Թուրքիայում առաջին բեռնատար ԱԹՍ-ն է արտադրվել
Թուրքիայում արտադրվել է Albatros անվամբ առաջին բեռնատար ԱԹՍ-ն, գրում է ermenihaber-ը: Այն շահագործելու են Թուրքիայի զինված ուժերը։ ԱԹՍ-ն արտադրվել է թուրքական ASELSAN, ALTINAY և DASAL ռազմարդյունաբերական ընկերությունների համագործակցության արդյունքում։ ԱԹՍ-ի առավելագույն բեռնատարողությունը 50 կգ է, իսկ թռիչքի բարձրությունը բեռնված վիճակում 3000 մետր։ ԱԹՍ-ն կարող է զարգացնել առավելագույնը 90 կմ/ժ արագություն, իսկ օդում կարող է մնալ 40 րոպե։ Թուրքական աղբյուրը նշում է, որ նաև կան Albatros-ի այնպիսի մոդելներ, որոնց բեռնատարողությունը հասնում է 50կգ, 100 կգ և նույնիսկ 150 կգ։ 150 կգ բեռնատարողության տարբերակի փորձարկումները կիրականացվեն այս տարվա ընթացքում։ Նշվում է նաև, որ ԱԹՍ-ն օգտագործվելու է հրդեհի, երկրաշարժի ժամանակ, ինչպես նաև այլ արտակարգ իրավիճակներում։ ԱԹՍ-ն կարող է շահագործվել -20-ից մինչև +50 եղանակային պայմաններում։ Թուրքական լրատվամիջոցները նաև հրապարակել են տեսանյութ։