Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ ներկայացնել
Իրանը երեքշաբթի պատրաստվում է սեփական արտադրության նոր հակակորոնավիրուսային պատվաստանյութ ներկայացնել: «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Սայիդ Նամակին:
Վերջինս այդ մասին հայտարարել է կիրակի շարժական հիվանդանոցի բացման արարողության շրջանակներում: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ իրանական նոր պատվաստանյութը կներկայացվի մարտի 16-ին պաշտպանության նախարարությանը կից Sepand կազմակերպությունում:
«Այնտեղ ես կհայտարարեմ, թե առաջիկա ամիսներին ինչ նվաճում կարձանագրենք համաշխարհային շուկայում պատվաստանյութերի մշակման գործում»,- հավելել է առողջապահության նախարարը:
Նա նաև նկատել է, որ մինչ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված շտամը ծնկի է բերել եվրոպական երկրներին՝ անկախ նրանց տնտեսական հնարավորություններից և ենթակառուցվածքներից, Իրանին հաջողվել է վերահսկողության տակ առնել համավարակը՝ երկրում «Քովիդ-19»-ի նոր շտամի հայտնաբերումից մեկ ամիս անց:
Իրանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 1 746 953 մարդ, մահացել՝ 61 230-ը:
Հայտնի է, որ Իրանը 16 մլն չափաբաժին պատվաստանյութ է ստանալու Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրով, ևս 25 մլն չափաբաժին կներկրվի արտասահմանից և ևս 25 մլն-ը կարտադրվի երկրի ներսում:
https://www.tert.am/am/news/2021/03/14/iran/3552085