Հայաստանը ինչպե՞ս և ո՞ւմ է վճարելու՝ հակառակորդի հետ քաշվելու համար

Ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանները խախտելու փաստով ՀԱՊԿ-ի հնարավոր քայլերը կախված են Ռուսաստանի քաղաքականությունից։ Նման տեսակետ Yerevanlur-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Սարո Սարոյանը։
«ՀԱՊԿ-ն ընդհանրապես ստեղծվել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար և, բնականաբար, որոշումներ կայացնելու առումով կա կոնկրետ խնդիր՝ տեսնել, թե Կրեմլը ինչպիսի քաղաքականություն է վարելու։ Հարցն այն է, որ Ադրբեջանը նման կարգի ագրեսիա իրականացնելու համար պետք է երաշխիքներ ունենար, այլապես նման կարգի գործողություն չէր լինի Սյունիքի սահմաններում։ Բնականաբար, այստեղից հետևում է, որ այն, ինչ կատարվել է, տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ և երաշխիքներ տալով։ Հիմա կարելի՞ է սպասել, որ սուր առճակատում կլինի և այլն, իհարկե, ո՛չ։ Պարզապես կարելի է գնահատել, որ այս ճանապարհով Ռուսաստանն իր որոշակի գործողություններն է իրականացնելու, և այդ գործողությունների մեջ կարող է այն տրամաբանությունը լինել, որ Սյունիքում լրացուցիչ զինուժ տեղակայվի և դրանից հետո ադրբեջանական զինուժը հետ քաշվի»,- ասաց Ս․ Սարոյանը։
Նրա համոզմամբ՝ այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ իրականում Սյունիքում հիմնվի ռուսական ռազմաբազա։
Սարոյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունն ի վիճակի չէ փոքր քայլերով լուծել խնդիրը․ «Հայաստանը նախ պետք է հստակեցնի իր ռազմավարությունը։ Հայաստանը շարունակում է այն քաղաքական գիծը, որտեղ իր անվտանգային խնդիրների լուծումը կապում է Մոսկվայի՝ Կրեմլի ուղղակի միջամտությունների հետ։ Մեր Ազգային անվտանգության հայեցակարգը և այլն, բոլորը կառուցված են այդ սկզբունքով, և այստեղ առանձին շտրիխները, փոքր քայլերը որևէ արդյունք չեն կարող տալ։ Հայաստանը պետք է դառնա բոլորովին այլ ռազմաքաղաքական գծի կրողը, այդ գիծը մշակի ու կարողանա կյանքի կոչել։ Փոքր քայլերը որևէ օգուտ չեն կարող տալ, իսկ նման խնդիր լուծելու համար իրենքանընդունակ են։ Սպասել, որ կարող են իրենց առջև մասշտաբային խնդիրներ դնել և լուծել, ես չեմ տեսնում հնարավորություն։ Իրենք նաև ի վիճակի չեն կանխարգելել բոլոր այն ներգործությունները, որոնք Ռուսաստանը կարող է իրականացնել։ Պարզապես ի վիճակի չեն»։
Հարցին, թե ի՞նչ պայմաններ կներկայացնի հակառակորդը հեռանալու համար, քաղաքագետը պատասխանեց․ «Հետ քաշվելու գինը պետք է վճարի Հայաստանը։ Հարցն այստեղ է՝ գինը ինչպե՞ս և ո՞ւմ է վճարելու։ Ես ասացի, որ այդ գինը կարող է լինել, որ պետք է ստիպված լինի Ռուսաստանին վճարել Հայաստանում լրացուցիչ կոնտինգենտ մուտք գործելու տեսքով։ Դա կարելի է հասկանալ։ Այլ հարց է, եթե Հայաստանը գտնում է, որ այդ գինը պետք է վճարի Ադրբեջանին։ Դա էլ մյուս խնդիրն է, թե ինչպիսի մեծ գնի մասին է խոսքը։ Երրորդ ճանապարհը՝ կամային, ինքնուրույն քաղաքականություն վարելն է և, այդ թվում,ռազմական բախման գնալն է։ Սակայն այս իրավիճակում կառավարությունը նման քայլեր իրականացնելու ո՛չ ունակություն ունի, ո՛չ միտք և ո՛չ կամք»։
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ ԷմմանուելՄակրոնի՝ ստեղծված սահմանային իրավիճակի շուրջ բանակցությունները ՄԱԿ Անվտանգության խորհուրդտեղափոխելու առաջարկին, Ս․ Սարոյանը նշեց․ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանն, ըստ էության, այնքան է կաշկանդված Կրեմլի որոշումներից, որ անգամ այդ հարցում առաջխաղացում տեղի չի ունենում։ Տեղի ունեցած հեռախոսազրույցների պաշտոնական հրապարակումները ցույց են տալիս, որ Հայաստանն այդ խնդրին չի անդրադարձել կամ հարկ է համարել դրա մասին իր՝ հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարության մեջ չնշել։ Միաժամանակ երեկ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը, որտեղ նշվել է նոյեմբերի 9-ի հայտարարության ոգին ու տառը պահպանելու անհրաժեշտության մասին, իսկ անհրաժեշտությունը, ըստ էության, առկա վիճակը պահելով՝ ռազմական գործողությունների չդիմելու պարտադրանքին է վերաբերում։ Այս իրավիճակում դա նշանակում է՝ Հայաստանին արգելվում է ռազմական որևէ գործողության դիմել, պատասխան տալ Ադրբեջանին։ Այդ պատասխանը Մոսկվան, բնականաբար, փորձում է ինքը տալ՝ քաղաքական ճանապարհով, ինչ-որ որոշումներ կայացնելով Բաքվի հետ, բայց դրա դիմաց Հայաստանից որոշակի գին պահանջելով»։