Հայաստանի սահմանի որ կողմում էր Ռուսաստանը. ինչ կբացահայտի ռազմական ոստիկանությունը

Հայաստանի զինվորական դատախազությունը ռազմական ոստիկանությանը հանձնարարել է պարզել Սյունիքի Իշխանասարում տեղի ունեցած սահմանային հայտնի միջադեպի հանգամանքները և տալ իրավական գնահատական: Այլ կերպ ասած, խոսքն այն մասին է, որ պետք է պարզել, թե ինչպես է տեղի ունեցել ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը ևՀայաստանի պետական սահմանի մոտ 3 կմ խորությամբ հատումը: Հայաստանի հանրություննարդեն երկու օր աշխուժորեն քննարկում է տեղի ունեցածը՝ դրա հնարավոր ռազմա-քաղաքական ռեգիոնալ, աշխարհաքաղաքական, նաևներքաղաքական ասպեկտներով: Միևնույն ժամանակ, այդ ամենով հանդերձ, առանցքային կամ ելակետային հանգամանքը թերևս հենց այն է, թե ինչպես է ադրբեջանցիների առաջխաղացումը եղել հնարավոր, ինչպես են նրանք մոտ 3 կմ շարժվել առաջ՝ չհանդիպելով Հայաստանի սահմանապահ ստորաբաժանումների կամ զինուժի: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղի ունեցածը եղել է նախապես ծրագրված ևկազմակերպված սադրանք: Հետևաբար, քննությունը պետք է պարզի, թե արդյո՞ք այդ սադրանքն ունեցել է աջակիցներ և մասնակիցներ Հայաստանում: Կամ, մասնակիցներ այլ տեղերում, որոնք ունեցել են Հայաստանում որոշակի շրջանակների վրա ազդեցության հնարավորություն: Մասնավորապես, խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է, որի ազդեցությունը Հայաստանի ուժային բլոկի վրա թերևս կասկածից վեր է: Ի վերջո, դիտարկելով տեղի ունեցածի հնարավոր մոտիվները, հավասարապես կարելի է հանգել տրամագծորեն հակառակ եզրակացությունների՝ ադրբեջանական սադրանքը սադրանք և ճնշում էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դեմ, կամ ադրբեջանական սադրանքը Հայաստանի դեմ ոչ միայն ադրբեջանական սադրանք և ճնշում էր, այլ նաև ռուսական:
Բուն իրավիճակն անշուշտ պարունակում է քաղաքական, աշխարհաքաղաքական ուղղակի ևանուղղակի շատ ավելի լայն և նուրբ շերտեր, բայց հենց այդ իմաստով է նաև, որ Հայաստանի պաշտպանունակությունն այստեղ էապես պայմանավորված է հանգամանքով, թե ինչպես է ձախողվել Հայաստանի սահմանապահ կամ պաշտպանական համակարգն Իշխանասարում: Երբ խոսք է գնում, օրինակ, լայնամասշտաբ ռեգիոնալ պատերազմի մասին, ապա այստեղ իհարկե ձախողումները, սխալ կամ կասկածելի որոշումները միանգամայն կարող են ունենալ օբյեկտիվ հիմքեր: Մասշտաբային պատերազմը բերում է անկանխատեսելիությունների,առաջացնում խուճապ, դրա հետևանքով սխալներ, պահանջում ժամանակի և տարածության մեջ չափազանց արագ և վճռական որոշումներ, որտեղ սխալի հավանականությունը բարձր է օբյեկտիվորեն: Թեև, անգամ այդ դեպքում քննվում է, թե արդյո՞ք սխալները չեն եղել դիտավորության հետևանք: Երբ խոսքն առանձին վերցրած սահմանային հատվածի մասին է, այն էլ հարաբերական խաղաղության և կայունության, առանց ռազմագործողության ռեժիմում, ապա այստեղ սխալը գործնականում զուրկ է օբյեկտիվության հիմքից և անգամ կանխավարկածի իրավունքից: Այստեղ սխալն ուղղակի հանցանք է, լինի դիտավորության, թե անփութության հետևանքով: Բայց, հարցը պետական սահմանի հանդեպ պարտավորության կատարման թերացման պատասխանատվության կարևորագույն խնդիր չէ միայն: Պետական կառավարման համակարգի բոլոր անկյուններում պետք է խստագույնս առկա լինի պատասխանատվության գործոնը: Սակայն, այստեղ առանցքային է հենց այն, որ իրավական գործընթացը պետք է պարզի, թե որքան է տեղի ունեցածի մեջ քաղաքականության գործոնը և որտեղ է այդ գործոնը «թաքնված»: Սա կարևորագույն հարց է առավել ևս նախընտրական շրջանում, երբ որոշվելու է Հայաստանի նոր իշխանությունը: Որովհետև, կա մեծ ռիսկ և նույնիսկ գայթակղություն՝ Հայաստանում իշխանության հարցը լուծել ոչ թե քաղաքական պայքարով, այլ սահմանային միջադեպերով: Ըստ այդմ, Իշխանասարի քննությունն այդ իմաստով պետք է լինի ոչ միայն բացահայտման, այլև կանխարգելման տրամաբանությամբ գործընթաց՝ նախընտրական շրջանում հնարավոր նոր «իշխանասարերի» բացառման համար: Հատկապես, երբ ակնառու է, թե այդօրինակ հնարավորություններն օգտագործելու ինչպիսի «մարտական բարձր պատրաստականության» են բերված Հայաստանի իշխանության համար պայքարի ելած քաղաքական ու տնտեսական խմբերը:
Հայկ Իսրայելյան