Ինչո՞ւ է անխուսափելի քննարկել հայ-թուրքական հարաբերությունների թեման
Հրանտ Տեր-Աբրահամյան
Հոդվածը նվիրում եմ Փետրվարյան ապստամբության 100-ամյակին՝ հանուն Հայաստանի անկախության վեջին և անհույս պայքարի հիշատակին, որը, սակայն, դրոշ էր, որ խորհրդանիշ դարձավ հետագա սերունդների համար
Ներածականի փոխարեն: Ի՞նչ չպետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների մասին քննարկումը:
Հայ-թուրքական հարաբերությունների թեման սահմանի բացման, առևտրի, տրանզիտի մասին չէ և չպետք է լինի:
Ոչ թե դա կարևոր չէ, այլ սահմանի բացումը և առևտրական հարաբերությունները չեն խնդրի բուն էությունը: Դրանք կարող են միայն հևտևանքը լինել, արդյունքներից մեկը, բայց ոչ բուն թեման, որն էությամբ քաղաքական է:
Այսօր բացված սահմանը, վաղը նորից կարող է փակվել, իսկ մյուս օրը բացվել, և եթե քաղաքական խնդիր դրված չլինի, դա շատ քիչ բան է նշանակելու, մանավանդ, որ հայ-թուրքական սահմանը ոչ այնքան հայ-թուրքական է, որքան ռուս-թուրքական, և բացելն ու փակելն էլ ոչ միայն Թուրքիայի, ու առավել ևս՝ ոչ միայն Հայաստանի ձեռքում է:
Հայաստանը և Թուրքիան պետք է հասկանան՝ ինչ ունեն իրար տալու և իրարից ստանալու նախ՝ քաղաքական, նույնիսկ ասեմ՝ ռազմաքաղաքական իմաստով, և նոր միայն դրանից կբխի կամ չի բխի տնտեսականը: Հայ-թուրքական խնդիրն էությամբ քաղաքական է, այլ ոչ տնտեսական և առևտրական:
Ընդհանրապես պետք է հաղթահարել և այսուհետև խուսափել լիբերալ ուտոպիստական այն մտածողությունից, որը գերակայում էր 1990-ականներին, և համաձայն որի՝ պետությունների և ազգերի միջև հարաբերությունները պայմանավորվում են առևտրով և տնտեսությամբ, և որ տնտեսական հարաբերությունների կարգավորմամբ հնարավոր է հասնել քաղաքական հարցերի «վերջնական լուծման» և հարատև խաղաղ գոյակցության:
Այս մտածողությունը մասն է 90-ականներին գերակայող՝ «պատմության ավարտի» մասին ուտոպիայի, որը պետք է փոխարիներ պարտված կոմունիստական ուտոպիային՝ լինելով նրա երկվորյակ եղբայրը և հիմնված լինելով նույն տնտեսական դետերմինիզմի վրա, ինչ կոմունիստականը: Համաձայն դրա՝ պատերազմների և հեղափոխությունների դարն ավարտվել է, և բոլոր խնդիրները վերջնական լուծելի են առևտրի ու տնտեսության հիմքով: Ավելորդ է ասել, թե որքան անհամարժեք է այս տեսությունն ինչպես ինքնին, այնպես էլ այսօրվա համաշխարհային իրավիճակի տեսակետից:
Համապատասխանաբար՝ հայ-թուրքական հարաբերությունների թեման չպետք է լինի նաև «ժողովուրդների բարեկամություն», «եղբայրություն», «հավետ հաշտեցում» և այլ ապաքաղաքական ու անբովանդակ սենտիմենտալիզմի շահարկում և դրսևորում:
Ազգերի և պետությունների միջև չի լինում եղբայրություն կամ ոչ եղբայրություն (իհարկե, եղբայրությունը, բարեկամությունը և այլն կարող են օգտագործվել որպես քաղաքական գործընթացների գեղեցիկ փաթեթավորում, քարոզչական ճարտասանություն, և դա նորմալ է, բայց դա հարցի էությունը չի փոխում):
Այստեղթող մեզ լավագույն օրինակ ծառայի հենց թուրք-ռուսական հարաբերությունների մոդելը, որում մրցակցությունը, նույնիսկ՝ թշնամանքը փոխարինվում են համագործակցությամբ և դաշինքներով, և նորից՝ մրցակցությամբ, և այդպես արդեն մի քանի դար շարունակ: Որոշ չափով նույնն են նաև Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները դարերի ընթացքում:
Ի դեպ, հայերս այնքան ենք սիրում խոսել Քեմալից, որ երևի մեզնից շատ մենակ թուրքերն են խոսում: Բայց 100 տարվա մեջ արդյո՞ք նկատել ենք գլխավորը. Քեմալը կարողացավ իր՝ կործանման եզրին հասած և բոլորի կողմից մահվան դատապարտված երկրի անկախությունը պաշտպանել այդ նույն երկրի ոխերիմ թշնամի համարվող Ռուսաստանի օգնությամբ:
Առավել ևս չպետք է ընկնել հարցի «վերջնական լուծման», «մշտական հաշտեցման» և նման պատրանքների մեջ, որոնք ուտոպիա են ըստ սահմանման, ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններում, այլև առհասարակ: Վերջնական լուծումներ և հավետ խաղաղություններ լինում են միայն հետմահու՝ դրախտում կամ դժոխքում, երկնային թագավորությունում, որտեղ ուզեք, միայն թե ոչ այս աշխարհում, որի ամբողջ իմաստը պատմության շարունակությունն է, այսինքն՝ հավետ, անընդհատ, անդադար փոփոխությունը: Սա արդեն ոչ թե նույնիսկ քաղաքական, այլ փիլիսոփայական հարց է: Կումունիստական և լիբերալ ուտոպիաները կարող են հռչակել պատմության ավարտ, որևէ խնդրի, այդ թվում՝ ազգամիջյան հարաբերությունների հավետ կարգավորում, բայց դրանք կապ չունեն իրականության հետ, և ի վերջո՝ միշտ էլ վերածվում են միֆոլոգեմների, որոնք կոչված են սպասարկել այս կամ այն մեծ տերության շահերը:
Մեզ Թուրքիայի հետ ո՛չ հավետ թշնամանք է պետք, ոչ էլ, առավել ևս, հավետ բարեկամություն: Ամենահիմար բանն այս աշխարհում կլինի, եթե հավետ թշնամանքի մոդելից հիմա էլ անցում կատարենք հավետ բարեկամության ու հաշտեցման մոդելին: Մեզ ընդամենը պետք է արտաքին հարաբերություններում մանևրի ազատություն և անսահմանափակություն: Մեզ պետք է ոչ թե մեկընդմիշտ «լուծել» հայ-թուրքական խնդիրը, այլ մեկընդմիշտ ազատվել արտաքին քաղաքական իդեալիզմից՝ լինի դա Թուրքիայի, Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, թե ցանկացած այլ մեկի նկատմամբ:
Ուրեմն, ոչ թե «հայ-թուրքական խնդրի լուծում» և այլ ավելորդ պաթոս, այլ հայ-թուրքական քաղաքական հարաբերություն. այսպես պետք է ձևակերպել գործնական նպատակը: Եվ փորձը ցույց է տալիս, որ այսպիսի գործնական մոդելներն ավելի լավ ու արդյունավետ են աշխատում, քան իդեալիստական մեծախոսությունը:
Ինչո՞ւ չենք կարող անտեսել հայ-թուրքական խնդիրը, և ինչու՞ է այն այժմ առավել կարևոր և էական
Հայաստանն ունի անասելի թվով չլուծված խնդիրներ, այդ թվում՝ հիմնարար, ռազմավարական մակարդակի: Դրանց մեծ մասը մեզանում ոչ թե պարզապես չեն քննարկվել, այլև նորմալ հարցադրում իսկ չի արվել: Մենք մեր պարտված պետությունը պետք է գրեթե զրոյից վերակազմակերպենք: Բայց ռազմավարական այդ խնդիրների մեծ մասի լուծումը պահանջում է ժամանակ, որն ունենալու համար, մենք պետք է նախ տեսնենք, հասկանանք, և լուծենք օպերատիվ մակարդակի խնդիրները:
Օպերատիվ մակարդակի արտաքին խնդիրներից կարևորագույնը Հայաստան-Թուրքիա հարաբերություններն են:
Ինչո՞ւ:
Առաջին: Որովհետև, ուզենք թե չուզենք, Թուրքիան արդեն ակտիվորեն մտել է մեր տարածաշրջան, և դա այլևս անտեսել հնարավոր չէ:
Իհարկե, թուրքական որոշակի ազդեցություն հետսովետական տարիներին միշտ էլ եղել է Վրաստանում և Ադրբեջանում, բայց այժմ իրավիճակը որակապես փոխվել է:
Այն «հովվերգությունը», երբ Թուրքիան ֆորմալ իմաստով մեր հարևանն էր, բայց փաստացի կարող էինք ապրել՝ որոշ իմաստով անտեսելով այդ փաստը, ավարտվել է: Գրեթե 30 տարի (կամ ավել, եթե սովետական շրջանն էլ հետը հաշվենք) տևած պատմական այս արարն ավարտվել է անդառնալիորեն:
Համարենք, որ նույնիսկ կարևոր չեն այն պատճառները, որոնց շնորհիվ Թուրքիային հաջողվեց «բլիցքրիգով» մտնել տարածաշրջան՝ որակապես բարձրացնելով իր մասնակցությունն այստեղի գործերին: Անձամբ ես համարում եմ, որ դա տեղի ունեցավ Ռուսաստանի թողտվությամբ, որը, սակայն, այնքան էլ ճիշտ չհաշվարկելով իր խաղը, թողեց թուրքերին ներխուժել ավելի խորը և ավելի կայուն, քան կցանկանար ինքը՝ թույլատրողը: Բայց սա վարկած է (համենայն դեպս մանրամասները, հիմնական միտքը՝ ավելի հաստատուն է)՝ վերջնական պնդում չէ: Մի օր սրա մանրամասներից էլ կխոսենք:
Բայց ենթադրենք, թե սխալվում եմ: Ենթադրենք թուրքն եկել է ռուսին հակառակ կամ այլ մի տարբերակով, ասենք` այլմոլորակային ուժերի զորությամբ: Դա այս դեպքում էական չէ: Փաստն է կարևոր: Եվ այդ՝ մեզ համար բառիս բուն իմաստով կենսական փաստի վերաբերյալ պետք է ունենանք հարցեր և պատասխաններ:
Երկրորդ: Ամենակարևոր հանգամանքը, որ պետք է գիտակցենք, այն է, որ անկայուն, տուրբուլենտ փուլը, որի մեջ մտել է Հայաստանը առնվազն 2016-ի արպիլից, չի ավարտվել, շարունակվում է:
Վտանգավոր պատրանք կարող է ստեղծվել, որ 2020-ի նոյեմբերի աղետալի պարտությամբ, թեկուզև ծանրագույն գնով, խնդիրը «լուծվեց», և հիմա մենք ժամանակ ունենք համեմատաբար ավելի կայուն վիճակում շունչ քաշելու և ներքին ճակատում «կռիվ-կռիվ» խաղալու: Բայց դա այդպես չէ. փաստացի 2016-ին սկսած պատերազմը շարունակվում է: Նույնն ասում էինք՝ 2020-ից առաջ էլ, բայց քաղաքական և հանրայնորեն ակտիվ դաշտի մեծ մասը գերադասում էր անտեսել այս իրողությունը:
Տուրբուլենտ փուլը չի ավարտվել, որովհետև չեն սպառվել դրա պատճառները, միջավայրը՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամը, ռուս-թուրքական հարաբերությունների նոր ցիկլը, որը սկսվում է 2015-ից ռուսական մուտքով Սիրիա, և ընդհանուր աշխարհակարգային անկայունությունը, որի արդյունքում Ռուսաստանը, Թուրքիան և մյուս մեծ ու միջին տերությունները փորձում են ճշտել իրենց կարգավիճակները միջազգային ոչ պաշտոնական աստիճանակարգում:
Որպեսզի ավելի պարզ դառնա, դիմենք պատմական համեմատության օգնությանը: Դժվար չէ նկատել, որ այսօրվա իրավիճակը բազում էական նմանություններ ունի 1920-21 թթ.-ի իրավիճակին:
Բայց, եթե 1920-21 թթ.-ին Ռուսաստանը, վերադառնալով տարածաշրջան և դաշնակցելով Թուրքիայի հետ, կարողացավ կարճ ժամանակում լիարժեք գերիշխանություն հաստատել Այսրկովկասում, Թուրքիային վճարելով իր գինն ու այսպես ասած՝ ուղարկելով «տուն», ապա այսօր Ռուսաստանը ոչ միայն չի հասել նման լիակատար գերիշխանության, այլև հասկանալի չէ, թե ինչի հաշվին կարող է դա անել:
Իմիջիայլոց նշենք, որ 1920 թվին էլ Այսրկովկասի գրավման ընթացքում կարևորագույն դեր խաղաց ռուսական «խաղաղապահ» առաքելությամբ զորքի մուտքը սկզբում՝ Արցախ, հետո՝ Զանգեզուր և Նախիջևան:
Այսօր ռուսներին հաջողվել է հասնել իրենց առնվազն քառամյա (2015-16-ից դրված) նպատակին՝ զինված ներկայությանն Արցախում: Բայց դա ինքնանպատակ չէ բնականաբար, այլ միջոց՝ տարածելու ազդեցությունը և գերիշխանությունը դեպի Երևան, Բաքու, իսկ հեռանկարում՝ Թբիլիսի: Ռուսները չեն մտել Արցախ՝ 5 տարի անց այնտեղից դուրս գալու համար, բայց մյուս կողմից էլ՝ չեն կարող մշտապես փակված մնալ Արցախում, այլ պետք է ծավալվեն արդեն նշված ուղղություններով, այլապես՝ դուրս գալու հարցը կարող է օրակարգային դառնալ:
Այսօր չկա և չի երևում, թե ինչպես են ռուսները ողջամիտ ժամկետում կարողանալու քիչ թե շատ միանշանակ գերակայություն հաստատել Բաքվում, էլ չասած՝ դեպի Թբիլիսի առաջխաղացման մասին, և էլ չասած, որ նույնիսկ Երևանի հետ կապված կան խնդիրներ. համենայն դեպս՝ ռուսական բացարձակ գերիշխանությունը նույնիսկ այստեղ քննարկման առարկա է, ինչպես որ ցույց է տալիս նաև ներհայաստանյան քաղաքական անկայունությունը:
Ակնհայտ է, ուրեմն, որ ռուսները չեն կարողացել 1920-21 թթ. օրինակով լուծել իրենց դաշնակից-մրցակից Թուրքիայի հարցը՝ վճարելով գինը և փակելով նրա առջև տարածաշրջանի դռները:
Հետևաբար ոխերիմ ընկերներ և դաշնակիցներ ռուսներն ու թուրքերը շարունակում են մրցել Այսրկովկասում ազդեցության համար: Ընդ որում՝ սա սովորական, այսպես ասած՝ իներտ մրցակցություն չէ, այլ դինամիկ և տաք:
Այս ամենից պարզ բխում է, որ անկայունության փուլը չի ավարտվել՝ ընդհուպ մինչև նոր ռազմական բախումներ, սադրանքներ, հեղաշրջումներ և հեղաշրջումների փորձեր, հեղափոխություններ և այլն:
Կարճ՝ իրավիճակը չի հանգուցալուծվել, և սա այն վտանգավոր իրականությունն է, որը պետք է գիտակցենք, և որում պետք է արագ գործենք:
Երրորդ: Հարցը միայն պարտադրանքն ու վտանգը չեն, այլև՝ հնարավորությունները:
Չկա մի իրավիճակ, որում վտանգների աճին զուգահեռ չաճեն նաև հնարավորությունները: Սա կյանքի և պատմության հիմնարար օրենքներից է: Հայերս որպես կանոն մնում ենք վտանգների տակ, բայց ունենք օրինակներ, երբ կարողացել ենք օգտվել նաև հնարավորություններից, ինչպես ԽՍՀՄ փլուզման շրջանում:
Ռուս-թուրքական դաշինքը, որը նույնիսկ երկուսի մերձեցման գագաթնակետին միշտ միաժամանակ նաև մրցակցություն է՝ բացի իր ակնհայտ վտանգներից, նաև հնարավորությունների դաշտ է:
Այստեղ ամեն բան շատ պարզ է՝ երկրորդի, այսինքն՝ Թուրքիայի հայտնվելը մեր տարածաշրջանում մանևրի հնարավորություն է Հայաստանի և մյուսների համար: Իհարկե, Թուրքիան որոշ չափով դեր ուներ Այսրկովկասում և մինչև 2020-ը, բայց այժմ խոսքն այլ մակարդակի ներկայության մասին է, որի պայմաններում թուրքական հավակնությունները կրկնապատկվում են, հետևաբար ավելանում են և մանևրի հնարավորությունները, այդ թվում՝ մեզ համար: Ավելին՝ ավելանում է նաև Թուրքիայի շահագրգռվածությունը խոսելու ոչ միայն Ադրբեջանի և Վրաստանի, այլև՝ Հայաստանի հետ: Հավակնոտ նպատակներ դրած Թուրքիային դա անհրաժեշտ է: Եվ դրա նշանները դժվար չէ տեսնել. թուրքերը հայերից շուտ են կողմնորոշվում և մեզ բազում նշաններ են տվել արդեն:
Ադրբեջանը հաջողությամբ խաղում է մանևրի այդ դաշտում: Հասկանալի պատճառներով մեր խաղը նույն դաշտում ավելի խնդրահարույց է: Բայց հարցի մյուս կողմն այն է, որ մանևրից խուսափելը, միայն մեկ դարպասանոց խաղ խաղալն արդեն ծանր գին ունեցավ մեզ համար: Շարունակե՞նք վախենալ. այդ դեպքում մեր բախտը լիովին հանձնելով Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ որոշմանը նաև հետագայում: Ով չի խաղում՝ նրանով խաղում են. պարզ օրենք է:
Մեր մանևրը, խոսակցությունը Թուրքիայի հետ մենք պետք է սկսեինք ամենաուշն արդեն 2020-ի հուլիսից, էլ չասած, որ իրականում ավելի շուտ: Չուզեցինք, չկարողացանք, վախեցանք, հարցեր տվեցինք, բարդ համարեցինք՝ վերածվեցինք ռուս-թուրքական նոր պայմանագրի օբյեկտի:
Ինչի՞ մասին խոսենք Թուրքիայի հետ՝ ասում են: Նախ՝ ինչի մասին մտքներովս անցնի, թեկուզ եղանակից: Բուն խոսակցության փաստն այստեղ այնքա՛ն ավելի կարևոր է, եթե չասեմ՝ այսօրվա իրավիճակում հայ ժողովրդի շահերի տեսակետից՝ ճակատագրական, որ խոսակցության նյութն էական չէ գոնե առաջին փուլում: Բայց, իրականում, իհարկե, մենք թուրքերի հետ ի՞նչը շատ ունենք՝ խոսելիքը:
Չորրորդ: Կարծես գաղտնիք չպետք է լինի, որ մենք Թուրքիայի հետ ունենք առանձին՝ հենց միայն հայ-թուրքական օրակարգ, որն անկախ է հայ-ադրբեջանականից:
Հայ-թուրքական հարաբերություններն ունեն շատ ավելի հին ու ծավալուն պատմություն, քան հայ-ադրբեջանականը: Ճիշտ է, այդ պատմության ու ծավալի մեջ բացասականն ակնհայտորեն գերակշռում է, բայց տվյալ դեպքում դա չէ խնդիրը, այլ այն, որ այդ ինքնուրույն օրակարգը թողած, մենք փաստացի հայ-թուրքական հարաբերությունները «նվիրել ենք» Ադրբեջանին, հայ-ադրբեջանական օրակարգին: Իհարկե, գիտեմ, որ հիշեցնելու եք, որ Թուրքիան հենց ինքն է հայ-ադրբեջանական խնդիրը մտցրել մեզ հետ հարաբերությունների օրակարգ: Բայց դրանից չի փոխվում այն, որ այդուհանդերձ կա առանձին հայ-թուրքական օրակարգ:
Մենք պետք է մի բան հասկանանք՝ հայ-թուրքական օրակարգը ոչ միայն մեզ է հետաքրքիր, այլև՝ Թուրքիային: Ոչ միայն մեզ է պետք Թուրքիայի հետ հարաբերություն, այլև՝ Թուրքիային: Եթե Թուրքիան ուզում է մրցունակ լինել տարածաշրջանում, ապա նրան անհրաժեշտ է Հայաստանի հետ ունենալ առնվազն խոսակցություն, էլ չասած՝ հարաբերություն: Նույնը մեզ համար է. եթե ուզում ենք հարմարվել տարածաշրջանային նոր պայմաններին, ապա չենք կարող շարունակել անտեսել Թուրքիայի թեման:
Ունենալ համատեղ օրակարագ և համատեղ շահագրգռվածություն, նշանակում է, որ մենք երկուստեք ստանալիք և առնելիք ունենք միմյանցից: Խոսակցությունը պետք է տարվի հենց այս տեսակետից:
Այժմ, երբ հայ-թուրքականը լիովին նույնացվել է հայ-ադրբեջանականին, և մենք Թուրքիային «նվիրել ենք» Ադրբեջանին, բնական է, որ Ադրբեջանն է տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացման միակ շահառուն: Բայց եթե մենք գործի ենք դնում առանձին հայ-թուրքական օրակարգը, ապա այժմյան գլխավոր շահառուն, պետք է մի փոքր նեղվի և տեղ զիջի:
Բնականաբար խոսքը նրա մասին չէ, որ մենք կարող ենք թուրք-ադրբեջանական դաշինքը պառակտել, քանդել և այլն. այսօր մենք շատ ավելի համեստ պետք է լինեն: Բայց նաև պետք չէ լրիվ լուրջ ընդունել եղբայրակից թյուրք ժողովուրդների մասին խոսակցությունները: Դրանք անհիմն չեն, բայց այնպես էլ չէ, որ չկան խնդիրներ կամ որ քաղաքականությունը հիմնված է հենց եղբայրության փաստի վրա: Ցեղակից լինելը լավ զգացմունքային ֆոն է, հավելում կամ թեկուզ խթան քաղաքական հարաբերության, բայց երբեք հենց ինքը՝ քաղաքական հարաբերությունը չէ:
Եթե մենք առողջ բնազդով ժողովուրդ ենք, ապա մենք պետք է նպատակ դնենք, որ Թուրքիայի ուժեղացումը տարածաշրջանում ոչ թե նոր հայկական աղետների պատճառ դառնա, այլ մենք լինենք դրանից օգուտ քաղողների շարքում:
Հինգերորդ: Հայ-թուրքական հարաբերությունը մեր անկախության և մեր կարգավիճակի հարցն է:
Հայ-թուրքական հարաբերությունները մենք նվիրել ենք ոչ միայն Ադրբեջանին, այլև՝ Ռուսաստանին: Եթե լսենք ռուսական կողմնորոշում ունեցող մեր ընկերներին, ապա միայն Ռուսաստանն իրավունք ունի Թուրքիայի հետ մերթ թշնամանալու, մրցակցելու, մերթ էլ՝ դաշնակցելու կամ համագործակցելու: Հայերը զուրկ են այդ իրավունքից, այսինքն՝ ազատությունից:
Մեծ գաղտնիք չէ, որ որևէ ազգի քաղաքական ազատության, ինքնիշխանության կարևորագույն բաղադրիչն է ազատ անցումը թշնամանքից դեպի դաշինք և հակառակը: Միայն քաղաքականապես ստրկացված ազգերի բաժինն է հավետ թշնամությունը կամ հավետ դաշնակցումը: Եվ կարևոր է, որ իբր հայկական ազգային տեսակետից խոսող մեր ռուսասերներն ամեն գնով փորձում են ժխտել Թուրքիայի հետ Հայաստանի խոսելու իրավունքն ու հնարավորությունն իսկ, բայց չեն վիճարկում նույն այդ իրավունքը Ռուսաստանի համար. այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի կարելի Ցլին սկզբունքով: Այս տեսակետն առավել տարօրինակ է դառնում այն պատմական փուլերում, երբ, ինչպես հիմա, ռուս-թուրքական հարաբերությունները մտնում են համագործակցային փուլ: Հետաքրքիր է, ի՞նչ պետք է անի հայ ժողովուրդը, եթե ու երբ իր դաշնակից համարվող Ռուսաստանը ջերմ հարաբերությունների փուլում է Թուրքիայի հետ՝ ինչո՞ւ ինքը նույնպես չպետք է փորձի, չենք ասում՝ դաշինք, բայց գոնե խոսակցություն սկսել Թուրքիայի հետ:
Եվ պատմական փորձը հուշում է, որ երբ մենք ինքնուրույնաբար չենք փորձել Թուրքիայի հետ հարաբերություն հաստատել, դա մեզ բռնի պարտադրվել է նույն Ռուսաստանի կողմից, օրինակ, 1921 թվին՝ ուղիղ 100 տարի առաջ: Սպասե՞քն նույնի կրկնությանը, թե՞ փորձենք այս անգամ գոնե ինքնուրույն քայլ անել, ինչպես 1921-ին փորձում էին Փետրավարյան ապստամբության ղեկավարները:
Այսօր մի ձևաչափ է հաստատվել տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը խոսում Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի, Ադրբեջանը՝ Թուրքիայի և Ռուսաստանի, Թուրքիան՝ Ադրբեջանի և Ռուսաստանի, իսկ Հայաստանն անմիջապես խոսում է միայն Ռուսաստանի հետ, և նրա միջնորդությամբ բանակցում է Ադրբեջանի հետ, և զրո խոսակցություն ունի Թուրքիայի հետ: Ավելորդ է բացատրել իսկ, որ այս քարտեզով Հայաստանն ունի առավել ցածր փաստացի կարգավիճակ՝ Ադրբեջանից էլ ցածր:
Ավելին՝ Հայաստանն այստեղ պարզապես օբյեկտ է, որի բախտը որոշվում է մնացած երեքի խոսակցությամբ: Բնական է, որ բոլոր հարցերն այստեղ լուծվելու են մեր հաշվին: Շարունակե՞նք մեղադրել մեր դաշնակից համարվող ռուսներին, որ մեր հաշվին են լուծում հարցերը: Մեր ռուսասերների տրամաբանությանը եթե հետևենք, այդպես էլ պետք է անենք: Իրականությունը, սակայն, այն է, որ մեր հաշվին հարցեր լուծելու «ավանդույթը» օբյեկտիվ հետևանք է մեր ցածր կարգավիճակի:
Կարգավիճակը փոխելու՝ բարձրացնելու համար մեզ անհրաժեշտ է խոսակցություն Թուրքիայի հետ: Դա մեզ կբարձրացնի առնվազն Ադրբեջանի մակարդակի, որը հաջողությամբ մանևրում է ռուսական և թուրքական շահերի միջև: Առանձին խոսակցություն ունենալ Թուրքիայի հետ, նշանակում է, որ ոչ միայն մենք ինչ-որ հարցերում պետք է ընդառաջ գնանք Թուրքիային, այլև Թուրքիան՝ մեզ: Եվ Թուրքիայի հետ խոսակցությունը կարող է դառնալ մեր հավելյալ քարտը մեր հարաբերություններում թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ:
Վեցերորդ: Արևմուտքի հետ չափազանված հույսեր կապելն ավելի սխալ է, քան նույնիսկ՝ Ռուսաստանի:
2020-ի սև աշնանը, հայ հանրության մի մասը հույսեր ուներ Ռուսաստանի՝ որպես դաշնակցի հետ կապված: Հիմա չենք քննարկում այդ հույսերի բանական կամ ոչ բանական, արդարացի կամ անարդարացի լինելը: Մեր կարծիքը հայտնի է՝ Ռուսաստանը պատերազմի գլխավոր շահառուներից էր, թեև՝ ոչ միանշանակ հաղթողներից: Եվ, ի դեպ, մենք չենք էլ մեղադրում Ռուսաստանին. այդ պետությունն ունի իր քաղաքական նպատակները, որոնք դնում և հաջողությամբ լուծում է: Ռուսները մեղավոր չեն, որ հայերս չենք հասկանում դա: Բայց սա այլ քննարկման թեմա է:
Ճիշտ է, թե սխալ մեր տեսակետը, փաստն այն է, որ Ռուսաստանի հետ կապված հույսեր ունեցող մեր հայրենակիցների մի մասն այժմ էլ փորձում է հույս կապել Արևմուտքի հետ: Սա մեր պատմության անդադար կրկնվող անեծքն է. հույսը դնելով երրորդ ուժի վրա՝ անընդհատ վազել մե՛րթ դեպի ռուսները, մե՛րթ դեպի Արևմուտք՝ Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, երբեմն՝ Գերմանիա, հետո հիասթափվել մեկից ու նորից վազել դեպի մյուսը: Հիասթափությունը դեռ ոչինչ, բայց հընթացս նաև կրել պարտություններ ու կորուստներ: Հասկանալի է, որ մենք պետք է հարաբերվենք և՛ ռուսների, և՛ Արևմուտքի հետ, բայց պետք է, որ արդեն վաղուց պարզ դարձած լիներ, որ դա չի նշանակում, որ մենք պետք է կարծենք, թե այդ հարաբերությունը կարող է մեր փոխարեն լուծել մեր խնդիրները:
Ինչևէ, մի կողմ թողնել հայի պատմական բախտը, խոսենք այս պահից:
Այսօր փաստն այն է, որ Արևմուտքը հեռու է, և կարող է տարածաշրջանում միայն օժանդակ, երկրոդական դեր խաղալ, իսկ մեր շուրջը ռեալ ուժերն են Ռուսաստանն ու Թուրքիան, որոնք բացի ամենից՝ այսօր իրենց հարաբերությունների ջերմացման փուլում են, թեև միաժամանակ շարունակում են մրցակցությունը: Եթե Արևմուտքն ուզենա էլ ակտիվանալ տարածաշրջանում, ապա դա կարող է և պետք է անի ռեալ ուժերից մեկի միջոցով:
Արևմուտքի հետ հարաբերությունները մենք մեր հերթին կարող ենք և պետք է օգտագործենք որպես հավելյալ գործոն, բայց հենց հավելյալ, իսկ հիմնականը պետք է լինի մեր տարածաշրջանային ուղղությունը: Վերջինը, բնականաբար, միայն Թուրքիայի հարցը չէ, բայց Թուրքիայինն այս պահին առաջնային է, իսկ մյուսների մասին դեռ առիթներ կունենանք խոսելու:
Ի դեպ, Արևմուտք կիսամիֆականացված հասկացության փակագծերն էլ պետք է բացել: Իրական ռազմաքաղաքական ուժն ԱՄՆ-ն է: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա պետք է վերջապես հասկանանք, որ այն 1945-ից ի վեր դադարել է համաշխարհային մասշտաբի գեոպոլիտիկ, ռազմաքաղաքական ուժ լինելուց, և այդ իմաստով սոսկ երկրոդական գործոն է: Դա չի նշանակում, որ եվրոպական ուղղությունը պետք է անտեսել, բայց պետք է վերջապես իրապաշտական գնահատական ունենալ միջազգային ուժային հարաբերությունների մասին:
Յոթերորդ և շատ կարևոր՝ Թուրքիայի հետ մեր խոսակցությունն ու հարաբերությունը մեր գլխավոր ապահովագրումներից մեկը պետք է լինի ապագայի անկանխատեսելի սցենարներից: Որո՞նք են դրանք:
Այսօր Հայաստանում զարմանալիորեն ոչ ոք հարց չի տալիս, իսկ ի՞նչ ենք անելու, եթե ու երբ ռուսական զորքը մի օր ինչ-որ պատճառով հեռանա Արցախից, էլ չասած՝ ընդհանրապես տարածաշրջանից: Եվ ապշեցուցիչ է, որ նման պարզ հարց չի դրվում մի ազգի ներկայացուցիչների կողմից, որը վերջին 100 տարվա մեջ նման սցենարի ականատես է եղել առնվազն երկու անգամ՝ 1918-ին, ապա և ԽՍՀՄ փլուզումից հետո: Ես չեմ խոսում այն մասին, որ այդ սցենարն առաջին անգամ տեղի է ունեցել դեռ 18-րդ դարի սկզբին՝ Պետրոս Մեծի ժամանակ, և առիթ է դարձել Ղարաբաղի հայերի առաջին մեծ գաղթի, որն էլ, չի բացառվում, որ տեղ է ազատել դեպի Լեռնային Ղարաբաղ թուրք քոչվորների ներթափանցման և Ղարաբաղի խանության ստեղծման:
Ինչևէ, որևէ հույս չկա, որ մեր քաղաքական դաշտի սուբյեկտները երբևէ կսկսեն նման հարցադրումներ անել գոնե իրենք իրենց համար՝ ոչ հրապարակային, և կփորձեն քաղաքականություն մշակել հենց նման հեռանկարներից ելնելով: Ի դեպ, Հայաստանում քաղաքականություն կունենանք միայն այն պահից, երբ քաղաքական ուժերը սկսեն մտածել հենց նման կատեգորիաներով: Մենք դեռ անկախության առաջին տարիներին պետք է այս տիպի հարցեր ձևակերպեինք՝ հասկանալով, որ մեր անկախությունը ոչ միայն մեր ներքին զարգացման, այլև՝ միջազգային յուրահատուկ պայմանների արդյունք է: Եվ հարցերը պետք է վերաբերեին և հիմա էլ վերաբերեն, իհարկե, ոչ միայն Ռուսաստանին, այլև, օրինակ, ամերիկյան համաշխարհային գերակայությանը, Թուրքիայի հետագա ճակատագրին, Իրանին և այլն, և այլն:
Վերադառնանք բուն՝ ռուսական զորքի հարցին: Պարզ է, որ ռուսները չեն եկել Արցախ 5 տարով և փորձելու են տևականացնել իրենց ներկայությունը: Բայց պարզ է նաև, որ դա կախված չէ միայն իրենց ցանկությունից: Դեռ 5 տարի ժամկետը ևս 5 տարով երկարացնելու համար պետք է ահագին ջանք գործադրեն, և դրա դիմաց, անշուշտ, Ադրբեջանը նոր զիջումներ է պահանջելու: Ֆանտաստիկայի ժանրից է, որ Հայաստանում այսօր խոսում ու մտածում են ամեն ինչից, բացի այս և նման թեմաներից: Քանի դեռ Հայաստանն այս՝ օբյեկտի կարգավիճակում է, դժվար չէ պատկերացնել, թե ում հաշվին պետք է արվեն զիջումները. ի՞նչ ունեն ռուսները տարածաշրջանում զիջելու թուրքերին, բացի հայերից:
Բայց սրանք դեռ կանխատեսելի տարբերակներն են: Կարևոր է հաշվի առնել ոչ միայն դրանք, այլև անկանխատեսելիները: Ռուսները կարող են հեռանալ տարածաշրջանից անսպասելիորեն, ինչպես դա պատմականորեն եղել է ռուսական անկանխատեսելի ներքին զարգացումների պատճառով: Ոչ ոք չի կարող կանխատեսել դրանց ժամկետն ու ծավալը: Թող ոչ ոք նաև չմտածի, որ 1917-ին ռուսների գնալը կանխատեսելի էր. 1914-ին դա աշխարհի ամենաանհավատալի բաներից էր: Հիշողները թող հիշեն, թե ինչ կլիներ մեկի հետ, եթե նա 1985 թվականին կանխատեսեր Սովետական միության մոտալուտ փլուզումն ու Հայաստանի անկախացումը: Այսօր էլ ոչ ոք չգիտի ռուսական զինված ներկայության հեռանկարն Արցախում: Բայց ինչը հաստատ հայտնի է՝ հայկական հերթական աղետն է, որը կարող է տեղի ունենալ դրա հետևանքով:
Սպասենք, որ անսպասելին տեղի ունենա, նո՞ր մտածենք՝ ինչ անել, կամ գուցե սպասենք, որ զորքի ներկայության նոր ժամկետի դիմաց Ադրբեջանը նոր բունուսնե՞ր կորզի Ռուսաստանից, թե՞ փորձենք մեր ապահովագրումներն ու մանևրներն անել այս ընթացքում:
Ռուսական զորքի հեռանալուց կամ ժամկետը երկարացնելու դիմաց Ադրբեջանին նոր զիջումներ անելուց բացի, կարևոր է նաև մեկ այլ սցենար պատկերացնելը. եթե Ռուսաստանը հանդիպի ավելի մեծ դիմադրություն Թուրքիայից, նրա թիկունքով էլ Ադրբեջանի կողմից՝ տարածաշրջանում ծավալվելու, նույն Արցախում իր զինյալ ներկայությունը երկարացնելու և այլ խնդիրներում արդյո՞ք ռուսները չեն փորձելու նորից խաղարկել հայկական քարտը՝ որպես հակաթուրքական գործիք: Սա կարող է նշանակել նոր ռազմական բախումներ՝ ընդհուպ մինչև նոր պատերազմ: Գուցե ինչ-որ մեկին սա թվա նույնիսկ ձեռնտու սցենար: Բայց այդպես մտածող մարդիկ թող մտաբերեն, որ սա հայկական ռևանշ չի լինելու, այլ ընդամենը հերթական անգամ հայերի ձեռամբ խնդրի լուծման փորձ, որի ավարտը մեծ հավանականությամբ լինելու է նոր պայմանավորվածություն հայերի հաշվին:
Իրական ռևանշի հասնելու համար մեզ պետք է շատ երկար ճանապարհ անցնել՝ ոչ թե բարեփոխելով, այլ հեղափոխելով մեր պաշտպանության համակարգը, մեր քաղաքական համակարգը, մեր անվտանգության համարակգը, մեր գիտական և կրթական համակարգերը: Մեզ պետք է շատ երկար հանգիստ մեր ներքին խնդիրները լուծելու համար, որոնք հիմնարար են, այլ ոչ թե մակերեսային ու ժամանակավոր:
Այս բոլոր սեցնարների կանխումն էլ մի ճանապարհ ունի՝ հայ-թուրքական ինքնուրույն խոսակցությունը:
Ութերորդ: Թուրքիան ինքն է այսօր ուզում խոսել մեզ հետ: Պատերազմից հետո և հատկապես այս տարվա սկզբից բավականաչափ թափանցիկ ակնարկներ եղան Թուրքիայից: Ընդ որում՝ կարծես, հենց Թուրքիայից, ոչ թե Ադրբեջանից: Սա չկար պատերազմի ժամանակ և պատերազմից առաջ:
Բացի այն, որ այդ ակնարկները հնչել են, նաև շատ տրամաբանական է, որ Թուրքիան հիմա ուզի Հայաստանի հետ խոսակցության մեջ մտնել, քանի որ ինչպես նշել ենք, եթե տարածաշրջանում դեռ շարունակվում է ռուս-թուրքական խաղը, և դիրքերը վերջնականապես ճշտված չեն: Հասկանալի է, որ այդ իրավիճակում Թուրքիային անհրաժեշտ են հարաբերություններ ոչ միայն Ադրբեջանի և Վրաստանի, այլև՝ Հայաստանի հետ: Ուրեմն, ինչպես որ Հայաստանին է պետք խոսակցությունը Թուրքիայի հետ, այնպես էլ Թուրքիային է պետք խոսակցությունը Հայաստանի հետ:
Քանի որ Թուրքիան ելնում է իր շահերից, ոչ միայն մեզ, այլև հենց Թուրքիային է պետք հայ-թուրքական խոսակցությունը: Ոչ միայն Թուրքիան է պետք Հայաստանին իր կարգավիճակը տարածաշրջանում բարձրացնելու համար, այլև Հայաստանն է պետք Թուրքիային իր դիրքերը տարածաշրջանում ճշտելու համար: Սա նշանակում է, որ ոչ միայն մենք, այլև թուրքերը զիջելիք ունեն այս խոսակցության մեջ:
Այս հնարավորությունը մենք չպետք է բաց թողնենք, ինչպես որ մեր նոր պատմության մեջ բաց ենք թողել բազմաթիվ նման հնարավորություններ, այդ թվում՝ Թուրքիայի հետ խոսելու և թուրքերից մեր օգտին զիջումներ ստանալու հնարավորությունները: Ինչպես և մյուս հնարավորությունները, այս մեկը ևս անվերջ չի տևելու: Հիմա է ժամանակը:
Հրանտ Տեր-Աբրահամյան
2021 03 01-16
Հղումը։ https://hratvallis.wordpress.com/2021/03/16/hay-turkakan/?fbclid=IwAR2vZHSF_PCbeEHVP4Ub_33zqZMzuF-ysKaK44FjG2m4_rhZs0TL_7ErjyQ