Կարծում եմ՝ Քրիստինե Գրիգորյանը հանրային ճանաչում չունի․ Ժաննա Ալեքսանյան

Կարծում եմ՝ Քրիստինե Գրիգորյանը հանրային ճանաչում չունի․ Ժաննա Ալեքսանյան

«Անկեղծ ասած՝ Քրիստինե Գրիգորյանին սկսեցի ճանաչել որպես փոխնախարար, այդ նշանակումից հետո տեղեկացա նրա մասին։ Ուրախ եմ, որ զբաղվելու է մարդու իրավունքների պաշտպանությամբ, սակայն կարծում եմ՝ հանրային ճանաչում չունի, ինչպես պահանջում է օրենքը, ըստ որի մարդու իրավունքների պաշտպանը պետք է ճանաչված լինի, հեղինակություն ունենա և այլն»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտոնում հաստատված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությանը։

Իրավապաշտպանի խոսքով, սակայն, թեկնածուն գուցե լավ աշխատանք ցուցաբերի․
«Եթե նախկին փորձի վրա հիմնվենք, ապա մենք Արման Թաթոյանին էլ լավ չէինք ճանաչում, ով Հանրապետական կուսակցությունից էր, բայց որպես օմբուդսմեն վատ չի աշխատել։ Քրիստինե Գրիգորյանը գուցեև հեղինակություն ունի, իր հետ տարբեր քննարկումների ընթացքում հանդիպել եմ, սակայն իր խոսքը չեմ լսել։ Ես բոլոր մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքները միշտ դրական եմ գնահատել։ Դա ոլորտ է, որտեղ մարդիկ շատ են բողոքներ ներկայացնում և անտարբեր մնալն ու ինչ-որ բաներ չանելը դժվար է»։

Ըստ նրա՝ թեկնածուի ընտրությունն առաջին հերթին պայմանավորված էր իշխանության ցանկությամբ՝ իր թիմից նշանակելու մարդու իրավունքների պաշտպանին․ «Արման Թաթոյանի հետ շատ հակադրություններ կար, սակայն հատկապես պատերազմից հետո իր կատարած աշխատանքը, եղածը միջազգային կառույցներին հասցնելը շատ բարձր եմ գնահատում։ Կարծում եմ՝ Քրիստինե Գրիգորյանն է լինելու մարդու իրավունքների պաշտպանը, որովհետև մեծամասնության թեկնածու է և հուսամ՝ լավ կաշխատի, քանի որ մեր երկիրը նահանջ է ապրում մարդու իրավունքների ոլորտում»։

«Ես ի սկզբանե դեմ էի Կարեն Անդրեասյանի պաշտոնավարմանը, նշում էի՝ ճանաչված չէ, Թաթոյանին՝ նույնպես, սակայն նրանք արդարացրին իրենց։ Սա ոլորտ է, որտեղ մարդն անտարբեր չի կարող մնալ և կսկսի աշխատել՝ անկախ ամեն ինչից։ Չեմ համարում, որ Արման Թաթոյանն ընդդիմադիր կեցվածք է ունեցել, ինչպես իշխանությունն է պնդում։ Ի դեպ՝ բոլոր ժամանակների իշխանությունները օմբուդսմեններին դեմ էին»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Մարիամ Ասատրյան

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին