Իրանի դիրքորոշումը Հայաստանի սահմանների հարցում բնավ նույնը չի լինելու, ինչ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում էր․ Արմեն Պետրոսյան

«Պետք է նշել, որ Իրանի պաշտոնյայի մտքերը ձևակերպված էին բավականաչափ նուրբ՝ իրանական դիվանագիտությանը բնորոշ բառապաշարով, փորձելով հավասարակշռել Իրանի երկու հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների անխախտելիության կարևորությունը, բայց տողատակում ակնհայտ կերպով երևում են այն ուղերձները, որոնք, միանշանակորեն, ուղղված են դեպի ադրբեջանական կողմը, քանի որ նույն այս հայտարարությունն իր տողատակում պարունակում է այն հայտնի ուղերձը, որը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը Հայաստան կատարած այցի ընթացքում շեշտադրել է առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականությունն Իրանի համար կարմիր գիծ է»,-Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրիի հայտարարությունը, որ Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխությունն անընդունելի է։
Այսինքն, ըստ նրա, իրանցի խորհրդարանականի հայտարարությունն ըստ էության շարունակությունն է Մ․ Զարիֆի արտահայտած դիրքորոշման, ինչու ոչ, նաև քաղաքական գծի, որը, միանշանակորեն, կարելի է դիտարկել որպես ուղերձ թյուրքական կողմին, այս դեպքում՝ Ադրբեջանին և նրա հովանավոր Թուրքիային, որ իրանական կողմի դիրքորոշումը՝ Հարավային Կովկասում հնարավոր նոր զարգացումներին, որոնք կարող են շոշափել նաև Հայաստանի սահմանները, բնավ նույնը չի լինելու, ինչ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում էր։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ղազախստանի նախագահի հետ հեռախոսազրույցին, որում Ալիևն ասել է, թե Հայաստանը անհամարժեք է արձագանքում սահմանին ստեղծված իրավիճակին և որ ՀԱՊԿ-ին դիմելը խնդիրը միջազգայնացնելու փորձ է, Պետրոսյանը պատասխանեց․ «Պարզապես պետք է փաստել, որ Ադրբեջանի իշխանություններն ինչպես սադրեցին և սկսեցին 44-օրյա Արցախյան պատերազմը, այնպես էլ դրանից հետո իրենց գործողություններով, հռետորաբանությամբ, առանձին քայլերով, որոնք ուղղված են միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների խախտմանը, մարդու հիմնարար իրավունքների վերաբերյալ տարաբնույթ միջազգային նորմերին, շարունակում են իրենց սադրիչ գործողությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ցավոք սրտի, այս գործելաոճը դեռ տևական ժամանակ ունենալու է շարունակականություն, քանի դեռ Ադրբեջանում գործող վարչակարգի քաղաքականությանը ոչ միայն համարժեք գնահատական, այլև համարժեք պատասխան չի տրվել։ Կրկնեմ՝ իմ խորին համոզմամբ, վերջին գործողությունները եզակի գործողություններ չեն, նախկինում դրսևորվել են այլ հարթություններում, քաղաքական հռետորաբանության մեջ, Ադրբեջանի իշխանությունների վարքում, ինչպես, օրինակ՝ ռազմագերիներին չվերադարձնելու իրողությունը, ռազմական ավարի՝ հայտնի «պուրակի» բացումը, այսինքն, բազմաթիվ սադրիչ գործողություններ են, իսկ վերջինը նաև հստակ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, այն է՝ պետությունների սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների խախտում է։ Միանշանակ սադրիչ գործողություններ են, որոնց նպատակը նոր հակամարտության սադրումն է կամ նման քայլերով Հայաստանի Հանրապետության վրա ճնշումներ գործադրելը մի շարք գործընթացներում, որոնք ձգտում են ապահովել Ադրբեջանն ու Թուրքիան»։
Դիտարկմանը, թե արդյո՞ք Իրանը կարող է ներգրավվել հնարավոր ռազմական գործողություններին, փորձագետը նշեց, որ չի կարող բացառել Իրանի ներգրավվածության հնարավորությունը․ «Դա կարող է լինել զարգացման մի քանի սցենարների դեպքում։ Առաջինը՝ եթե հնարավոր ռազմական գործողություններն ուղղակիորեն անդրադառնան նաև Իրանի տարածքին, այսինքն՝ ինչ-որ հետևանքներ ունենան նաև Իրանի տարածքում։ Երկրորդը՝ եթե ռազմական գործողություն լինի թատերաբեմում, ակտիվություն դրսևորեն այնպիսի դերակատարներ, որոնք անընդունելի են Իրանի համար, որպես օրինակ կարող ենք նշել, ենթադրենք, Իսրայելը կամ տարաբնույթ ահաբեկչական խմբավորումները, որոնց ներկայությունը և գործունեությունն անընդունել է Իրանի համար։ Երրորդը՝ հղում կատարելով արդեն իրանցի վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնյաներին, եթե Իրանի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմաններում տեղի ունենան բովանդակային փոփոխություններ»։