Թևան Պողոսյանի հարցազրույցը

Թևան Պողոսյանի հարցազրույցը

– Պարոն Պողոսյան, ՄԱԿ-ի խորհրդի նիստում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան դրականորեն կգնահատի Հայաստանի յուրաքանչյուր քայլը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։ Ի՞նչ դիտարկումներ ունեք նրա այս հայտարարության շուրջ, որո՞նք պետք է լինեն Հայաստանի անելիքները։

– Երբ խոսում ենք որևէ հայտարարության բովանդակության մասին, պետք է հասկանանք նաև, թե որ երկրի մասին է խոսքը։ Իրենց ընկալմամբ՝ մենք թշնամական երկիր ենք, ու այդ թշնամության շրջանակներում իրենք միշտ փորձել են մեզ ճնշել՝ ինչպես սահմանի բլոկադայով, այնպես էլ միջազգային հարթակներում ամեն ինչ անելով։ Վերջում էլ մեր թշնամիներին օգնել են պատերազմել, ակտիվ մասնակցել են այդ գործողություններին, էլ չեմ ասում ահաբեկիչներին այստեղ բերելու հարցը, որոնք ադրբեջանա-թուրքական զորքերի հետ միասին մասնակցել են պատերազմական գործողություններին։ Այս ամեն ինչը հաշվի առնելով, Ցեղասպանության հարցն էլ ի նկատի ունենալով՝ գալիս է մի խնդիր՝ որտե՞ղ է ելույթ ունենում Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ՄԱԿ-ում։ Նպատակ կա աշխարհին ցույց տալու, թե իրենք «պուպուշիկ» երկիր են, քաղաքակիրթ, զարգացած։ Դա այն երկիրն է, որ ընդամենը մի քանի օր առաջ ասաց, որ պատրաստվում են դառնալ տասնյակ ամենաուժեղ բանակներով, տնտեսությամբ ու այլ գաղափարներով հզորությամբ երկիր, ու դրա հետ միասին քարտեզներ էին հրապարակում թուրքական ազդեցության մասին։ Աշխարհի կեսն էլ պատրաստվում էին գրավել։ Ուստի հասկանալի է, որ ինքը փորձելու է ցույց տալ, թե տեսեք՝ մենք պատրաստ ենք, Հայաստանը պետք է քայլեր անի։ Պետք է հասկանալ, որ սա իրականությանը չի համապատասխանում, որովհետև սա այն նույն Թուրքիան է, որն օգնելու է Ադրբեջանին, որն Ադրբեջանը համարում է «մեկ երկիր, մեզ ազգ»։ Չմոռանանք նաև, թե ինչ է հնչում Ադրբեջանի շուրթերից՝ Զանգեզուրն էլ է մերը, Երևանն էլ։ Իսկ Կարսի վերջին զորավարժությունների սցենարն էլ այնպես էր խաղարկվում, որ դա Հայաստանի դեմ է։ Թշնամիական այդ հագուստը նման էր հայկական զինվորական համազգեստին։ Ինչպե՞ս կարելի է վստահել այդ մարդու խոսքերին։ Պարզապես պետք է գիտակցենք, որ դա ասված էր ՄԱԿ-ի ամբիոնից ու հենց այդ ամբիոնի համար։ Բայց դրական իմաստով նրանցից որևէ գործողություն սպասել պետք չէ։ Չպետք է թույլ տանք հերթական անգամ խաբվել թուրքական, դիվանագիտական ձևակերպումներին։

– Իսկ մեր հասարակությունը պատրա՞ստ է, ուզո՞ւմ է խաղաղություն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

– Ես չունեմ այդպիսի չափումներ։ Բայց հուսով եմ, որ մեր հասարակությունը ոչ թե պատրաստ է բարեկամություն անելու, այլ պատրաստ պետք է լինի հայկական շահերն առաջ տանելու։ Եթե չենք ցանկանում դառնալ թուրքական վիլայեթ, պետք է Բաթումի օրինակը մեր աչքի առաջ լինի։ Պետք է հասկանանք, որ մեզ համար առաջնայինը մեր շահերն են, ոչ թե թշնամական երկրի հետ բարեկամություն անելը։ Ընդամենը մի շաբաթ առաջ հայկական եկեղեցին են վաճառել, ինչի՞ մասին է խոսքը։

Չավուշօղլուն դա ասել է ՄԱԿ-ի ամբիոնից «պուպուշիկ» երևալու համար. Հայաստանը պետք է իր շահերն առաջ տանի | 1in.am

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին