Իրանում սպասվում են նախագահական ընտրություններ․ ինչպես կփոխվի հայ-իրանական հարաբերությունների ընթացքը

Իրանում սպասվում են նախագահական ընտրություններ․ ինչպես կփոխվի հայ-իրանական հարաբերությունների ընթացքը

Իրանի Իսլամական հանրապետությունում հունիսի 18-ին կայանալու են նախագահական ընտրություններ։ Իրանի նախագահն ընտրվում է չորս տարի ժամկետով, որը կարող է երկարացվել միայն մեկ անգամ: Դա երկրի բարձրագույն ուղղակիորեն ընտրված պաշտոնյան է, գործադիր իշխանության ղեկավարը և Գերագույն առաջնորդից հետո երկրորդ ամենակարևոր պաշտոնը:

Թեկնածուների գրանցումը սկսվեց նախորդ երեքշաբթի՝ այդպիսով ազդարարելով ընտրական գործընթացների մեկնարկը։ Գործող նախագահ Հասան Ռոհանիի նախագահության ժամկետն ավարտվում է, նա այլևս առաջադրվելու իրավունք չունի, այսինքն՝ Իրանի Իսլամկան հանրապետության ղեկը կստանձնի նոր անձնավորություն և, միգուցե, աշխարհաքաղաքական նոր փոփոխություններ լինեն։

Նախագահի պաշտոնին գլխավոր հավակնորդներն առայժմ երկուսն են՝ Իրանի Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին։ Ըստ վերլուծաբանների՝ երկուսն էլ մեծ շանսեր ունեն, հաշվի առնելով, որ Ռայիսին համարվում է նաև հոգևորական և նախկին պաշտոնին նշանակվել է Այալթոլա Ալի Խամենեիի կողմից, իսկ Լարիջանին Իրանի միջուկային ծրագրերի հարցով նախկին բանագնացն է, ներկայումս՝ Խամենեիի խորհրդականներից մեկը։

Թեմայի շուրջ Yerevanlur-ը զրուցել է իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ Տաթևիկ Դունամալյանի հետ։

– Տիկին Դունամալյան, արդյո՞ք վերջնականորեն ընդգծված են նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուները և ո՞ր գործիչների միջև կընթանա հիմնական պայքարը։

– Թեկնածություն առաջադրած անձանց փաստաթղթերը փոխանցվում են Պահապանների խորհրդին, որը և հրապարակում է թեկնածուների վերջնական ցուցակը: Այս ընթացքում բավականին հետաքրքիր է եղել պատկերը: Նախընտրական շրջանում, չնայած առաջադրված բազմաթիվ թեկնածուների, մեդիա տիրույթում ամենաշատ քննարկվող թեկնածուները երկուսն են՝ Էբրահիմ Ռաիսին և Ալի Լարիջանին: Չնայած նրան, որ կանխատեսելի էր Էբրահիմ Ռաիսիի թեկնածության առաջադրումը, պետք է նշել, որ նա թեկնածուների գրանցման միայն վերջին օրը ներկայացրեց իր փաստաթղթերը:

Այո՛, այսօր մենք հստակ տեսնում ենք, որ այս երկու թեկնածուներն են ամենաշատը քննարկվում, այնուամենայնիվ, վստահ չենք կարող ասել, թե արդյոք նրանցից մեկը կընտրվի Իրանի նախագահ: Ընտրություններից հետո պատկերը կարող է այլ լինել:

– Իսկ հետընտրական զարգացումների մասին կանխատեսումներ արդեն կա՞ն։

– Հետընտրական զարգացումների մասին որևէ բան կանխատեսելը կամ, առավել ևս, դրա մասին խոսելը դեռ վաղ է: Տրամաբանական է, որ հետընտրական զարգացումները պայմանավորված են լինելու նորընտիր նախագահով: Այդուհանդերձ, նախագահի պաշտոնում կընտրվի այն թեկնածուն, որը քիչ թե շատ ճանաչված է ավելի լայն շրջանակների կողմից: Հենց այնպես չէ, որ առավել շատ քննարկվում են վերոնշյալ թեկնածուները: Էբրահիմ Ռաիսին ԻԻՀ դատական  խորհրդի նախագահն է, իսկ Ալի Լարիջանին խորհրդարանի նախկին խոսնակն է։ Միանշանակ ասել, թե այս երկու թեկնածուներից ով կլինի նախագահ, բավականին բարդ է: Ըստ իս` այս պահին նրանք գտնվում են նույն հարթության վրա և ունեն հավասար հնարավորություններ:

Առաջադրված թեկնածուների մեջ կա՞ն կանայք և որքա՞ն են գնահատվում նրանց շանսերը։

– 5 օրերի ընթացքում նախագահական  ընտրություններին իրենց թեկնածությունն է առաջադրել 500-ից ավելի մարդ, որոնցից 40-ն են կանայք։ Սակայն, հաշվի առնելով նախագահական նախորդ ընտրությունների փորձը, ամենայն հավանականությամբ, կին թեկնածուներից ոչ մեկը չի հայտնվի թեկնածուների վերջնական ցուցակում:

Նախագահական ընտրություններից հետո ի՞նչ փոփոխություններ սպասել հայ-իրանական հարաբերություններում։

– Չեմ կարծում, թե հայ-իրանական հարաբերություններում կարդինալ փոփոխություներ կլինեն ԻԻՀ նախագահական ընտրություններից հետո։ Պարզապես, ինչպես ցույց է տվել պատմությունը, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ պահպանողական կառավարության իշխանության դեպքում Իրանն ավելի կոշտ քաղաքականություն է որդեգրել Բաքվի նկատմամբ։ Իսկ դա էլ իր հերթին ենթադրում է ՀՀ նկատմամաբ հարաբերությունների էլ ավելի սերտացում։

Հովհաննես Յուքինյան

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին