Կայացել է ճապոնական Հինամացուրի ազգային տոնին նվիրված միջոցառում
Երևանում գործող Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնում մարտի 3-ին կայացել է ճապոնական «Հինամացուրի» ազգային տոնին նվիրված միջոցառում:
Ճապոնական այս տոնը նվիրված է գարնան զարթոնքին, մանկահասակ և դեռատի աղջիկներին ու դեղձենու ծաղկմանը:
Միջոցառմանը՝ կենտրոնի սաները ներկայացրել են տոնի ծագումնաբանությունն և այն նշելու ծիսակարգերը:
Ըստ ճապոնական ազգային ավանդույթի, այդ օրն այն ընտանիքները, որտեղ կան աղջիկներ, համընդանուր ցուցադրում են յուրահատուկ տիկնիկներ, որոնք խորհրդանշական կարգով դասավորվում են յոթ աստիճանների վրա:
Հինամացուրին ճապոնուհիներին հնարավորություն է ընձեռում ցուցադրել իրենց տաղանդները՝ արվեստի, ձեռագործության և ուտեստների պատրաստման բնագավառներում:
Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի շնորհալի սաները ներկայացրել են նաև երաժշտական կատարումներ՝ երգելով Կոմիտաս և ճապոնական օրորոցային երգեր: Այնուհետ կայացել է օրիգամիի վարպետության դաս, որի ընթացքում հյուրերն ու կենտրոնի սաները իրենց ձեռքով թղթե թիթեռ-էջանշաններ են պատրաստել:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը համոզմունք հայտնեց, որ մշակութային նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում ավելի լավ ճանաչել միմիյանց և այդպիսով նաև ամրապնդել հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունները: «Իրենց հերթին ճապոնացի մեր բարեկամները ձեռնամուխ են լինում իրենց երկրում հայ արվեստագետներին ու հայկական մշակույթը ներկայացնելու գործին»,-ասաց Փիլիպոսյանը՝ հավելելով, որ Ճապոնիայի դեսպանատան ու մշակութային գործիչների կողմից մշտապես ուշադրության կենտրոնում են եղել: «Մասնավորապես, տարիներ առաջ մեզ այցելեց Ճապոնիայի դեսպան պարոն Յամադան: Այնուհետև ճապոնիայի կառավարությունը մեր կենտրոնի մասնաշենքի հիմնանորոգման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշում ընդունեց»,-հայտնեց մեր զրուցակիցը:
Նրա հաղորդմամբ՝ կենտրոնի սաները յուրացնում են ճապոնական օրիգամի արվեստն ու սովորում ճապոներեն: Նրանցից Տաթև Բաբայանն ուսումը շարունակել և ավարտել է Տոկիոյի ազգային արվեստների ինստիտուտում: Վերադառնալով Հայաստան` նա նպատակադրվում է ճապոնական արվեստը ներկայացնել հայրենիքում:
Հինամացուրիի տոնին «Հիկարի» կենտրոնի նախկին սանը նույնպես ներկայացել էր իր ձեռագործ աշխատանքներով: Ճապոնական ազգային Հինամացուրի տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար տիկին Ռիկա Օնոդերան: Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը սկսել է իր գործունեությունը տարիներ առաջ: 2005 թ. օգոստոսի 6-ին Գեղագիտության ազգային կենտրոնի օրիգամիի խմբի սաները Ճապոնիայի Հիրոշիմա քաղաք ուղարկեցին հարյուրավոր նկարազարդ «Խաղաղության լապտերներ» և 1000 թղթե կռունկ` այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով 1945թ. ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին: Ակցիան շատ ջերմ արձագանք գտավ Ճապոնիայում, որից հետո այն վերածվեց ամենամյա միջազգային ծրագրի և իրականացվում է մինչ օրս: Հետագայում այդ խմբի գործունեության հիման վրա էլ ստեղծվեց «Խաղաղության լապտերներ» ՀԿ-ն, որը 2010թ. վերանվանվեց հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային ՀԿ-ի:
https://armenpress.am/arm/news/1045109.html