Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում․ Ռուբեն Մեհրաբյան

Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում․ Ռուբեն Մեհրաբյան

Այսօր Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում ստեղծված իրավիճակը «պայթյունավտանգ» որակեց։ Հայտարարվեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի որոշ մասերում պետական սահմանը հատելու կապակցությամբ ՀՀ-ն դիմում է ՀԱՊԿ-ին՝ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Թեմայի շուրջ Yerevanlur-ը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

– Պարոն Մեհրաբյան, ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ին դիմելը նշանակում է, որ ադրբեջանցիները հրաժարվե՞լ են ետ քաշվել և իրականում լուրջ ռազմական մտադրություն ունե՞ն։

– Տեղի ունեցածն, իհարկե, միանգամայն սանձարձակ սադրանք է ուղղված նրան, որպեսզի խափանվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, երկրորդը՝ լարվածություն ստեղծելով ՀՀ սահմաններին, արդեն ռազմական ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ լրացուցիչ զիջումներ պոկելու համար, այնպիսի զիջումներ, որոնք այդ եռակողմ հայտարարության մեջ ներառված չեն, բայց Ադրբեջանը ցանկանում է։ Սա է Ադրբեջանի նպատակը։ Եվ, այո՛, նրանք արդեն անցել են բացահայտ ռազմական ճնշման։ Կարծում եմ՝ սա ուղղակի կապ ունի նաև Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ, և Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Դիմելով ՀԱՊԿ-ին՝ մենք այնտեղից ստացանք մի ողորմելի «մլավոց», որը ոչ մի բանի մասին էր, այսինքն՝ դա ավելի շատ ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ զուտ որպես կենդանության նշան էր, այն էլ դա էլ լավ չստացվեց, որովհետև դատելով իրավիճակից և այդ ոչ ադեկվատ արձագանքից, երևում է, որ այդ կազմակերպությունը, որին, դժբախտաբար, անդամակցում ենք, կապ չունի Հայաստանի հետ։

– Այսինքն՝ այս դիմումից հետո ի՞նչ գործողություններ կձեռնարկի ՀԱՊԿ-ը։

– Այդ գործողությունները կլինեն այնպիսին, ինչպիսին կցանկանա և, միաժամանակ, կկարողանա Ռուսաստանը։ Իսկ Ռուսաստանն առանձնապես շատ բան, ինչպես տեսնում ենք, չի կարողանում, իսկ ավելի շատ՝ չի ցանկանում։

– Բայց այս օրվա ընթացքում ՀԱՊԿ-ի նիստ է եղել, քննարկումներ են եղել։ Սա չի՞ նշանակում, որ այս դիմումը համաձայնեցված է և այդպիսով Ռուսաստանի կողմից ազդակ է Ադրբեջանին։

– Ես չեմ կարծում, որ սա Ադրբեջանի վրա գործուն ազդակ կարող է լինել, որովհետև Ռուսաստանն, ընդհանրապես, հրապարակային կերպով նույնիսկ դատապարտող խոսք չի ասել Ադրբեջանին ուղղված։ Ո՛չ «թթու» խոսք է ասել, ո՛չ էլ «ոչ թթու» խոսք է ասել։ Սա է հարցը։

– ՄԱԿ ԱԽ-ին դիմելն ի՞նչ կտա։

– Տեղի է ունեցել միջազգային իրավունքների և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում և ՀՀ-ի իրավունքն է՝ հարցը բարձրացնել Անվտանգության խորհրդում՝ մշտական անդամներին կոչ անելով այդ խախտումներից բխող գործուն քայլերի դիմել՝ ընդդեմ Ադրբեջանի։

– Գործուն քայլերը որո՞նք են։

– Առնվազն կարող են ընդունել բանաձև, որը պարտադիր ուժ կունենա՝ ցուցումով, թե Ադրբեջանն ինչ պետք է անի և ինչ պետք է չանի։ Էլ չեմ խոսում պատժամիջոցների մասին։ Էլ չեմ խոսում եվրոպական այլ կառույցների մասին, ԵԱՀԿ մասին՝ որպես եվրոատլանտյան կառույց, որոնք ևս ազդեցության մեխանիզմ են։

– Հայաստանը պե՞տք է դիմի նաև Միացյալ Նահանգներին։

– Կարծում եմ՝ Հայաստանը պետք է դիմի Մինսկի խմբի եռանախագահ երկրների ձևաչափով և՛ ԱՄՆ-ին, և՛ Ֆրանսիային, որովհետև դիմելով ՀԱՊԿ-ին, կարելի է համարել, որ այդ կերպ դիմում է նաև Ռուսաստանին, հատկապես՝ ՀԱՊԿ-ի կենտրոնական ապարատը գերազանցապես ռուսներն են։ ՄԽ եռանախագահներին պետք է դիմի, որպեսզի ԱՄՆ-ը և Ֆրանսիան իրենց ազդեցությունը գործադրեն՝ Ադրբեջանին ստիպելու վերադառնալ ելման դիրքեր։ Եվ եթե դա տեղի չունենա բանական ժամկետներում, ապա որպես ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ, հարցը բարձրացնեն նաև այնտեղ։

– Այսօր Ադրբեջանը փորձել է դիրքային բարելավումներ իրականացնել նաև Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում, որը ՀՀ ԶՈւ-ն կանխել է։ Հայկական կողմի գործողություններն այս իրավիճակում որո՞նք պետք է լինեն՝ անկախ նրանից, թե ինչ կձեռնարկի ՀԱՊԿ-ը, կամ որևէ այլ կառույց։ Ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

– Կարծում եմ, որ այդ հարցի պատասխանատուն, թե պե՞տք է ռազմական դրություն հայտարարել, թե՞ ոչ, պետության ռազմական ղեկավարությունն է։ Բայց եթե չի ստացվում խնդիրը քաղաքական ճանապարհով կարգավորել, Հայաստանը լիովին իրավունք ունի պարտադրանքի գործիքներ կիրառել՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Գայանե Խաչատրյան

 

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին