ԼՀԿ-ն միացել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար նախաձեռնված ստորագրահավաքին

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը միացել է արտահերթ նիստ գումարելու համար «Բարգավաճ Հայաստան»-ի նախաձեռնած ստորագրահավաքին՝ քննարկելու սահմանային իրավիճակը: Այս մասին ասուլիսում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Առանց մեր ստորագրությունների արտահերթ նիստ չի կարող հրավիրվել: Արդեն ստորագրել ենք, որ արտահերթ նիստը հրավիրվի»,-ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ նիստում պետք է քննարկվի Սյունիքում, Գեղարքունիքում ստեղծված իրավիճակը: «Առիթն այն է, որ հանդիպենք, քննարկենք, հրավիրենք համապատասխան մարմինների պատասխանատուներին, հարցեր տանք նրանց և տեղեկատվություն փոխանակենք: Խորհրդարանը չի կարող անմասն լինել երկրում առկա այս ճգնաժամի լուծման գործում»,-ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ կա նաև հայտարարության նախագիծ, որով դատապարտվում է ադրբեջանական կողմի ագրեսիան:
Մարուքյանը չբացառեց, որ նիստը փակ լինի: Սակայն այս պահին նիստի գումարման մասին տեղեկություն չկա, դեռ պետք է լինի ԱԺ խորհրդի նիստ, եթե խորհուրդը որոշի գումարել արտահերթ նիստ, նոր այն կգումարվի: «Ընթացակարգերն այնպիսին են, որ անհնար լինի ընդդիմության կողմից արագ նիստեր հրավիրել»,-կարծիք հայտնեց Մարուքյանը: