Էրդողանը Ալիևին գործուղել է Հադրութ. ռուս-թուրքական նո՞ր պայմանագիր
Մարտի 16-ին հայտարարվել է Բաքվի ղեկավար Ալիևի Հադրութ այցի մասին: Ալիևն այնտեղ տվել է այսպես ասած Ֆիզուլի-Հադրութ-Շուշի ավտոճանապարհի շինարարության մեկնարկը, որով Ադրբեջանը պետք է կապ ունենա Շուշիի հետ, քանի որ գործող ճանապարհները անցնում են Արցախի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներով: Այստեղ հակասական իրավիճակ է: Փաստացի, կառուցելով այդ նոր ճանապարհը, Ալիևն ըստ էության ընդունում է, որ չունի մնացյալ Արցախով Շուշիի հետ հաղորդակցվելու հույս, կամ, այլ կերպ ասած՝ կամա, թե ակամա ազդարարում է, որ կորցրել է Արցախը: Մյուս կողմից, Արցախն ու Հայաստանն էլ ըստ էության դրանով կորցրել են Շուշին ու Հադրութը:
Պատերազմի հետևանքով փոխվել է առաջին պատերազմի հաստատած ստատուս-քվոն: Այդ ստատուս-քվոն իր մեջ պարունակում էր մի շարք նոր տարրեր, որոնք հիմնարար էին ոչ միայն ռեգիոնալ, այլև աշխարհաքաղաքական իմաստով: Արցախի առաջին հաղթանակը, ըստ էության, կազմալուծել էր ռեգիոնալ այն ստատուս-քվոն, որը հաստատվել էր 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով, որի 100-րդ տարելիցը լրացավ նախօրեին: Արցախի առաջին հաղթանակը կազմալուծել էր այդ պայմանագիրը, իսկ Արցախի երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտությունը շրջեց իրավիճակը հետ, բայց ոչ «մեկին-մեկ» տրամաբանությամբ: Ոչ թե վերադարձավ հին ստատուս-քվոն, այլ հաստատվեց նորը և բոլորովին պատահական չէ, թե ինչ օր է ընտրել Ալիևը Հադրութ այցի ընթացքում:
Բանն այն է, որ Հադրութը պատմականորեն երբեք չի եղել ադրբեջանա-թուրքական վերահսկողության ներքո, Հադրութը, ըստ էության, արցախյան դիմադրողականության, արցախյան իմունիտետի ակունքն է: Այդ ակունքը Արցախի դեմ պատերազմի հետևանքով հայտնվել է թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո, և սա, ըստ էության, Կովկասի նոր ստատուս-քվոյի առանցքային ոչ միայն ռազմա-քաղաքական, այլև հոգեբանական հանգամանքներից մեկն է: Հադրութի օկուպացիան լոկ տարածքային օկուպացիա չէ, Հադրութի կորուստը լոկ տարածքային կորուստ չէ: Հադրութ-Շուշի գիծը Կովկասի ռազմավարական առանցքն է, որը ներկայումս հայտնվել է թուրք-ադրբեջանական օկուպացիայի ներքո, և ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակին Ալիևին Հադրութ «գործուղել» է թերևս Էրդողանը՝ ընդգծելու համար, որ այլևս գործում է ռուս-թուրքական նոր պայմանագիր, որտեղ խորհրդանշական երկու բարձրունքները այլևս Մասիսի երկու գագաթները չեն, այլ Հադրութն ու Շուշին: Մոսկվան վերահաստատել է հավատարմությունը ռուս-թուրքական 100-ամյա պայմանագրին: Այդ իրողությունը թերևս պետք է դիտարկել որոշակիորեն հակառակ կողմից էլ: Ռուսաստանին մի կողմից պետք է տակտիկական համաձայնությունը Թուրքիայի հետ: Մյուս կողմից, ռազմավարական առումով, Թուրքիան ռեգիոնալ մրցակից է, ներխուժել է կենսական գոտի, և Մոսկվան փորձելու է անել առավելագույնը՝ ներխուժումը հանդուրժելով հանդերձ, դրա ամրագրում թույլ չտալու համար: Այստեղ է գուցե նաև տողատակը հայտարարության, որ Մոսկվան հավատարիմ է 100-ամյա պայմանագրին: Բանն այն է, որ Անկարայի նոր խնդիրը Կովկասում ռազմա-քաղաքական նոր իրադրությունն ու նոր բնագծերը իրավա-քաղաքական որևէ նոր ակտով ամրագրելն է: Նոր իրավիճակի առումով 100-ամյա պայմանագիրը Թուրքիայի համար այլևս քիչ է, բավարար չէ նաև Աղդամում մոնիթորինգի կենտրոնը: Թեև Թուրքիան առաջ է շարժվել աշխարհագրորեն, այդուհանդերձ, «փաստաթղթավորվածության» առումով առաջ է գնացել Մոսկվան՝ Արցախում Ալիևի ստորագրությամբ հաստատված ռազմական ներկայությամբ: … Մանրամասն այցելիր ․․․