Ժիրայր Լիպարիտյանի վերջին հայտարարություններն Արցախում մեծ դժգոհություն են առաջացրել

Yerevanlur-ի տեղեկություններով՝ 1991-97 թվականներին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի վերջին հայտարարություններն Արցախում մեծ դժգոհություն են առաջացրել։ Մեր տեղեկություններով՝ արցախցի հասարակական-քաղաքական շրջանակներին հատկապես վրդովվեցրել է Լիպարիտյանի այն միտքը, որ Թուրքիայից ու Ադրբեջանից վտանգ չկա, և որ 30 տարի այդ պետությունների կողմից մորթվելու մասին հայտարարողներն այդպես էլ չեն մորթվել։ Մեր զրուցակիցը մասնավորապես նշեց, որ արցախյան վերջին պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Ադրբեջանի իրականացրած գործողությունների պատճառով սպանվել ու մորթվել են հազարավոր հայ երիտասարդներ, նրանց ընտանիքներն էլ հավերժ սգի մեջ են հայտնվել և նման հայտարարությունները խիստ դժկամությամբ են ընդունվում։ Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ որքան էլ Արցախի տարածքի մեծ մասն անցել է Ադրբեջանին և երկիրն այժմ թուլացած վիճակում է, նման պարտվողական տրամադրությունները որևէ տեղ չեն տանում։
Yerevanlur-ը տեղեկացավ նաև, որ Արցախի քաղաքական ուժերը հնարավոր է համատեղ հայտարարությամբ հանդես գան՝ դատապարտելով Լիպարիտյանի հայտնած մտքերը։ Միևնույն ժամանակ մեր աղբյուրները նշում են, որ այս պահին կա որոշակի կաշկանդվածություն և դրա պատճառը Հայաստանի իշխող շրջանակների հետ Լիպարիտյանի համագործակցությունն է։