Երբ Հայկ Մարությանի հարցն այլ նպատակներով է շահարկվում, տեղի է ունենում Երևանի կառավարման կարգի խեղաթյուրում․ Վահագն Հովակիմյան

Yerevanlur-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
-Պարոն Հովակիմյան, Երևանի քաղաքապետի շուրջ տեղի ունեցող զարգացումների ֆոնին իշխանությունների հասցեին քննադատություններ են հնչում, թե փորձ է արվում երկրում միակուսակցական համակարգ ձևավորել։ Նաև քննադատություններ կան, որ երևանցու քվեն հաշվի չի առնվում։ Ինչպե՞ս կարձագանքեք այս զարգացումներին։
Ընդհակառակը, երևանցու քվեն դա քաղաքական է։ Եվ ընտրողը քվեարկել է քաղաքական ուժի օգտին, քաղաքական ուժի ծրագրի օգտին։ Եվ ընտրողը հաշվետվություն է պահանջում քաղաքական ուժից։ Այսինքն՝ եթե վաղը այդ ծրագիրը չիրագործվի կամ ծրագրի մի մասն իրագործվի, դրա համար պատասխանատվություն կրում է քաղաքական ուժը։ Այսինքն՝ տվյալ դեպքում ընտրողի քվեն տրված է քաղաքական ուժին։ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը ձևավորվել է «Քաղաքացիական պայմամանագիր» և «Առաքելություն» կուսակցությունների կողմից։ Այսինքն՝ տվյալ դեպքում մենք ընտրողի կողմից անմիջապես ընտրված քաղաքապետ չունենք, մենք ունենք քաղաքական ընտրությամբ ձևավորված ավագանի։ Եվ այդ դեպքում ավագանին օրենքով սահմանված կարգով իր լիազորություններն է իրականացնում։ Ընդհակառակը, խեղաթյուրում է տեղի ունենում, երբ մենք այս ամենը դնում ենք մի կողմ ու սկսում ենք այլ նպատակներով շահարկել հարցը։ Այդ ժամանակ տեղի է ունենում Երևանիկառավարման կարգի խեղաթյուրում։
–Երևանի ավագանին բաժանվել է երկու մասի, ավագանու անդամների մի մասը համամիտ չեն, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնվի։ Սա նորմա՞լ է։
-Նորմալ է դա, բնական գործընթաց է տեղի ունենում։
-Հայկ Մարությանը մեկ տարի առաջ էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամությունը դադարեցրել։ Ինչո՞ւ այն ժամանակ այս գործընթացները տեղի չունեցան։ Եվ հենց սրանով էլ ընդդիմախոսները հիմնավորում են, որ սա քաղաքական զարգացում է։
-Այսինքն՝ քաղաքականության մեջ քաղաքական տարր են տեսնո՞ւմ։ «Իմ քայլը» խմբակցությունն իր հայտարարությամբ այդ բոլոր հարցերի պատասխանները տվել է։ Այսինքն՝ այդ բոլոր հարցերի պատասխաններն այդ հայտարարության մեջ նշվում են։
-«Իմ քայլը» խմբակցությունը շեշտադրում է այն, որ Հայկ Մարությանը թերացել է աշխատանքում։
-Այո, այդ և բոլոր հարցերի պատասխանները խմբակցության հայտարարությունում կան։ Եվ վատ աշխատանքը դա ևս քաղաքական հարց է, որովհետև տվյալ դեպքում քաղաքական պատասխանատվությունը կրում է ավագանու «Իմ քայլը» դաշինքը։ Եվ «Իմ քայլը» խմբակցությունը, կրելով քաղաքական պատասխանատվություն, իր քաղաքական որոշումը կայացրել է։
-Գործընթացն ի՞նչ է ենթադրում, ավագանու կողմից ընտրվում է նոր քաղաքապետ, ով պետք է պաշտոնավարի մինչև հաջորդ ընտրություննե՞ր։
-Օրենքով սահմանված կարգով ավագանին որոշում է ընդունում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ։ Գործընթացն ամբողջությամբ կարգավորվում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։ Այնտեղ ասվում է, որ Երևանի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ, և անվստահություն հայտնելուն զուգահեռ առաջադրվում է նաև քաղաքապետի թեկնածու։
Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո՝ երրորդ աշխատանքային օրն օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:Քվեարկությունն անցկացվում է գաղտնի՝ քվեաթերթիկների միջոցով։ Անվստահություն հայտնելու դեպքում գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում՝ օրենքի 47-րդ հոդվածով սահմանված կարգով:
–Եվ դրանից հետո ավագանին ու քաղաքապետը գործում են մինչև հերթական ընտրություննե՞րը։
-Իհարկե, այո։ Երևանի քաղաքապետի պաշտոնը դա քաղաքական պաշտոն է։ Համամասնական ընտրակարգի ամբողջ իմաստն այն է, որ ամեն անգամ, երբ կլինի քաղաքական խնդիր, ավագանու մեծամասնությունը կարողանա խնդիրները լուծել, ոչ թե ամեն անգամ արտահերթ ընտրություն տեղի ունենա։