային որոշումը ներկայացնելը պայմանավորված գործողություն է եղել։ Ղրղզստանը, օրինակ, սկզբում մանևրում էր, սակայն Հայաստանն անգամ տեսականորեն դրա հնարավորությունը չուներ»։

Անդրադառնալով խաղաղապահ զորքերի ներկայությանը՝ Գալստյանը նկատեց․ «Ղազախստան ուղարկվող զորքերը մեր խաղաղապահ զորքերը չեն, մեր զորքերը շուտով մեկնելու են Կոսովո՝ մարտական հերթափոխի, սրանք Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներից հավաքված զինվորականներ են և հատուկ նախապատրաստված չեն խաղաղապահ առաքելություն ծավալելու։»։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին