Ժիրայր Լիպարիտյանի հետ ինտենսիվ հանդիպումներ է ունենում նաև վարչապետ Փաշինյանը. ո՞րն է դիվանագետի դերակատարությունը

Մամուլում այսօր տարածվեց ինֆորմացիա, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանում փակ հանդիպում է ունեցել պատմաբան, դիվանագետ, 1991-97 թվականներին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հետ։
Հանդիպումը հատկապես ուշագրավ է Հայաստանի ու Թուրքիայի միջև մեկնարկած նոր պրոցեսի շուրջ։ Երեկ պաշտոնական Անկարան, այսօր էլ Երևանը հայտարարեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով երկու երկրներում հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին։ Իսկ թե ինչպիսին է Ժիրայր Լիպարիտյանի մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ՝ հայտնի է բոլորին։ Մեջբերենք նրա վերջին հայտարարություններից մի հատված․«Պետք է ասենք՝ այդ մարդիկ (խմբ․ Թուրքիա, Ադրբեջան.) վատն են, զիջելու բան չունե՞նք, այսպես պահենք, անդադար կռվի մեջ մտնե՞նք, թե՞ փորձենք հարցերը լուծել, վերջապես այս ժողովրդին խաղաղություն տալ»։
Yerevanlur-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Ժիրայր Լիպարիտյանի հետ ինտենսիվ հանդիպումներ ու խորհրդակցություններ է ունենում նաև անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տարածաշրջանում խաղաղության էջ բացելու և նման գործընթացին մեկնարկ տալու մտքերի հեղինակներից մեկը հենց Ժիրայր Լիպարիտյանն է։
Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումներն ու քննարկումները, սակայն, առնչություն չունեն առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հետ և դրանք Լիպարիտյանի առանձին գործունեության տրամաբանության շրջանակներում են։ Իսկ թե կոնկրետ ինչ դերակատարություն կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսում Լիպարիտյանը՝ պարզ կդառնա առաջիկայում։