Ինչու են մեծահարուստները պատվաստվելու համար մեկնում Դուբայ և Աբու Դաբի
«Վերջին ամիսներին ամբողջ աշխարհից գործարարներ, քաղաքական գործիչներ և թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ թռչում էին Արաբական Միացյալ Էմիրություններ հակակորոնավիրուսային պատվաստանյութ ստանալու համար: Պաշտոնապես երկրում պատվաստվում են միայն այնտեղ ապրող քաղաքացիները, բայց այն մարդիկ, որոնք բավականաչափ գումար են վճարում կամ լավ կապեր ունեն թագավորական ընտանիքի հետ, անգամ օտարերկրացի լինելու դեպքում Դուբայում կամ Աբու Դաբիում կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ` ընդ որում, ստանալով միանգամից երկու դեղաչափ»,- գրում է շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականը:
«Թվում է, որ պատվաստվելու նպատակով ԱՄԷ այցելող հարուստների շնորհիվ երկիրը կարող է վերականգնել համավարակով պայմանավորված կորուստների գոնե մի մասը: Վճարունակ զբոսաշրջիկներն այնտեղ են թռչում մասնավոր ինքնաթիռներով և ապրում ծովի ափին գտնվող շքեղ հյուրանոցներում, որոնց արժեքը մի գիշերվա համար մի քանի հազար դոլար է»,- ասվում է հոդվածում:
Բացի այդ, կան անձինք, որոնք գերհարուստների համար առաջարկում են հատուկ շրջագայություններ: Օրինակ, Լոնդոնի Knightsbridge Circle ճամփորդական ընկերության հաճախորդները կարող են 3-շաբաթյա ուղևորություն պատվիրել դեպի Էմիրություններ: Մոտ 55 000 ԱՄՆ դոլարով նրանք կարող են թռչել առաջին կարգով, բնակություն հաստատել շքեղ հյուրանոցում և միևնույն ժամանակ երկիր ժամանելուն պես ստանալ պատվաստանյութի միանգամից երկու դեղաչափ:
Ինչպես նշում է Financial Times-ը, վերջին ամիսների ընթացքում լիբանանցի, հնդիկ և պակիստանցի շատ հարուստներ պատվաստումներ ստանալու նպատակով ժամանել են Դուբայ: Նրանցից ոմանք, իբր, նույնիսկ «օֆշորային ընկերություններ են հիմնել պատվաստանյութին նրանց հասանելիությունը հեշտացնելու համար»: Բացի այդ, քաղաքում են հաստատվել Լիբանանից, Վրաստանից և այլ երկրներից ժամանած մի շարք բարձրաստիճան քաղաքական գործիչներ:
Միևնույն ժամանակ, գործակալությունը շեշտում է, որ հարևան Աբու Դաբին հակակորոնավիրուսային պատվաստանյութով ևս գայթակղում է ամբողջ աշխարհի հարուստներին:
«Շուտով Էմիրությունները մտադիր է սկսել Sinopharm պատվաստանյութի անկախ արտադրություն, որից հետո հարուստ օտարերկրացիների համար պատվաստումները կիրականացվեն ոչ թե ետնաբեմում, այլ պաշտոնական ծրագրի շրջանակներում»:
«Արևմտյան երկրներում շատերը նեղվում են, որ արտոնյալ մարդիկ իրենց համար «գնում են» արտերկրում պատվաստվելու հնարավորություն, իսկ իրենց համաքաղաքացիները ստիպված են լինում ամիսներով սպասել: Դա անբարոյականություն է, երբ հարուստներին մղում են առաջ, մինչդեռ կարիքավոր երկրներում տարեցներն ու բարձր ռիսկային խմբերում ընդգրկված անձինք դեռ պետք է սպասեն պատվաստման իրենց հերթին: Զայրույթը հատկապես մեծ է, երբ պարզվում է, որ պետական պաշտոնյաները կամ պետական ընկերությունների աշխատակիցները ևս «պատվաստման զբոսաշրջիկների» թվում են»,- նկատում է պարբերականը:
Շվեյցարական լրատվամիջոցը հիշեցնում է, որ Կանադայի ամենամեծ կենսաթոշակային ֆոնդի տնօրեն Մարկ Մաչինը ստիպված է եղել հրաժարական տալ փետրվարին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա պատվաստվել է Դուբայում: 55-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անտեսել է կառավարության սահմանած ճանապարհորդական սահմանափակումները և օգտագործել է իր պաշտոնական դիրքն անձնական օգուտ ստանալու նպատակով:
Բացի այդ, Neue Zürcher Zeitung-ի փոխանցմամբ, Իսպանիայում նույնպես մարդիկ մտահոգված են այն փաստով, որ փետրվարին Ֆելիպե VI թագավորի քույրերը՝ 55-ամյա Քրիստինան և 57-ամյա Հելենան, պատվաստվել են Աբու Դաբիում: Համաքաղաքացիներն այս թագավորական ընտանիքի անդամներին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի համար:
Աղմկահարույց միջադեպի ֆոնին՝ թագավորն ու նրա կինը հայտարարել են, որ, մնացած իսպանացիների նման, իրենք ևս կսպասեն պատվաստվելու հերթին:
https://www.tert.am/am/news/2021/03/12/vaccine/3550507