Ինչ տեղի ունեցավ Մարտի 1-ին. այսօր առավել քան երբևէ կարևոր եզրահանգում

Ինչ տեղի ունեցավ Մարտի 1-ին. այսօր առավել քան երբևէ կարևոր եզրահանգում

Մարտի 1-ն ունի անշուշտ երկու հարթություն՝ մարդկային և քաղաքական: Մարդկային առումով ամեն ինչ միարժեք է: Տեղի է ունեցել ողբերգություն, որը հանցավոր գործողությունների՝ մարդասպանության հետևանք է, և որի բոլոր մեղավորները պետք է հայտնաբերվեն ու պատասխան տան օրենքի առաջ: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ անցել է բավականաչափ ժամանակ այդ հանցագործության բացահայտման համար կարևոր մի շարք հետքեր քողարկելու համար:

Միևնույն ժամանակ, այստեղ անկասկած ամենևին երկրորդական չէ, և մարդկային առումով տեղի ունեցած ոճրագործության բացահայտման գործում կան քաղաքական արգելքներ: Քաղաքական արգելքներ, և հենց այստեղ է, որ ի տարբերություն մարդկայինի՝ քաղաքական առումով Մարտի 1-ը, իբրև ողբերգական զարգացում, իր պատճառահետևանքային կապերով և տեղի ունեցած զարգացումների շղթայով միարժեք չէ:

Այդ ժամանակի ընդդիմությունը, որի մի մասն այսօր իշխանություն է, մեղադրում է այն ժամանակի իշխանությանը, որի մի մասն այսօր ընդդիմություն է: Այդ ժամանակի իշխանությունը, որի մի մասն այսօր ընդդիմություն է, մեղադրում է այդ ժամանակի ընդդիմությանը՝ հատկապես այն մասին, որն այսօր իշխանություն է: Անկասկած է, որ եթե չլինեին մարտի 1-ի լուսադեմի ոստիկանական գրոհն ու դրան գնալու քաղաքական հրահանգը, ապա իրադարձությունների հետագա զարգացումը չէր գնա արյունահեղության հունով: Անկասկած է, որ արյունը հեղվել է իշխանություն պահելու համար:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ մարտի 1-ին իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը եղել է միայն իրավիճակի վերևի մասը, իսկ խորքում զարգացումները պարունակել են լայն խնդիրներ, որոնք իրենց զգալի, սուբյեկտային առումով գտնվել են Հայաստանից դուրս: Արյունահեղ բախման խորքում եղել է Հայաստանի ինքնիշխանության և դրա հանդեպ ռուսական մեծապետական հավակնության դիմակայությունը, ինչի պարզ վկայություն էր և այն, որ Սերժ Սարգսյանը, մարտիմեկյան արյունահեղությունից հետո այցելելով Մոսկվա, ՌԴ նախագահ Պուտինին շնորհակալություն էր հայտնում նախագահի ընտրությանն իրեն աջակցելու համար: Իհարկե շնորհակալություն էր հայտնում՝ թերևս լավ պատկերացնելով նաև, որ իրականում աջակցել են ամենևին ոչ իրեն, և ինքն էլ իբրև Հայաստանի նախագահ լինելու է մարտիմեկյան արյունոտ ողբերգության մամլիչի տակ: Դրա վկայությունն էլ իր հերթին այն քաղաքական ծանր որոշումներն էին, որ պարտադրվեցին Սերժ Սարգսյանին նրա նախագահության ընթացքում:

Եթե վերլուծենք օրվա կամ այդ օրերի բոլոր քաղաքական դերակատարների գործողությունների տրամաբանությունը, ապա կգանք թերևս ցավալի եզրահանգման, որ քաղաքական ինքնիշխանության դաշտում չի գործել ոչ ոք՝ կամա, թե ակամա, ոմանք գուցե նույնիսկ ինքնիշխանության համար պայքարի անկեղծ մղումով: Իհարկե հետին թվով հեշտ է տալ այդպիսի գնահատական, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ գնահատականը անհրաժեշտ է, այսօր անհրաժեշտ է առավել քան երբևէ, որովհետև Հայաստանը կրկին հայտնվել է ճակատագրական ճամփաբաժանի առաջ, նաև բախումնային իրողությունների ռիսկի առաջ:

Եվ Հայաստանում այսօր դարձյալ դրված է ինքնիշխանության, ոչ թե իշխանության ու ընդդիմության հարց:

Մանրամասն տես՝

https://www.1in.am/2909664.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին