Զինվորականությունը ոտնձգել է պետականության դեմ․ բանակն ու պետությունը չեն կարող գտնվել տարբեր բարիկադներում

Զինվորականությունը ոտնձգել է պետականության դեմ․ բանակն ու պետությունը չեն կարող գտնվել տարբեր բարիկադներում

Մեր նորագույն պատմության աննախադեպ ճգնաժամային հանգրվանում ենք գտնվում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «Հանուն հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ Արման Բաբաջանյանը:

Նրա դիտարկմամբ՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունը՝ և դրան ի պատասխան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը ամբողջությամբ նկարագրում են ճգնաժամի խորքը, բովանդակությունը, նաև ինչ-որ իմաստով քաղաքական շրջանակների անհամարժեքությունը, որոնց անգործությունը և նաև քայլերը հանգեցրին այս վիճակին: «Վերջին երեք ամիսների խմորումներն ու իրադարձություններն ուղիղ կապ ունեն զինվորականության՝ նախօրեին առաջադրած հրաժարականի պահանջի հետ: Անհերքելի է, որ զինվորականների պահանջը կապ ունի նախկին իշխանավորների և նրանց սպասարկող քաղաքական ուժերի քաղաքական պահանջների հետ: Դա մի ընդհանուր շղթայի կարևոր մասն է»,- նշեց Բաբաջանյանը:

Պատգամավորի կարծիքով՝ ԳՇ հայտարարությունը տեղավորվում է Վազգեն Մանուկյանի մատնանշած կայծակնային ապստամբության՝ «Պլան Բ-ի» տրամաբանության մեջ: «Այս հայտարարությունը զարգացումների կուլմինացիան էր, և քաղաքական ուժերը պետք է հասունություն հանդես բերեն հանուն մեր երկրի պետականության, հանուն քաղաքացիական պատերազմի բացառման և հանուն մեր բանակի, և թույլ չտան, որ զարգացումները անկանխատեսելի ընթացք ստանան»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ սեղանին Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության և պետականության հարցն է։

«Հույս ունեմ, որ զինվորականները, որոնք կամա, թե ակամա են հայտնվել այդ ցուցակում (իմ տեղեկություններով՝ կան նաև այդ ցուցակում ակամա հայտնված զինվորականներ), կգիտակցեն իրենց բաժին պատասխանատվությունը պետության, քաղաքացու, Հայաստանի պատմության առաջ»,- նշեց Բաբաջանյանը: Նրա կարծիքով՝  իրավիճակը պետք է հանգուցալուծվի Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությամբ, որին պետք է հաջորդեն կոնսուլտացիաներ, քննարկումներ արտահերթ գործընթացների շուրջ:

Զինվորականների երեկվա հայտարարությունը, Բաբաջանյանի գնահատմամբ, ռազմական հեղաշրջման փորձ էր. «Նույնիսկ եթե նրանք մտադրություն չեն ունեցել ուղղակի իշխանություն վերցնելու, հայտարարությունն ինքնին փորձ է Հայաստանում իշխանափոխության, հեղաշրջման: Այդ հայտարարությունը հակասահմանադրական է, հակաօրինական է և ոտնձգություն է Հայաստանի պետականության, ժողովրդավարության և ինքնիշխանության դեմ»:

Պատգամավորը նաև ընդգծեց, որ պետությունն ու բանակը չեն կարող գտնվել տարբեր բարիկադներում: Նրա խոսքով՝ ՀՀ նախագահն անելիք ունի, պետք է իրավիճակից դուրս գալու խաղաղ ելք գտնել:

Բաբաջանյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի հայտարարությունները և վերաբերմունքը ուղեկցող ազդեցություն կունենան երկրում ընթացող գործընթացների վրա:

Զինվորականությունը ոտնձգել է պետականության դեմ․ բանակն ու պետությունը չեն կարող գտնվել տարբեր բարիկադներում | 1in.am

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին