Հայաստանը պարտավոր է փնտրել և գտնել անվտանգային այլընտրանքներ, դա է պահանջում մեր երկրի գոյաբանական շահը․ Արման Բաբաջանյան

Yerevanlur-ի զրուցակիցն է ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը։
– Պարոն Բաբաջանյան, նախորդ շաբաթ սահմանային իրավիճակին նվիրված Ազգային ժողովի արտահերթ նիստից, ՀԱՊԿ–ին դիմելուց հետո այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ–ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում։ Ի՞նչ է այս ամենը նշանակում։
– Հայ–ադրբեջանական սահմանին հակառակորդի ակտիվության աճը փաստացի հաջորդել է այսօր Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ իհայտարարությանն առ այն, որ Զանգեզուրի միջանցքի հարց բանակցությունների ընթացքում չի քննարկվել և չի քննարկվելու։ Սա ցույց է տալիս, որ Սյունիքում և Գեղարքունիքում իրականացվող ագրեսիան նպատակ է հետապնդում հասնել հենց Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը՝ կա՛մ նոր պատերազմի միջոցով, կա՛մ գործադրվող ռազմաքաղաքական ճնշումների արդյունքում ստիպել Հայաստանին համաձայնություն տալ այդ միջանցքի ստեղծմանը։ Սահմանազատման հարցը եղել է լոկ պատրվակ, որի ներքո թաքնված է Սյունիքի մասնատման և Հայաստանից աստիճանական օտարման նպատակը։
Վարչապետն այսօր հստակ և ուղղակի պատասխան տվեց շրջանառվող լուրերին և հերքեց Զանգեզուրի տարածքի վերաբերյալ որևէ զիջման հնարավորությունը՝ այդպիսով քողազերծելով Ադրբեջանի և նրան աջակցող ուժերի իրական նպատակադրումները, ինչին և հաջորդեցին դիվանագիտական փակուղում հայտնվող Ադրբեջանի սահմանային զորաշարժերը։
– Ե՞րբ սպասել ՀԱՊԿ-ի գործուն արձագանքին, թե՞ չսպասել և զուգահեռ դիմել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։
– ՀԱՊԿ–ն ի սկզբանե արդյունավետ կառույց չի եղել Հայաստանի համար, քանի որ այդ կազմակերպության անդամ պետությունների գերակշիռ մեծամասնությունը Հայաստանի հետ որևէ ընդհանուր շահ չունի։ Ավելին՝ Ղազախստանն ու Ղրղզստանը կարևոր հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, իսկ Ղազախստանը նաև Կասպյան պետություն է և Ադրբեջանի հետ ունի ռազմավարական շահեր Կասպից ծովի շահագործման հարցում։ Բացի դրանից, նշված պետությունները սերտ ռազմաքաղաքական հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։
Այս էքսկուրսը կատարեցի ցույց տալու համար, որ ՀԱՊԿ–ն օբյեկտիվորեն ի զորու չէ և ցանկություն էլ չի կարող ունենալ կատարել Հայաստանի հանդեպ իր պայմանագրային պարտավորությունները։
Հայաստանի կառավարությունը ճիշտ է վարվում, որ փորձում է գործարկել ՀԱՊԿ–ի ինստիտուցիոնալ մեխանիզմները, սակայն այս առումով էական սպասելիքներ պետք չէ ունենալ։ Պատահական չէ, որ արդեն մի քանի օր է ո՛չ ՀԱՊԿ–ը և ո՛չ էլ դրա անդամ պետությունները որևէ բովանդակալից արձագանք հայ–ադրբեջանական հակամարտության էսկալացիային չեն տվել։
– Ֆրանսիայի՝ ՄԱԿ ԱԽ մանդատի ներքո ռազմական աջակցություն ցուցաբերելու առաջարկի վերաբերյալ. Երևանը կարո՞ղ է դիտարկել երրորդ երկրի հետ ռազմական ենթակառուցվածքային գործակցության ՀԱՊԿ արգելանքը հանելու հարցը, ինչպե՞ս դրան կարձագանքի Ռուսաստանը:
– Հայաստանը պարտավոր է փնտրել և գտնելանվտանգային այլընտրանքներ, դա է պահանջում մեր երկրի գոյաբանական շահը։ ՀԱՊԿ–ի արգելքը կարելի է հաղթահարել՝ ՀԱՊԿ–ից դուրս գալով և միաժամանակ պահպանելով ռազմավարականհարաբերությունները Ռուսաստանի հետ։Ռուսաստանի հետ պետք է վարել անկեղծ խոսակցություն և բացատրել, որ կշեռքի նժարին Հայաստան պետության գոյությունն ու կենսունակությունն է և, եթե Ռուսաստանն ի զորու չէ լիարժեքորեն ստանձնել Հայաստանի անվտանգության և տարածքայինամբողջականության պաշտպանությունը, իսկ անցած օրերը հակառակը չեն ապացուցում, ուրեմն՝գոնե չպետք է խոչընդոտի Հայաստանի կողմից անվտանգային այլընտրանքների որոնումը․ դա որևէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի շահերի դեմ։Այս համատեքստում դրական ազդակներ են ստացվում Ֆրանսիայից, ինչպես նաև ԱՄՆ–ից և Իրանից, որոնք պետք է կապիտալիզացնել։
Գայանե Խաչատրյան