Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին․ Լևոն Տեր-Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին․ Լևոն Տեր-Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին՝ վերջին 23 տարիների ընթացքում ՀՀ իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։ Պարտության հիքմը դրվել է 1998 թ-ին, այդ իշխանության կողմից որդեգրած ստատուս քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հարավորության սին հավատամքի վրա, իսկ պարտության ավարտն ազդարարվել է Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է և վերջ սադրիչ հայտարարությամբ և ինչը եղավ Հայաստանի վերջը, Ղարաբաղի վերջը»,- այսօր ՀԱԿ-ի համագումարում հայտարարեց կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խոսելով Արցախյան վերջին պարտությունում մեր կրած պարտության պատճառի մասին։

Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին իր՝ դաշինք կազմելու մասին առաջարկությունների վերաբերյալ Լ․ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ քչերն են ըմբռնել դրա էությունը, թեև ինքը տվել էր հանելուկի բանալին՝ մի կողմից խափանել Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից՝ բացառել Ռ․ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին։ Թե ով էր այդ դեպքում զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, Առաջին նախագահը նշեց, որ պետք էր կազմել տեխնոկրատների կառավաությունը՝ լուրջ փորձառություն ունեցող վարչապետի գլխավորությամբ։

Քոչարյանի կողմից մերժումը, ըստ նրա, նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Ն․Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով։ Ս․Սարգսյանի դեպքում, նշեց Նախագահը, դրդապատճառն այլ է՝ աջակցություն կուսակցությանը, բայց դա ևս կապ չունի պետական շահի գիտակցման հետ։

«Ազգային համաձայնության դաշինքները, որպես կանոն, ձևավորում են հենց այն ուժերի միջև, որոնք լրջագույն հակասություն են ունեցել, նույնիսկ քաղաքացիական հակամարտություն են ունեցել»,- նշեց Լ․ Տեր-Պետրոսյանը՝ նկատելով, որ հակառակ դեպքում ազգային համաձայնության դաշինքի կարիք չէր լինի, քանի որ նման կարիք առաջանում է, երբ հասկանում են, որ երկիրը հայտնվել է կործանման եզրին։

Առաջիկա ընտրություններից ՀՀ Առաջին նախագահն ակնկալում է, որ թույլ չի տրվի Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրություն, բացառել Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը։ Նրա կարծիքով՝ պարտության պատճառով ՀՀ-ն արժանացավ աշխարհի խղճահարությանը, իսկ Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի դեպքում կարժանանա ծաղրուծանակին։ Լ․ Տեր-Պետրոսյանըը նշեց, որ նրանց հաղթանակը վտանգավոր է, քանի որ երկու դեպքում էլ պետության հրատապ խնդիրներին լուծումներ չի տրվի, Հայաստանի ցնցումները կշարունակվեն, ինչն էլ կհանգեցնի ավելի մեծ ծավալների արտագաղթի։

Լ․ Տեր-Պետրոսյանն անհրաժեշտ է համարում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կատարել կիսանախագահականի, թեև այս հարցում էլ շտապողականությունը վտանգավոր է, դա պետք է լինի հանդարտ պայմաններում, 1-2 տարի անց, ժողովրդի հոգեկան հավասարակշռումից հետո։

ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ։ Հնչեցնելով այս հարցը՝ Լ․ Տեր-Պետրոսյանը հայտարարեց․ «Համագումարից խնդրում եմ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը։ Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, կարող է փոշմանի, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին։ Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին