Իտալացի գիտնականները դրական եզրակացություն են տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ

Իտալացի գիտնականները դրական եզրակացություն են տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ

Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների իտալական ինստիտուտը դրական եզրակացություն է տվել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Պատվաստանյութի արդյունավետությունն ավելի քան 92 տոկոս է, և այն բացարձակ անվտանգ է»,–ասել է բուժհաստատության ղեկավար, պրոֆեսոր Ֆրանչեսկո Վայան ՌԱԻ պետական հեռուստատեսության առաջին ալիքի եթերում:

Նա պարզաբանել է, որ գիտնականները նման եզրակացության են հանգել ռուսական պատրաստուկի մասին տվյալների սեփական հետազոտության արդյունքում։

Վայան ավելացրել է, որ եզրակացությունը փոխանցվել է Իտալիայի առողջապահության նախարարությանը, այն պետք է հասցվի կառավարության ղեկավար Մարիո Դրագիին: Միաժամանակ պրոֆեսորն ընդգծել է, որ եզրակացությունը բացառապես «գիտատեխնիկական բնույթ» ունի։

«Եթե պատվաստանյութն արդյունավետ է ու անվտանգ, այն պետք է օգտագործվի Իտալիայում», – եզրափակել է պրոֆեսորը:

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել Covid-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

 https://armeniasputnik.am/world/20210218/26493531/italya-sputnik-v-koronavirus-patvastanyut.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին