Լևոն Տեր-Պետրոսյանը բացեց խաղաքարտերը. պայքար ՌԴ-ի դե՞մ, թե՞ ՌԴ-ի համար

ՀԱԿ–ի համագումարի իր ելույթում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրեց երկու բաց թիրախ՝ Նիկոլ Փաշինյան և Ռոբերտ Քոչարյան: Եթե հաշվի առնենք այն, որ առաջին նախագահի գլխավորած քաղաքական ուժն իր ներկայիս կշռով, այդուհանդերձ, հազիվ թե հավակնի էապես մրցակցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ապա մեծ հաշվով ստացվում է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությանը ՀԱԿ-ի մասնակցության գլխավոր թիրախը Ռոբերտ Քոչարյանն է: Փաստացի ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը մրցելու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ, այլև առաջին և երրորդ նախագահների, որովհետև Սերժ Սարգսյանի հայտարարությունների թափանցիկ տողատակն էլ իր հերթին հուշում է, որ նրա պայքարը Ռոբերտ Քոչարյանի հետ է: Ավելին, Ռոբերտ Քոչարյանը, թերևս, հենց առաջին և երրորդ նախագահների դեմ էլ պայքարելու է, այսպես ասած, ընդդիմության դիրքերում հաստատվելու համար: Այդ իմաստով, քանի դեռ չկան մասնակցության ձևաչափերի վերջնական ամրագրումները, բաց է մնում հարցը, թե որքանով է հավանական առաջին և երրորդ նախագահների գործակցությունը:
Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն ԱԱԾ-ի նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ կազմել է «Պատիվ ունեմ» դաշինքը: Այդ դաշինքի շրջանակից համենայն դեպս առ այսօր չեն բացառում ոչինչ: Տեր-Պետրոսյանն էլ ՀԱԿ-ի համագումարում, կարծես թե, գնաց մասնակցության վերաբերյալ որոշման համար ժամանակ շահելու տարբերակով: Նա խնդրեց համագումարին, որ մասնակցության հարցը թողնեն նորընտիր վարչությանը: Այն դեռևս չի հայտնել վերջնական որոշման մասին: Պետք չէ բացառել, որ դա պայմանավորված է ոչ միայն բուն մասնակցել-չմասնակցելը քննարկելու, այլ նաև հնարավոր քաղաքական խորհրդակցությունների հանգամանքով:
ՀԱԿ-ի համագումարից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանին հյուր էր գնացել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Իհարկե, առաջին անգամ չէ, որ թե՛ նա, թե՛ այլ դեսպաններ հանդիպում են առաջին նախագահին, և նախկին նախագահներին ընդհանրապես: Սակայն ուշադրության է արժանի մի հանգամանք, որ Իշխանասարում սահմանային բավականին լարված իրավիճակի ֆոնին, ՌԴ դեսպանի և առաջին նախագահի հանդիպման մասին ՀԱԿ-ի տարածած կարճ հաղորդագրության մեջ որպես քննարկման թեմա նշվում է Հայաստանի ներքին վիճակը, ոչ թե վիճակը՝ կապված սահմանների լարվածության հետ: Դա ամենևին չի նշանակում, որ չի եղել այդ հարցի քննարկում: Ավելին, չկա առանձին Հայաստանի ներքին և արտաքին՝ սահմանային վիճակ, առավել ևս հետպատերազմյան փուլում: Բայց, հենց այդ հանգամանքն էլ ավելի ինտրիգային է դարձնում ներքին վիճակի քննարկման հանգամանքը, հուշելով թերևս, որ Ռուսաստանի դեսպանին հետաքրքրել է հենց առաջին նախագահի մասնակցության հարցը: Մնում է հասկանալ, թե ինչ համատեքստում: Լևոն Տեր-Պետրոսյանի համագումարյան համառոտ ելույթն այդ իմաստով, թերևս, բավականին խոսուն էր, պարունակելով որոշակի տողատակեր: Ակնառու է, որ Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական և նախընտրական դիրքավորման առումով նայում է դեպի Մոսկվա: Այստեղ ամեն ինչ բավականին բաց է: ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո առաջին նախագահը համագումարի ելույթում Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խնդիրը դիտարկում է անձնական շահի և վրեժխնդրության համատեքստում, հայտարարելով, որ դա ոչ մի կապ չունի ՀՀ պետական շահի հետ: Դա նշանակում է, որ եթե Մոսկվան աջակցում կամ խաղադրույք է կատարում Ռոբերտ Քոչարյանի վրա, ուրեմն Մոսկվայի այդ խաղադրույքը ոչ մի կապ չունի ՀՀ պետական շահի հետ, համենայն դեպս՝ ըստ առաջին նախագահի տրամաբանության: Այստեղ ստացվում է հետաքրքիր հարաբերակցություն, հաշվի առնելով այն մեծ դերը, որ ռեգիոնալ և Հայաստանի անվտանգային համակարգի առումով հատկացնում է Լևոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանին: Փաստորեն, ստացվում է, որ այդ մեծ դերով Ռուսաստանը հետապնդում է ՀՀ շահերի հետ կապ չունեցող խնդիրներ, եթե սատարում է Ռոբերտ Քոչարյանին: Հետևաբար, առաջանում է հարց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում երկրորդ նախագահի հասցեին հնչած գնահատականը Ռուսաստանին ուղղված դեմա՞րշ էր, թե՞ Ռուսաստանից ստացված աջակցության դրսևորում, վկայելով այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի վրա Ռուսաստանի խաղադրույքի հանգամանքն այնքան էլ միարժեք չէ: Թե՞ առաջին նախագահը հենց Ռուսաստանին է փորձում համոզել, որ Քոչարյանը վստահելի չէ, նա լուծում է անձնական հարցեր, իսկ ահա ինքը կարող է լինել ՌԴ-ի, այսպես ասած, անշահախնդիր հետևորդ: Համենայն դեպս, հատկանշական է, որ հենց ՌԴ դեսպանի հետ հանդիպումից հետո առաջին նախագահը բացեց որոշակի խաղաքարտեր և թիրախ հռչակեց երկրորդ նախագահին, բավականին խնայողաբար գնահատելով Սերժ Սարգսյանի մասնակցությունը:
Ընդ որում, պակաս հատկանշական չէ այն, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը Լևոն Տեր-Պետրոսյանին արձագանքել էր բավականին զուսպ, ընդամենն արձանագրելով Նիկոլ Փաշինյանի հետ «գաղափարական ասոցիացիան» և մաղթելով առողջություն: Գուցե հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանին էլ զարմանալի է իր «միջոցով» ՌԴ-ի հետ «խորը ինտեգրացիայի» դիրքորոշման այդօրինական ուղղակի, բայց թափանցիկ թիրախավորումը:
Հայկ Իսրայելյան