Կալանավորված Արամ Սարգսյանի երեխաներին արգելել են տեսակցել հորը
Այսօր քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ այցելեցի «Գագիկ Սողոմոնյանի» գործով անհասկանալի պատճառներով կալանավորված Արամ Սարգսյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Երեք անչափահաս երեխաների հայր Արամը շարունակում է կալանավորված մնալ ծայրահեղ անհեթեթ մեղադրանքով, ըստ որի՝ նրա միակ առնչությունը «Գագիկ Սողոմոնյանին» կայանում է նրանում, որ փետրվարի 18-ին և 19-ին նա «ProtonVPN» հավելվածի միջոցով Հայաստանից նույն համացանցային հասցեով, որով 2020թ. հոկտեմբերի 10-15 «Գագիկ Սողոմոնյան» օգտատերն է միացել «Ֆեյսբուքին», մուտք է գործել համացանց։
Ընդ որում՝ Արամը մուտք է գործել ոչ թե «Ֆեյսբուք», այլ՝ «Յություբ»:
Դեռ ավելին՝ փետրվարի 18-ին և 19-ին այդ հասցեով Հայաստանից համացանցին միացել է մի քանի տասնյակ անձ, բայց չգիտես ինչու կալանավորվել է միայն Արամը։
Մեղադրանքի իրավական կողմի մասին չեմ էլ ուզում խոսել։ Կատարյալ անհեթեթություն է։ Բավարար է ասել, որ Արամ Սարգսյանը կալանավորված է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածով։ Իրավաբան գործընկերներս և լրագրողները շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը։
Ավելի դժվար է Արամ Սարգսյանի ընտանիքի անդամներին բացատրել, թե ինչ գործով է կալանավորված Արամը։ Սակայն անհնար է Արամի երեք անչափահաս երեխաներին բացատրել նաև, թե ինչ պատճառով է քննիչն արգելել նրանց տեսակցել իրենց պապային։
Իմիջայլոց, Արամի պուճուրը երեկ դարձավ 5 տարեկան»,- գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և քաղաքացի Արամ Սարգսյանին:
Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 – րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Արա Սաղաթելյանը և Արամ Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել են, Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը ազատ են արձակվել։
https://www.tert.am/am/news/2021/03/02/Galstyan/3540472