Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման ենթադրյալ սցենարը Իրանի համար ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է դիտարկվում

Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման ենթադրյալ սցենարը Իրանի համար ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է դիտարկվում

Իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ՀՀ սահմանային իրադրության վերաբերյալ Իրանի արձագանքին, գրել է.

«Քանի որ Իրանի Մաջլեսի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրիի վերջին հարցազրույցը ու դրանում ընդգծված՝ “մենք թույլ չենք տա Իրանի սահմանների փոփոխություն” ձևակերպումը լայն տարածումէ ստացել հանրային դաշտում, հիշեցնեմ, որ՝
-Տարածքային ամբողջականության սկզբունքը եղել և մնում է Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը։ Հետևաբար ոչ միայն Հայաստանի , այլև Ադրբեջանի ու բոլոր մյուս երկրների տարածքային ամբողջականության հարցի կարևորումը Իրանի արտաքին քաղաքականության ուղենիշն է․ Իրանը նույն սկզբունքի պաշտպանության դիրքերից էր հանդես գալիս նաև Սիրիայի ճգնաժամի համատեքստում,
-Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման ենթադրյալ սցենարը Իրանի համար ազգային անվտանգության լուրջ սպառնալիք է դիտարկվում․ Հայաստանի հետ սահմանը Իրանին հնարավորություն է տալիս Սև ծովի ու Եվրոպայի հետ կապող այլընտրանքային՝ թուրք-ադրբեջանական ուղիներից անկախ ճանապարհ ունենալ (այդ ճանապարհի որակի ու հնարավորությունների հարցն առանձին թեմա է)։
-ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի՝ Իրանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպումն ու Սև ծով-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի ծրագրի քննարկումը այս օրերին վերը նշվածը ևս մեկ անգամ կարևորելու փորձ է։
-Միաժամանակ, Իրան-Հայաստան սահմանի փոփոխությունն ու չարկչրկված միջանցքի հավանականությունը լուրջ խնդիրներ կառաջացնի նաև Իրանի ներքին անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով մի կողմից Իրանի հյուսիսային նահանգներում առկա անջատողական տրամադրություններն ու դրանց վրա՝ այդ միջանցքի ազդեցությունը, մյուս կողմից թյուրքական առանցքի համատեքստում այդ միջանցքի (ենթադրյալ) օգտագործման դեռևս անհայտ պայմանները:
-Արտատարածաշրջանային ուժերի՝ որևէ ձևաչափով մասնակցությունը կամ ներկայությունը Իրանի հյուսիսային սահմանների հարևանությամբ նույնպես միշտ եղել ու հիմա էլ մնում է Իրանի համար անընդունելի լուծում։ Հետևաբար, մեզ առաջարկվող օգնությունն, օրինակ, Ֆրանսիայից կարող է հավելյալ անհանգստություն առաջացնել հարավային հարևանի մոտ (սրանով ամենևին չեմ նսեմացնում որևէ երկրի դիրքորոշում կամ օգնության պատրաստակամություն, պարզապես շեշտում եմ արձագանքները ճիշտ ընկալելու համար)»,-գրել է իրանագետը։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին