Թրամփն իր պաշտոնը լքելուց հետո առաջին հրապարակային ելույթում հայտարարել է
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնը լքելուց հետո առաջին հրապարակային ելույթում հայտարարել է, որ գործող նախագահ Ջո Բայդենն արդեն հասցրել է դառնալ ԱՄՆ-ի պատմության վատագույն նախագահը, գրում է CNBC-ն։
«Մենք բոլորս գիտեինք, որ Բայդենի վարչակազմը վատն է լինելու, բայց մեզնից ոչ ոք նույնիսկ պատկերացում չուներ, որ այսքան վատը կլինեն և այսքան հեռուն կգնան։ Բայդենը երբեք այդ մասին չի ասել։ ԱՄՆ-ի ժամանակակից պատմության բոլոր նախագահներից Ջո Բայդենն ունեցել է կառավարման ամենաաղետալի առաջին ամիսը․ դա ճշմարտություն է»,- ասել է նա Օրլանդոյում տեղի ունեցած պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում՝ հավելելով, որ «Բայենն արդեն հասցրել է դառնալ ԱՄՆ-ի պատմության վատագույն նախագահը»։
Նրա խոսքով՝ «Բայդենի վարչակազմն արդեն ապացուցել է, որ դեմ է աշխատատեղերին, էներգետիկային, կանանց, գիտությանը»։
Իր ելույթում Թրամփը նաև քննադատել է Բայդենի՝ կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրին վերադառնալու մասին որոշումը։
«Ջո Բայդենն ԱՄՆ-ին վերադարձրել է կլիմայի վերաբերյալ շատ անարդար և թանկարժեք փարիզյան համաձայնագրին՝ առանց քննարկելու ավելի շահավետ գործարքի կնքման հնարավորությունը։ Ի՞նչ օգուտ կա դրանում, երբ մենք օգտագործում ենք մաքուր էներգառեսուրսներ, իսկ Չինաստանը՝ ոչ, Ռուսաստանը՝ ոչ, Հնդկաստանը՝ ոչ»,- հայտարարել է Թրամփը։
Նախօրեին ելույթի ընթացքում Թրամփը նաև կոչ էր արել երկրում ընտրական բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաև հայտարարել էր 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու հնարավորության մասին։
«Այս ընտրությունները կեղծվել են։ Գերագույն դատարանը և մյուս դատարանները ոչինչ չարեցին դրա դեմ։ Անհրաժեշտ է ընտրական բարեփոխումներ իրականացնել։ Չենք կարող թույլ տալ, որ նման բան էլի տեղի ունենա»,- ասել էր Թրամփը։
Սպիտակ տան նախկին ղեկավարը նաև հայտարարել էր, որ 2024-ի նախագահական ընտրություններում կարող է կրկին առաջադրել իր թեկնածությունը։
«Ո՞վ գիտի, գուցե որոշեմ նրանց հաղթել նաև երրորդ անգամ», – հայտարարել էր Թրամփը:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները, չընդունելով նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց՝ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջո Բայդենը, ներխուժել էին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ փորձելով թույլ չտալ արդյունքների վերջնական հաստատումը Սենատի կողմից: Անկարգությունների հետևանքով 5 մարդ է սպանվել:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Կոնգրեսի շենքում անկարգություններ հրահրելու մեղադրանքով հունվարի 13-ին 232 կողմ և 197 դեմ ձայներով Թրամփի նկատմամբ իմփիչմենթ էր հայտարարել:
Սակայն ավելի ուշ, չհավաքելով նախկին նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ ձայները, Սենատն արդարացրել էր նրան։ Ընդ որում, հանրապետական 7 սենատորներ աջակցել են այդ գործընթացին, ադ թվում ՝ Մակքոնելը։
https://www.tert.am/am/news/2021/03/01/Trump/3538871