Իրան-Հայաստան անվտանգային հարցերը երբևէ այսքան փոխկապակցված չեն եղել․Փույա Հոսսեյնի

«Իրանը ուշադիր հետևում է տարածաշրջանի զարգացումներին և սպառնալիքներին, իր հյուսիսային սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին, և Ադրբեջանի ու Թուրքիայի սադրիչ գործողություններին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ»,-այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին:
«Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների դեմ ոտնձգությունների, զուգահեռաբար՝ Ադրբեջանի կողմից իրականացվող զորավարժությունների և ընթացիկ սադրանքների ֆոնին, ըստ Իրանական թելեգրամ-ալիքների տեղեկատվության, երեկ Իրանի հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Իրանի հյուսիս-արևմտյան սահմանների մոտակայքում, մասնավորապես՝ շրջայց կատարելով Թուրքիայի հետ, Նախիջևանի հետ, Հայաստանի հետ իր սահմաններին, և Իրան-Ադրբեջան ցամաքային ու ծովային սահմաններին: Հստակեցվել է սադրիչների զորքերի տեղաշարժի պատկերը և սպառնալիքները:
Արցախյան երկրորդ պատերազմին զուգահեռ, Իրանը մեծաքանակ զորք և զինտեխնիկա է կուտակել Նախիջևանի, Հայաստանի, Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախյան տարածքների հետ սահմաններին: Պատերազմից հետո Իրանական զորքի մի մասը դեռ պահպանվում է Իրանի հյուսիս-արևմտյան սահմաններում: Այս ենթատեքստում, Իրանի ռազմաքաղաքական և անվտանգային էլիտայի հայտարարությունները՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և Իրան-Հայաստան սահմանի անձեռնմխելիության անհրաժեշտության վերաբերյալ, ցույց է տալիս Իրանի լրջագույն դիրքորոշումն ու քայլերը՝ Հայաստանի անվտանգության պաշտպանության վերաբերյալ: Իրան-Հայաստան անվտանգային հարցերը երբևէ այսքան փոխկապակցված չեն եղել: Անհրաժեշտ է, որ Հայաստանը Իրանի հետ անվտանգության և պաշտպանության հարցերը հստակեցնի և համապատասխան գործողությունների պայմանավորվածություն ձեռք բերի իրանական կողմի հետ»,-գրել է Փույա Հոսսեյնին: