Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը Բաքուն անվանել է «սահմանային իրավիճակի քաղաքականացում»

Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը Բաքուն անվանել է «սահմանային իրավիճակի քաղաքականացում»

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը երկու երկրների սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ ՀՀ ղեկավարության դիմումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) համարում է խնդրի քաղաքականացման փորձ:  ТАСС-ի տեղեկացմամբ՝ այսօր նման հայտարարություն արել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ տաջիկ գործընկեր Սիրոջիդդին Մուհրիդինի հետ հեռախոսազրույցում:

«Նախարար Ջեյհուն Բայրամովը ներկայումս ՀԱՊԿ-ում նախագահող Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի ուշադրությունը հրավիրեց նրան, որ Հայաստանի դիմումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ադրբեջանա-հայկական սահմանի հարցով  ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ղեկավար շրջանակների կողմից խնդիրը քաղաքականացնելու փորձ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բայրամովը Տաջիկստանի իր գործընկերոջը հայտնել է, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունն անմիջապես ուղարկվել է դեպքի վայր, որտեղ բանակցություններ են վարվել հայ սահմանապահների հետ:

«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ նման միջադեպերը պետք է լուծվեն քաղաքական մեթոդներով և բանակցությունների միջոցով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու և առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին