Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշների նախագիծը:

Ինչպես տեղեկացնում են գերատեսչությունից, նախագծի ընդունման պարագայում կստեղծվեն նախադրյալներ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները։

Մանկավարժահոգեբանական աջակցությանծառայությունների տրամադրումընախադպրոցական մակարդակում

Նախադպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, որոնք տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել են, և հաստատվել է, որ ունեն մանկավարժահոգեբանական աջակցության կարիք: Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրում են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժները և Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խումբը (ՄՀ աջակցության խումբ): Եթե հաստատությունում չկան անհրաժեշտ մասնագետներ, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնից (ՏՄԱԿ):

Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքում՝ թեթև աստիճանի դժվարությունների արձանագրման դեպքում նախադպրոցական ուսումնական հաստատությունը տրամադրում է լրացուցիչ աջակցություն: Եթե մանկավարժը գտնում է, որ երեխան ունի մանկավարժահոգեբանական ծառայությունների կարիք, ապա ուսումնական հաստատությունը համապատասխան հայտով դիմում է ՏՄԱԿ-ին, որի մասնագետները երեխային հետազոտելուց հետո, կարիքը արձանագրելու դեպքում, կազմակերպում են ծառայության տրամադրումը: Հաստատության մանկավարժները մշակում են կանխարգելիչ միջամտությունների պլանը, որում ներառվում են աջակցող ծառայությունների տեսակը, ժամանակահատվածը, տևողությունն ու ծավալները՝ նախատեսված մեկ կիսամյակի համար։ ՏՄԱԿ-ը յուրաքանչյուր եռամսյակ իրականացնում է այցեր նախադպրոցական ուսումնական հաստատություն` իրականացվող աշխատանքները մշտադիտարկելու նպատակով: Դրանց ընթացքում ՏՄԱԿ-ի աշխատակիցները ուշադրության կենտրոնում են պահում ուսումնական հաստատության բոլոր երեխաներին՝ նախադպրոցական մակարդակում խնդիրների և դժվարությունների վաղ հայտնաբերման նպատակով։ ՄՀ աջակցող ծառայությունները երեխային տրամադրվում են պարապմունքներից հետո՝ ըստ որոշված ծավալի և տևողության, սակայն օրական 1,5 ժամից ոչ ավել:

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը տարածքային մակարդակում

Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, որոնք տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել են՝ որպես կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող: Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրում են ՏՄԱԿ-ը կամ հաստատությունը, եթե այնտեղ առկա է ՄՀ աջակցության խումբ: Տարածքային մակարդակում ծառայությունները տրամադրվում են ուսումնական հաստատության տնօրինության կամ երեխայի ծնողի /նրա օրինական ներկայացուցչի/ դիմումի հիման վրա: ՄՀ աջակցության խումբը և մանկավարժական աշխատողը ծնողի մասնակցությամբ մշակում են երեխայի անհատական զարգացման և ուսուցման պլանը, որը մուտքագրվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների տեղեկատվական համակարգ:

Եթե երեխային տրամադրվող ՄՀ աջակցության ծառայությունը պահանջում է համապատասխան հարմարեցված տարածք, սարքավորումներ և գույք, ապա ՏՄԱԿ-ը, ծնողի համաձայնությամբ, կարող է ՄՀ աջակցող ծառայությունները երեխային տրամադրել կենտրոնում: ՏՄԱԿ-ում երեխային ՄՀ աջակցության ծառայությունների տրամադրումը իրականացվում է անվճար՝ ՏՄԱԿ-ի միջոցներով, պարապմունքներից հետո՝ ըստ նախատեսված տևողության, ծավալի և ժամանակացույցի:

Մանկավարժահոգեբանական աջակցությանծառայությունների տրամադրումը հանրապետականմակարդակում

Հանրապետական մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրում է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը (ՀՄԿ): Այն իրականացնում է համապատասխան կառույցների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր` վերապատրաստման դասընթացներ, մասնագիտական խորհրդատվություններ, աջակցող այցեր: ՀՄԿ-ն ապահովում է երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման ու ՄՀ աջակցության միասնական մոտեցումների կիրառումը` համակարգելով ՏՄԱԿ-ների աշխատանքը։ Այն նաև փորձաքննության է ենթարկում շահագրգիռ կազմակերպությունների կողմից երեխաների կրթության կազմակերպմանը վերաբերող ծրագրերն ու մշակումները` իրենց նախաձեռնությամբ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքիգնահատում

Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներին համապատասխան: Այդ գործընթացը նախադպրոցական աստիճանում իրականացվում է ցանկացած տարիքում, երբ երեխայի մոտ դիտվում են նախադպրոցական ուսումնական գործընթացում մասնակցության և զարգացման կայուն դժվարություններ։ Հաջորդ գնահատումն իրականացվում է ավագ խմբում, նաև այն դեպքում, եթե ուսումնառության ընթացքում կարիք է առաջանում ԿԶԱՊԿ-ի աստիճանի փոփոխության:

Անհատական զարգացման և ուսուցման պլան

Անհատական ուսուցման և զարգացման պլանը (ԱՈւԶՊ) երեխայի կարիքի և առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ է, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում՝ նաև ՄՀ աջակցող ծառայությունները) և ժամկետները՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշչի և կրթական ծրագրերի սահմանված վերջնարդյունքները երեխայի համար հասանելի դարձնելու համար։ ԱՈՒԶՊ-ը մշակում են ուսումնական հաստատությունը և ՏՄԱԿ-ը տարածքային մակարդակի գնահատման արդյունքում ԿԶԱՊԿ ունեցող յուրաքանչյուր երեխայի համար. այն մշակվում է մեկ ուսումնական տարվա համար:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքացիները և շահառու խմբերը մինչև դեկտեմբերի 18-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին